ՆՈՐ ԿՐՔԵՐ
Ինչպես վաղուց տեղեկացրել էինք, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի` Ալվարդ Պետրոսյանի որդու մահից հետո, տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նրա կինը` Աննա Մնացականյանը, ով մասնագիտությամբ մաթեմատիկոս է: Վերջին օրերին քոլեջի սովորողներն ու դասատուները բողոքի ակցիաներ են կազմակերպում` պահանջելով քոլեջ բերել նկարչի կամ արվեստաբանի: Այսինքն, այնպիսի մեկին, ով մոտ է կանգնած արվեստին, քանի որ քոլեջի կառավարումը պահանջում է մասնագիտական գիտելիքների առկայություն:
Մինչ թերլեմեզյանցիները պահանջում են մասնագետ տնօրեն, հայտնի է դարձել, որ որոշ պատգամավորներ աշխատանքներ են տանում, որպեսզի այստեղ տնօրեն նշանակվի երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը` Մրոն: Դժվար է ասել, թե ինչ կապ ունի երգիչը նկարչության հետ, սակայն չի բացառվում, որ հենց նա էլ նշանակվի այս պաշտոնում, քանի որ նրան սատարողները բավական հզոր են:
Նկարիչների միության մի քանի պատասխանատուներ մեզ հետ ունեցած զրույցում նշեցին, որ իրենք էլ են իմացել այս հնարավոր նշանակման մասին, սակայն միությունը հասարակական կազմակերպություն է և միջամտելու իրավունք չունի: Ակցիաներ, իհարկե, կարող են անել, բայց միակ ճիշտ լուծումն այն կլինի, որպեսզի ոչ ոք չմիջամտի ընտրություններին, թույլ տան, որպեսզի ընտրվի նկարիչ կամ, առնվազն` արվեստաբան: