«Փրկության» 5 հանգրվան 


Ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ կերպ է տեղի ունենալու աշխարհի վերջը: Դարեր շարունակ հավատացել են դրան, ժամկետներ նշել: Սովորաբար դա ընկալվում է ուղղակի իմաստով, բայց մարդիկ փրկության փրփուրներ են փնտրում` չգիտակցելով, որ այդ փրկությունը միայն Աստծո միջոցով է: Ինչևէ: v-shke-coΗ-ը նշել է 5 հասցեներ, որտեղ մարդիկ կարող են փրկվել գլոբալ համակործանումից: Թերահավատորեն ժպտալուց հետո (եթե մոլորակն է կործանվում, էլ ի˜նչ թաքստոց) ներկայացնենք այդ վայրերը:

ՄԵՏՐՈ-2. ՌԴ. Ավելի շատ այն հայտնի է «ստալինյան մետրո» անվամբ` D6 կոդով: Ստորգետնյա ուղիները սերտորեն հարում են մոսկովյան մետրոպոլիտենին, սակայն շատ քչերը գիտեն դրա մուտքերը: Այն 210 մետր խորություն ունի. ասել է թե` լուրջ պաշտպանվածություն արտաքին աշխարհից:

ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐՎԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆ. ՆՈՐՎԵԳԻԱ. Աշխարհի կործանման դեպքում փրկարար այս թունելը գտնվում է Շպիցբերգեր կղզում: Այստեղ հավաքվել ու պահպանվում են բազմապիսի գյուղմշակությունների սերմեր: Կառուցվել են նաև հատուկ խցեր և բազմատոննանոց պաշտպանիչ դռներ: Ապաստարանը կդիմանա ցանկացած ուժգնության երկրաշարժերի:

ԶՈՆԱ-51. ԱՄՆ. Ամերիկյան այս ռազմաբազայի մասին հաճախ խոսում են, թե այն «եկվորների հետ համագործակցության» օբյեկտ է, և այնտեղ օգտագործվում են հզորագույն գերժամանակակից օդանավարաններ` ամենայն ապահովվածությամբ, որոնք նաև կարող են դիմակայել ցանկացած համաղետի:

ՄՈՐՄՈՆՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՏՈՒՆ. ԱՄՆ. Ինչպես անվանումն է հուշում` այն պատկանում է նշյալ կրոնական կազմակերպությանը և գտնվում է 180 մետր խորության վրա: Այնտեղ կան ապաստարան, վարչական շինություն և լաբորատորիաներ: Դռները կշռում են 14 տոննա: Սրա գոյությունն էլ բնական է. չէ՞ որ այդ եկեղեցին կրում է «Վերջին օրերի» անվանումը:

ՍԱԵՆԹՈԼՈԳՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆ. ԱՄՆ. Եվս մեկ «եկեղեցական պահեստազոր», որը կարող է դիմակայել միաժամանակ թե´ միջուկային և թե´ ջրածնային ռումբերի պայթյունին: Հսկայական ապաստանոցը կառուցվել է 1980 թ.: Այստեղ կան ոսկյա սկավառակներ, որոնց վրա փորագրված է եկեղեցու հիմնադիր Ռոն Հաբարդի ուսմունքը: