ՀՈՒՍՈՎ ԵՆՔ, ՈՐ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԵՔ ԱՆԻ 

Բաց նամակ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Հարգելի Սամվել Կարապետյան.

Թերևս այն եզակի գործարարներից եք, ով հեռու է քաղաքական խաղերից, պաշտոններ չի որոնում, հայաստանաբնակներիս հաշվին չի հարստացել, բայց միշտ էլ պատրաստակամ է` օգնել հայրենակիցներին, օգտակար լինել հայրենիքին: Երբ Ձեր հիմնադրած և Ձեր իսկ նախագահությամբ գործող «Տաշիր» ընկերությունների խումբը ստանձնեց ամենքիս համար չարիք դարձած «Հայկական էլցանցերի» կառավարումը, «շունչները պահած» հերթական թանկացման բոթին սպասող սպառողները թեթևացած արտաշնչեցին: «Շարքայիններն», իհարկե, այլ ոչ թե վճարունակ այն խոշորները, որոնց վճարումներն իրենց սպառածի դիմաց միշտ էլ կասկածելի են եղել: Ուրախալի է նախ այն, որ մեր տնտեսության, ազգաբնակչության համար ռազմավարական նշանակության կառույցներից մեկը ձերբազատվեց օտարի քմահաճույքներից: Եվ, իհարկե, հավատ է ներշնչում Ձեր խոստումը.

- Հետագա զարգացման ծրագրերի մեջ մտնում է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը` նպատակ ունենալով օպտիմալացնել ընկերության ֆինանսական գործունեությունը և ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև բաշխիչ ցանցերի փուլային արդիականացումը: ՀՀ բնակչությանը աջակցելու նպատակով որոշվել է բնակչության և փոքր բիզնեսի համար հաջորդ տարվա ընթացքում սեփական խնայողությունների հաշվին ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը:

Հաճախ են քննադատում մտավորականների պասիվությունը: Այս բաց նամակը համարեք հայ մտավորականության մի ստվար խմբի հորդոր և առաջարկ` իսկապես հիմնիվեր վերացնելու ՀԷՑ-ում արմատավորված այն արատները, որոնք մեկ բառով կարելի է աճպարություն կամ խաբեություն անվանել: Հավատացե´ք. բնակչությունը չի զլանում վճարել իր սպառած էլեկտրաէներգիայի (և ոչ միայն) դիմաց, սակայն ընդվզում է, երբ ստիպում են վճարել ուրիշների սպառածի համար: Մեր հաշվիչները տնօրինում են կասկածելի մարդիկ, ովքեր ոչ թե դրանց ցուցմունքն են արձանագրում, այլ իրենց քմահաճույքով թվեր են նկարում: Սա հայտնի փաստ է` բազմիցս ու գրեթե բոլորի կողմից բարձրաձայնված: Ինչո՞ւ պետք է մեր հաշվիչները մեր բնակարաններում չլինեն: Ասում են` այդ դեպքում բնակիչն է «լույս գողանում»: Չենք հերքի, բայց այս դեպքում էլ տեսուչներն են «գողանում»: Ինչո՞ւ օրինակ յուրաքանչյուրի հաշվիչն իր բնակարանի կողքին չտեղադրել, և տեսուչն իրավունք չունենա դրան մոտենալ` առանց բնակչի ներկայության: Կարծում ենք` այդ դեպքում հավելագրումները կբացառվեն: Դրանք կնվազեն նույնիսկ այն պարագայում, եթե տեսուչները դրամի վերածած իրենց հավելագրումները «շեֆերին» «չմուծվեն» և գիտենան, որ խստորեն պատժվելու են բողոքների դեպքում: Սաստել է պետք նրանց և անմիջական ղեկավարներին:

ՀՀ կառավարության հետ համատեղության սկզբունքով էլէներգիայի բարձրացված սակագնի տարբերությունը սեփական խնայողությունների հաշվին վճարելու Ձեր պատրաստակամությունը լավագույն վկայությունն է Հայաստանին պատուհասած սոցիալական ճգնաժամն է´լ ավելի չխորացնելու Ձեր բարի կամքի: Քայլ, ինչը հուշում է, որ չեք նմանվի Ձեր տխրահռչակ նախորդին` շռայլ ծախսերը սպառողի գրպանից կորզելով: Եվ, ինչպես մեր հարևան երկրներում, հոսանքի գինը գոնե նոր թռիչքներ չի արձանագրի այսուհետ:

Արդ, ականջալուր եղեք նաև մեր հորդորին: ՀԷՑ-ի` հիրավի հակաժողովրդական բիբինյան գործելաոճը արմատախիլ անելով, կվերականգնեք մարդկանց հավատն արդարության նկատմամբ, և, իհարկե, է´լ ավելի կմեծանա ակնածանքը` Ձեր անձի հանդեպ:

Ձեզ տոկունություն ենք մաղթում:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Կարող եք համոզված լինել, որ այս նամակի ներքո տասնյակ հավատավոր ստորագրություններ կարելի է դնել: Դրա անհրաժեշտությունը, սակայն, կարծում ենք չկա, որովհետև բարձրացված խնդիրը հանրահայտ է` Ձեզ ու բոլորին քաջածանոթ: Իսկ ակնբախ փաստերը ստորագրություններով հաստատելն անհարկի ժամավաճառություն է: