ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` ԸՍՏ ԱՀԱՐՈՆԻ 


 

Բազմաթիվ առիթներով նշել ենք, որ Հայաստանում քաղաքագիտությունը կամ էլ քաղաքական վերլուծությունները շատ հաճախ չեն անցնում սովորական ենթադրությունների սահմաններից: Ու ստացվում է, որ ցանկացած սուբյեկտիվ կարծիք կարող է դառնալ «քաղաքագիտական արժեք»: Քաղաքագիտության նման գետնաքարշության ու ոչ արհեստավարժության կողքին էլ ճիշտ նույն վիճակին է սոցիոլոգիան, որը մեզանում կենդանություն է առնում միայն ընտրությունների ժամանակ` հանրային կարծիքի երբեմն ոչ օբյեկտիվ մատուցումը ներկայացնելով որպես սոցիոլոգիական պատկեր:

Երևանի պետական համալսարանում ունենք սոցիոլոգիայի ամբիոն, որը ղեկավարում է անվանի գիտնական Լյուդմիլա Հարությունյանը, սակայն այս ամբիոնը հեռացել է ասես մեր իրականությունից` առիթ տալով դիլետանտիզմին ու «պատվիրակված» հետազոտություններին: Եվ այս ոլորտում վաղուց արդեն իր մենաշնորհն է հաստատել Ահարոն Ադիբեկյանը` «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավարը: Չբավարարվելով ինքնահնար սոցիոլոգիայով, նա հիմա էլ անցել է քաղաքագիտական վերլուծություններին` այսպես փորձելով ինչ-որ մեսիջներ ուղարկել հանրությանն ու բոլոր նրանց, ովքեր առաջիկա նախագահական ընտրություններում կարող են առանցքային «ֆիգուրներ» դառնալ: Թե որտե՞ղ և ո՞ւմ շրջանում է սոցիոլոգը հետազոտություններ կատարել` չգիտենք, բայց ահա նա օրերս հայտարարեց, թե նախագահական թեկնածուների շարքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը առաջատարներն են, իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին իրար հավասար տեղերում են: Նրանց հաջորդում են Դաշնակցության թեկնածուներ` Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը:

Թե ինչ տոկոսային հարաբերություններ կան, քանի հարցվող է եղել, որ թեկնածուն քանի՞ ձայն է ստացել` Ահարոն Ադիբեկյանը չի հրապարակում: Պարզ է, որ սրանք ոչ թե որոշակի սկզբունքների վրա կառուցված հարցումների, այլ հենց սոցիոլոգի երևակայության թռիչքներն են: Իհարկե, գործող նախագահ Սերժ Սարգսյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր համարվում են ամենամեծ հեղինակություն ունեցող գործիչները, և հենց նրանց անուններն են հիմնականում շրջանառվում` նախընտրական ինտրիգը ծավալելով երկուսի միջև: Ուրեմն, Ահարոնը ոչ մի հայտնագործություն էլ չի անում, նրան որևէ հարցում պետք էլ չի: Եթե իսկապես որևէ հարցում իրականացրած լիներ սոցիոլոգը, ապա «թեկնածուների» ցուցակում պիտի լիներ նաև Վարդան Օսկանյանը, քանի որ նախընտրական ինտրիգների մեջ հիշատակվում է նաև նախկին արտգործ նախարարը: Պարզ է, որ Ահարոնը հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը:

Վահան Հովհաննիսյանի անունը որևէ քննարկման ընթացքում չի շոշափվել, որևէ «ձևաչափով» չի հիշատակվել. ուրեմն` որտեղի՞ց է «գտել» Հովհաննիսյանին սոցիոլոգը և «տեղավորել» թեկնածուների շարքում: Ավելին, ՀՅԴ-ն մինչև այս պահը որևէ քննարկում չի հրապարակել ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու մասին: Ուստի միայն ու միայն Ահարոնի երևակայությամբ է այս ցուցակում տեղ գտել Արմեն Ռոստոմյանը, ով, ինչպես գիտենք, նախագահական ամբիցիաներ չունի:

Ահարոն Ադիբեկյանը հայաստանյան առաջիկա ընտրությունների «սցենարում» տեսնում է ԱՄՆ ընտրությունների հետքը և անդրադարձ կատարում ամերիկյան ընտրությանը: Այստեղ արդեն սոցիոլոգիան և քաղաքագիտությունը վերածվում են ամենասովորական զավեշտի:

Ահարոնն ասում է, թե ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման Կոլումբիայի Դաշնային շրջանում 92% ձայն է հավաքել:

- Այն հետևանք է նրա, որ Վաշինգտոնը Կոլումբիայի կենտրոնն է, Վաշինգտոնի բնակիչների երկու երրորդը սևամորթներ են, ուստի սևամորթները քվեարկել են Բարաք Օբամայի օգտին: Հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում կապ չի ունեցել գաղափարի և վարչական ռեսուրսի հետ, սևամորթների մեծ մասը պարզապես իր ձայնը տվել է Օբամային: Օբաման հիմնականում ստացել է կանանց և երիտասարդների ձայները, որոնք գաղափարապես այնքան էլ հասուն չեն, իսկ պահպանողականները` մեծահասակները, ձայնը տվել են Ռոմնիին: Երբ համեմատում ենք, բավականին դիպուկ է Հայաստանի հետ: Հայաստանում Օբամայի տեղը զբաղեցնում է Գագիկ Ծառուկյանը, ով խոսում է հասարակ ժողովրդի կարիքներից: Երբևէ լսե՞լ եք, որ Գագիկ Ծառուկյանն արտաքին քաղաքականությունից խոսի: Այսօրվա հայաստանյան քաղաքական դատում ԲՀԿ-ն շարունակում է զբաղեցնել ջոկերի տեղը և իր շուրջ ինտրիգ պահպանել` ԲՀԿ-ն կարող է և վերադառնալ իշխանական կոալիցիա, և սեփական թեկնածու առաջադրել, ու սատարել այլ կուսակցության թեկնածուի:

Ահարոնին, հավանաբար, թվում է, թե մենք ապրում ենք պարփակված աշխարհում, տեղյակ չենք ամերիկյան ընտրություններից: Կարծես իր նման` մյուսներն էլ չգիտեն, որ ընթացել է սուր գաղափարական պայքար դեմոկրատների և հանրապետականների միջև: Իսկ միայն Կոլումբիայի նահանգի սևամորթների ձայներով հսկա ԱՄՆ-ում նախագահ դառնալը կարող է զավեշտի ժանրին վերագրվել…