ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ
Մեկ անգամ գրել ենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Ջրից դեպի շուկա բաղադրիչին վերաբերող ծախսերի միևնույն հաշվետվությունում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի «ձեռքի տակ» հայտնվել է 16.6 միլիոն դոլար, իսկ Ֆինանսների նախարարության կայքէջում տեղադրված փաստաթղթում` 6.6 միլիոն: Սա մեր օրերի մեծագույն «առեղծվածներից» մեկն է, որը ոչ ոք չի ուզում բացատրել, չի ուզում հստակեցնել, թե արդյո՞ք շատ չէ միայն դասախոսությունների համար ծախսված 6,6 միլիոն ԱՄՆ դոլարը:
ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Հովսեփյանը հրաժարվում է որևէ հոդաբաշխ բացատրություն տալ` ասելով, թե ինքը չի ղեկավարել այդ գործընթացը, ոչնչից տեղյակ չէ… Սա իսկապես զավեշտ է, կամ էլ` նախկին տնօրենը չի կամենում տալ այն պաշտոնյաների անունները, ովքեր ղեկավարել են այդ դասախոսություններն ու հեռացել շատ մեծ «հոնորարներ» վաստակած:
«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն»-ը տեղեկացրել է.
- Վերապատրաստումների բաղադրիչի պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 18,7 միլիոն դոլար, որից «ԷյՍիԴիԱյ Վօկա» ամերիկյան ընկերության կողմից ղեկավարվող կոնսորցիումի մաս հանդիսացող «Վիստա Պլյուս» տեղական ընկերության տրամադրած ծառայությունների պայմանագրային արժեքը կազմել է 6,6 միլիոն դոլար: Ամեն մասնակցի մեկ օրվա դասընթացի արժեքը կազմել է մոտ 6,650 դրամ, որը ներառում էր հետևյալ ծախսերը. վերապատրաստողի վարձատրություն, դասընթացի կազմակերպում, տպագրական նյութեր, լսարանի նախապատրաստում, տեխնիկական ապահովում, սննդի և օրական 2 անգամ սուրճի ընդմիջման ապահովում, տրանսպորտային ծախսեր և այլն: Ընդհանուր առմամբ, վերապատրաստվել է 81.7 հազար ֆերմեր:
Լավ է, անշուշտ, որ մեր ֆերմերների համար նման թանկարժեք դասախոսություններ են կազմակերպել, սակայն վատն այն է, որ ոչ ոք չի ուզում հաշվետվութ յուն տալ, ասել, թե ինչպես են ծախսվել գումարները: Մնում է, որ Հանրապետության վարչապետը, ով այս ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եղել, ինքը փորձի ցրել «ամպերն» ու բացահայտել հերթական «ատկատի» ոչ լուսավոր պատմությունը…