ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄ  ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ 


 

Ժամանակակից հայ արձակի շնորհալի դեմքերից մեկը` Հրաչյա Մաթևոսյանը, դարձավ 75 տարեկան: Գրողը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին, բայց գրական հանրությունը օրերս նշեց նրա հոբելյանը` համոզված, որ ուշացած չեն լինում գնահատության խոսքերը: Ու Գրողների տանը ընկերներն ու բարեկամները արժևորեցին նրա տեղն ու վաստակը մեր արձակում և հրապարակագրության մեջ:

Շատերն իրենց խոսքը սկսեցին սարերի մեջ կորած Ահնիձորից, Լոռվա բնաշխարհի մի պատառից, որտեղ Մաթևոսյանների գերդաստանն է շատ վաղուց իր արմատները ձգել: Ու տոհմիկ ահնիձորցի Իգնատ ամու հարկի տակ էլ երեք արու զավակ է ծնվել: Մեծը Հրանտն էր` Հրանտ Մաթևոսյանը, 20-րդ դարի մեր գրականության մեծերից մեկը: Երկրորդ զավակը Հրաչյան էր, ում մանկության տարիներին Հրաչո էին ասում: Ուստի երբ արդեն իմաստության բարձունքներին էր, ու ավագ եղբայր Հրանտն էլ հավերժի ճամփորդ էր դարձել, վերադարձավ մանկության անվանը` այսպես զուգադրելով-համադրելով մանկությունն ու հառաջացած տարիքը: Երրորդ եղբայրը Համոն է, միակը, ով մնացել է հայրենի գյուղում, գրականություն է դասավանդում, Հրանտ եղբոր հուշատունն է կառուցում, որ Ահնիձորն էլ դառնա յուրատեսակ արգելոց, որ Դսեղն ու Ահնիձորը հեռվե-հեռու իրար ողջույն տան ու հյուրամեծարությամբ ընդունեն բոլոր նրանց, ովքեր գալու են սեղանակիցը դառնալու մեր մեծերի:

Հրաչյա Մաթևոսյանը հայրենի գյուղի դպրոցն ավարտելուց հետո Երևան գնաց ու սովորեց նույն արհեստագործական ուսումնարանում, որտեղ սովորել էր Հրանտ եղբայրը: Հրանտը գրքերի հետ էր, թերթերի հետ էր, ինքն էլ այդ աշխարհը ոտք դրեց ու տպագրիչ դարձավ: Չորս տարի աշխատեց տպարանում. լինոտիպիստ էր: Բայց զգում էր, որ իր տեղը գրականությունն ու լրագրությունն են, որ իր մեջ աղմկում-խլրտում է ձգտումը դեպի լրագրությունը: 1962-ին ընդունվեց Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ: Ուսումնական պարապմունքներից հետո շտապում էր Կույրերի միավորման հրատարակչություն, որտեղ գրական աշխատող էր:

Հետո նրան հրավիրեցին «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագրություն` որպես բաժնի վարիչ: Հրաչյա Մաթևոսյանը սկսեց կայանալ որպես լրագրող-երգիծաբան, ով գրում էր հյութեղ լեզվով, վառ պատկերավորությամբ, զարմանալի անկեղծությամբ ու համարձակությամբ: Կարճ ժամանակ անց աշխատանքի անցավ Հայաստանի ամենամարտունակ ու սիրված «Ավանգարդ» երիտասարդական թերթում, որի սովորող երիտասարդության բաժնի վարիչը եղավ ութ տարի շարունակ: Սրանք Հրաչյա Մաթևոսյանի կյանքի լավագույն տարիներն էին, ամենահագեցած տարիները, երբ հնարավորություն ուներ շփվելու երիտասարդության հետ, ծանոթանալու նրանց մտածողությանը, տեսնելու զարթոնք ապրող այն սերնդին, որը եկել էր շարունակելու 60-ականների հզոր հաստատումներն ու կուտակումները: Հենց այս տարիներին նա կայացավ որպես ժամանակի ամենաճանաչված լրագրողներից մեկը, ով իրատես համարձակությամբ գրում էր երիտասարդներին հուզող խնդիրների մասին, շարունակում այն բարի ավանդույթները, որոնք ազգային լրագրության մեջ արմատավորել և հաստատել էին լրագրության մեծերը:

- Հրաչյա Մաթևոսյանի ներկայությունը մեր կյանքում, մեր գրականության մեջ մխրճված է մեր մշակույթի պատմության, ազգային ավանդույթի խորքերում, ու թվում է, թե նա առնվազն գալիս է Րաֆֆու ժամանակներից, Արծրունու «Մշակից»... Ե´վ հընթացս այն զգացողությունը, որ Հրաչյա Մաթևոսյանը 21-րդ դարի մեր արդիական ու ամենաբոցաշունչ մտավորականներից է, ով իր սրտի ու գրի միջով է անցկացնում հայ հասարակական-մշակութային իրականության մակընթացություններն ու տեղատվությունները: Նա պարզապես չի կարող անտարբեր ապրել, երբ շուրջն օր-օրի ազգային սրբությունները գահընկեց են լինում, բարոյական արժեքները` գլխիվայր շրջվում, երբ անհետանում է հայի ու հայրենասերի զտարյուն տեսակը, որի վերջին մոհիկանների բնակավայրը դառնում է սոսկ իր և իր համախոհ գրչակիցների գրականությունը: Նրա մարդկային ու ստեղծագործական ձույլ, անտրոհելի նկարագիրը խարսխվում է երկու կարևոր առանցքի վրա. մեր կյանքում տեղ գտած հոռի և ապազգային երևույթներին կտրական ոչ ասելու արիությունը և մեր նորանկախ երկրի կայացման քայլերին այո ասելու լավատեսությունը,- Հրաչյա Մաթևոսյանի մասին ասում է ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը:

«Ավանգարդից» հետո նա աշխատեց «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում` որպես պատասխանատու քարտուղար: Հոգում ահեղ փոթորիկներ էին, նա չէր կարող անտարբեր անցնել Սփյուռքի խնդիրների կողքով, չէր կարող հայրենիքի ճշմարիտ ձայնի կրողներից մեկը չլինել: Բազմաթիվ ակնարկներ գրեց, Սփյուռքի ընթերցողին պատմեց մեր Հայրենիքի մասին, Հայաստանի մասին, կանաչ գանգուրներով պատված իր Լոռվա մասին` անկեղծությունն ու անմիջականությունը, պարզությունն ու շիտակությունն իր համար ուղեկիցներ ունենալով: Մոտ քսան տարի աշխատելով այս թերթում` ամեն օր ապրեց հայաստանյան ուրախություններով ու տխրություններով, նպաստեց, որ երբեք չկտրվեն Հայաստան-Սփյուռք կապերը, Սփյուռքն իրեն մենակ ու միայնակ չզգա: Հենց այս տարիներին էլ գրեց իր առաջին գեղարվեստական ստեղծագործությունները: Եղբոր ոճն ու գեղարվեստական տեսունակությունը հարազատ էին իրեն, սակայն չուզեց կրկնել Հրանտ Մաթևոսյանին, այլ փնտրեց ու գտավ սեփական ընթացքը, սեփական արտահայտչականությունը: Իրարեհաջորդաբար լույս տեսան «Մաճկալներ», «Բարի մարդկանց հովիտը», «Աստղերի հետ թռչում էր իմ ձին», «Ալևորներ» վիպակների ու պատմվածքների ժողովածուները, որոնց հերոսներն իր աշխարհի մարդիկ էին` մի քիչ խեղճ ու միամիտ, մի քիչ շիտակ ու հավատավոր, մի քիչ պարզ ու անարծաթ: Նրանք բանահյուսական ինչ-որ հղացումներ ունեին իրենց մեջ, անսահման ազնվություն: Գրական իր պատումները ստեղծելիս Հրաչյա Մաթևոսյանը դիմում էր արձակի ավանդական ձևերին, ֆաբուլայի նորույթ չէր բերում, սակայն հաստատում էր իր նոր ու ինքնատիպ հերոսների ժամանակը:

Մոտ քսան գիրք է հրատարակել Հրաչյա Մաթևոսյանը: Մեծ թիվ են կազմում հրապարակագրական և ակնարկային ստեղծագործությունները: Համարձակ ու խիզախ էր այս հրապարակագրական հոդվածներում Հրաչյա Մաթևոսյանը, երբեմն անողոք ու դաժան: Նա իր երկրի ու Հայրենիքի քաղաքացին է, զավակը, այդ պատճառով էլ սիրտը ցավում է, հոգին տագնապում է... Ու տագնապների և ուրախությունների միջով անցնելով` հասել է իր 75-ամյակին: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ