ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԲՈՒՄԵՐԱՆԳ ՀՆՉԻ°Ր, ԵՐԳԵՀՈՆ...


Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը վաղուց այդքան մարդաշատ չէր եղել: Պատճառը միայն մուտքի անվճար լինելը չէր, չնայած շուտով պարզ դարձավ, որ ոմանք պարապ հետաքրքրասիրությունից էին հայտնվել «Նարեկացի» բարոկո նվագախմբի (գեղ. ղեկավար` Արամ Թալալյան), «Հովեր» երգչախմբի (գեղ. ղեկավար` Սոնա Հովհաննիսյան) և երգչուհի Աննա Մայիլյանի մասնակցությամբ կազմակերպված երգեհոնային երաժշտության համերգին: Արվեստասեր ներկաներին այս հարկի տակ հավաքողը ուրախալի լուրն էր` վերանորոգվել էր իր տեսակի մեջ եզակի, Բախի ու Հենդելի ժամանակների կառուցվածքի բարոկո ոճի միակ երգեհոնը Հայաստանում (և` ողջ ԱՊՀ-ում) և դրանում որոշակի լումա ներդրած բրիտանացի երգեհոնահար Քրիստոֆեր Սթեմբրիջը իր կատարողական հմտություններով վերստին հմայելու է երաժշտասերներին լայն հնչյունածավալ ունեցող փողային օդահունչ ստեղնավոր այս գործիքի արտահայտչական հարուստ հնարավորությունների կոնկրետ դրսևորումներով: Հնչում են Հենդելի ու Բախի հատուկ ընտրված ստեղծագործություններից: Սթեմբրիջի ոգևորությունը ունկնդիրներին է փոխանցվում ամեն կատարումից հետո մեր երգեհոնի «ապաքինման» նրա աճող համոզմունքի հուսադրող տպավորություններով: Թարգմանաբար հանդիսասրահի և մենակատարի փոխըմբռնումը խորացնող Արամ Թալալյանը ինքն էլ է վարակվում մեր երգեհոնի ճակատագրով ու ներկա բարվոք վիճակով անկեղծորեն մտահոգված օտարազգի երաժիշտի տրամադրությամբ: Չէ՞ որ չարաբաստիկ 90-ականների ակամա զոհը դարձած այս բացառիկ նվագարանը կրկին հնչեցնելու հնարավորությունը ի հայտ էր եկել իր անցկացրած Բարոկո երաժշտության երևանյան փառատոնին Սթեմբրիջի մասնակցության բերումով: Եվ այդ երեկո ի վերջո միանգամայն ակնհայտ էր` շնորհիվ Դրեզդենի լավագույն երգեհոն կառուցող ու վերականգնող վարպետի` Քրիստիան Վեգշայդերի անշահախնդիր ոսկերչական աշխատանքի: Գերմանացի վարպետը 10 օր ու գիշեր, երգեհոնամեծար սիրով, ժամագործի ճշգրտությամբ, հատիկ-հատիկ «խնամել» էր տարբեր տրամաչափերի 3000 փողերը, կյանք պարգևել անհուսալի հիվանդ համարված գործիքին` վերադարձնելով հայ արվեստագետներին ու երաժշտասերներին նրանից հոգևոր լիցքեր ստանալու ռեալ հույսը: Հիմա արդեն կարելի կլինի ամեն կիրակի վայելել երգեհոնային անդորրաշունչ երաժշտություն Վահագն Ստամբոլցյանի ղեկավարությամբ` լիահույս հավատալով, որ երբևէ, գոնե մասամբ, կվերագտնենք մութ ու ցուրտ 90-ականների մեր կորուստները: Հնչիր, երգեհոն, քո կրկին լսվող ախորժալուր ձայնը մեզ վերընձյուղման լիցքեր է տալիս:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ