ԽՈՍՏՈՒՄՆԱՇԱՏԸ 


 

Ասատուրը շա˜տ էր խոստումնաշատ: Շա˜տ նեղյալների է օգնել. բայց` միայն խոսք ու խոստումով: Նեղն ընկած մարդիկ, երբ դիմում էին նրա օգնությանը, մերժում չկար, միշտ խոստանում էր օգնել: Իսկ օգնությունը ձգվում-ձգձգվում էր, ու երբ որոշ բաներ պատահականորեն ժամանակի ընթացքում քիչ ու միչ հարթվում էր հօգուտ խնդրողի, սա կարծում էր, թե դա Ասատուրի շնորհքն է, նրա շնորհիվ է գործը գլուխ եկել: Խոստումնաշատն էլ գլխով էր անում, միանում նրանց կարծիքներին:

Մեր հերոսը մի փոքրիկ պետի պաշտոն ուներ` սոցապ նախարարությունում գանձապահ էր: Ժողովուրդը ասում էր` փող հաշվող Ասատուր: Դե, որ մարդը էդ գործին էր, կարծում էին` էդ հաշված փողերից մի քիչ էլ իրենց բաժին կհասնի:

Հորիզոնի մոտիկն էր: Ավելի ճիշտ Ասատուրն էր մտերմացել նրա հետ, որ երգիծաբան ընկեր ունենար: Եվ քանի որ նա Հորիզոնի ընկերն էր, ես էլ եմ Հորիզոնի ընկերը. ստացվում էր, որ իմ ընկերոջ ընկերը նաև իմ ընկերն էր:

***

Վերջերս ես ու Հորիզոնը Ասոյին հիշեցինք, ու Հորիզոնը պատմեց.

- Տարիներ առաջ Ասատուրին հետս տարել էի Նորագավիթ: Հյուրընկալ սեղանի շուրջ հայրս ասաց, որ ուզում է գոմին մի նոր կցակառույց ավելացնել. անասունների գլխաքանակը շատացել է: Դեռ խոսքը չավարտած Ասատուրն իր տարերքի մեջ մտավ. «Վայ, Հովհաննես ձաձա, ասա, քանի գերան է պետք, գերաններն իմ կողմից, դու մենակ դրա վերնագիրն ասաց»: Հայրս, թե` Ասատուր ջան, չորս: «Չորսն ի՞նչ ա, ես խոստանում եմ բիբլիական թիվ` 7 գերան, թող գոմիդ կտուրը պինդ լինի, որ գել ու գազանը, անձրևն ու կարկուտը չկարենան քանդել»:

Հայրս Ասատուրի կենացը սիրով երկրորդ անգամ բարձրացրեց, ինձ էլ շնորհավորեց, որ մարդկանց հասնող ըսենց ընկեր ունեմ:

Չնայած Ասոյի 7 բիբլիական գերաններից անգամ մեկը չհայտնվեց մեր գոմի կտուրին, բայց նրա խոստումից հետո հայրս արագացրել էր գոմի կառուցումը: Հոգնել էր սպասելուց` կցակառույցը 4 գերանով էր ավարտել:

Երկար ժամանակ գյուղ չէի գնում, ամաչում էի հորիցս, իսկ հայրս մի քիչ դժվարությամբ, բայց մոռացության էր տվել Ասատուրի խոստացածը…

***

- Հորիզոն, մի անգամ էլ ես ու Ասոն կանգնած էինք տպարանի առջև: Հենց երևաց միլիցիոներ Լևոն Մելքումյանը, նա խիստ անհանգստացավ. «Վայ, վայ, վայ, Գուգո, արի էս կողմը` ես փախչեմ, Լևոնն ինձ չտեսնի»: «Ասատուր, էդ ո՞վ է, որ քեզ կորցրիր»: «Ես նրան պաշտոնի բարձրացում եմ խոստացել: Հիմա պիտի գլուխ տանի, անվախ միլիցիոներ է, չէ՞, կասի` ստախոս Ասատուր, խոստացածդ դե շուտ տո´ւր»:

Նրա պահվածքն ինձ մտածել տվեց. թե էդ ո՞ր օրենքով է Ասատուրն օրենքի մարդուն մեկ տարի խոստումներով կշտացրել: Եթե ինքը բարի մարդ է, բարի գործ է ձեռնարկել, հիմա ինչո՞ւ է փախչում…:

- Է˜, Գուրգեն, բարի ես ասում, գիտե՞ս Ասատուրն ինձ ինչ բարիք խոստացավ` երեք լիտր մեղր: Մի քանի անգամ, որ խոստացածը չբերեց, կտրականապես ասացի` պետք չէ… Զարմանքից աչքերը չռվեցին. «Վայ, Հորիզոն, ո՞նց թե` պետք չէ, մա՞րդ էլ մեղրից հրաժարվի: Իմ բերած մեղրն անարատ է. մեր գյուղի մեղուների ծաղիկներից հավաքած մեղրն է, քաղցրությունը քառակուսի անգամ է բարձրացված»: Ասացի. «Ասատուր, այդքան խոստացել ես` բեր, կվճարեմ»: «Էդ ի՞նչ ես ասում, Հորիզոն, ինչի մենք մի՞ օրվա ընկերներ ենք: Որ ձեռիցս լավությունը գալիս ա` ինչի՞ չանեմ: Էնա պիտի բերեի, կնիկս մոռացել էր հետս դնել: Էկա քաղաք` տեսա քո երեք լիտր մեղրը չկա: Գիտես էլի, կանանց ինչ ասում ես, դրա հակառակն են անում…»: Ու մինչև հիմա այդ քաղցր մեղրի մասին հիշելիս բերանս դառնանում է…

Կարելի է Ասատուրի մասին շատ բան հիշել. իբր պիտի գիրք նվիրեր, մեզ` երկուսիս տաներ իր ամառանոցը… Հետո` ռեստորան, սաունա, Աշտարակի ձոր, Զանգվի ձոր: Էլ ձոր չմնաց`, որ մեզ չտաներ-պտտցներ, հոգնեցներ այդ խոսքերով…

Մի անգամ էլ մեզ մի լավ տեղ պիտի տաներ: Պայմանավորվեց իր մեքենայով տանել Աղավնատուն:

Հիշում ենք, թե ինչպես էինք ուրախ, ոգևորված` ժամադրավայրում սպասում Ասատուրին: Կիրակի օրով, առավոտ ժամը 8-ին… Կես ժամ սպասելուց հետո նա մեքենան արգելակեց մեր կողքին ու հայտարարեց.

- Տղերք ջան, այսօր ինձ արգելեցին աշխատանքից բացակայել, արգելակներս էլ լավ չեն աշխատում, ես խոստացածս նույնությամբ տեղափոխում եմ ուրիշ կիրակի: Չնեղանաք, գիտեք, էլի, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:

…Ու գնաց խոստումնաշատը` երևի ուրիշ տեղ խոստումներ տալու: Մենք խոսքեր չգտանք իրար ասելու. միայն իրար նայեցինք ու մի կուշտ ծիծաղեցինք:

Տեսնո՞ւմ եք` այս մարդը մաթեմատիկորեն ինչքան ճիշտ էր մտածում, սակայն ինչքան սխալ էր գործում: Ասենք` ինչո՞ւ ենք զարմանում, բա որ մեր պետական այրերն են մի ամբողջ ժողովուրդ խաբում:

Իշխանությունները խոստացել են` աշխատատեղեր բացել, ուսման վարձը մատչելի դարձնել, հիվանդանոցային գներն իջեցնել, թոշակները, նպաստները բարձրացնել, համայնք ների վիճակը կարգի բերել, Աղետի գոտին աղետից փրկել, արտագաղթը կանխել, ժողովրդից գողացած ավանդները հետ վերադարձնել…

Անկախության տարիներից ի վեր ինչքա˜ն խոստումներ են տվել ու չեն կատարել: Ոչ միայն չեն կատարել, այլև դրանց կրնկակոխ հետևել են նաև թանկացումները: Հերթի է դրված գազի, ջրի, հարկերի, նոր վարձերի, հացի հերթական թանկացումները…

Այ մարդ, որ ճիշտ մոտենաս հարցին, էս Ասատուրը պետությունից էր սովորել խոստանալ: Նրա խոստումներից ծիծաղդ էր գալիս, իսկ իշխանության խոստումներից ժողովրդի լացն է գալիս…

Հրանտ ՀՈՐԻԶՈՆ,  Գուրգեն ԼՈՌԵՑԻ