Բացակայում է տնտեսական այլընտրանքը 


 

- Այնտեղ, որտեղ հույս ունեմ, որ փոփոխություններ կարող են լինել և կուզենայի փոփոխություններ տեսնել, դա տնտեսական փոխգործակցությունն է: Աշխատատեղերի ստեղծումը Միացյալ Նահանգներում և Հայաստանում շատ կարևոր են երկու երկրների համար էլ: Փորձելու եմ անել ամեն ինչ` Միացյալ Նահանգներից ավելի շատ ներդրումներ, հայ-ամերիկյան առևտրի ավելի մեծ ծավալներ ապահովելու համար,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ավելացրել, որ հայ-ամերիկյան հարաբերությունում կարելի է սպասել տնտեսական նորությունների:

Հայաստանում վերափոխումների հիմնարար քաղաքականության համար փողն ունի մեծ, գուցե նույնիսկ հիմնարար նշանակություն` թե´ ներքին, թե´ արտաքին առումով:

Բանն այն է, որ Հայաստանում ներկայում հաստատված է ռուսա-օլիգարխիկ համակարգը: Այդ համակարգի հենքը կազմում է փողը, որի պաշտպանությունն իրականացնում են իշխանության սերտաճած օլիգարխները: Այդ փողի արտաքին հովանին հանդիսանում է Ռուսաստանը: Միևնույն ժամանակ այն նաև Հայաստանում առկա կապիտալի, տնտեսական հզորությունների մի զգալի մասի միայնակ սեփականատերն է:

Փող-իշխանություն կապի պարագայում, որը օլիգարխիկ սարդոստայնով հասնում է մինչև հասարակության ստորին շերտեր, համակարգի վերափոխումը դառնում է գործնակա նում անիրականանալի, երբ չկա այլընտրանքային համակարգ: Հայաստանում բացակայում է տնտեսական այլընտրանքը, ինչը ենթադրում է այլ որակի տնտեսական մշակույթ, այլ որակի և մտածողության կապիտալ: Այլ որակի և բնույթի տնտեսական համակարգ, որը կլինի օլիգարխիկ տնտեսական համակարգի հակապատկերը, ու նաև այն հանգրվանը, որտեղ կարող է պաշտպանություն և տեղ գտնել շարքային քաղաքացին: Բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում հարմարվել, ադապտացվել օլիգարխիկ համակարգին ու նրա կանոններին:

Այստեղ իհարկե արևմտյան, տվյալ պարագայում ամերիկյան ներդրումները կարող են ունենալ զգալի նշանակություն, թեև հանրային մտածողության փոփոխության տեսանկյունից արժեքավոր են ներդրումները նաև գյուղացիական տնտեսության բնագավառում:

Սա էլ էական խնդիր է, քանի որ առնչվում է գյուղի ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև մտածողության և կենսամշակույթի խնդրին: Ներկայում, հայաստանցի օլիգարխներին պատկանող ձեռնարկությունների հետ գյուղացիների փոխհարաբերությունը կառուցվում է «թագավորահպատակության» մշակույթով, կամ էլ պարզապես խաբեության ավանդույթով:

Բացի սոցիալ-տնտեսական խնդիրներից, այս հանգամանքը նաև լուրջ ազդեցություն է թողնում գյուղացիների` այսպես ասած քաղաքացիականացման տեսանկյունից` լրջագույն արգելակների տեսքով: 

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ