ԱԲՈՎՅԱՆԸ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՔԱՂԱՔ 


Կոտայքի մարզում թատերական կյանքի աշխուժացումը կապվեց հատկապես Աբովյանի թատրոնի հետ, որն անցյալ տարի ի վերջո քաղաքայինի կարգավիճակ ստացավ: Ամենակարևորը, որ վաստակաշատ պրոֆեսիոնալներին հաջողվել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի ԵԹԿՊԻ-ի արվեստանոցում մասնագիտացող շնորհալի երիտասարդներ, շրջանավարտներ «որդեգրել», որոնց հետ կարելի է հավատընծա հույսեր կապել: Եվ քաղաքապետ Վահագն Գևորգյանի առաջարկով ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանն աջակցեց Աբովյանում թատերական փառատոնի բարձրարվեստ կայացմանը: Նախորդ տարիներին Աբովյանի թատրոնի շենքային անմխիթար պայմաններից տրտմած մայրաքաղաքային թատերագործիչները առաջին իսկ այցելությամբ նկատեցին և դրվատեցին սուղ ժամանակահատվածում «փառատոնային շտաբ-կայանի»` Մշակույթի տան բարեկարգումը:

- Ուրախ եմ, որ մեր քաղաքի պատմության մեջ նախադեպը չունեցած այս խոշորագույն թատերատոնին մասնակցելու են եկել իմ, 2 աղջիկներիս, աբովյանցի հազարավոր երեխաների ուսուցիչները, որոնց մասնագիտական տոնին է նվիրվում փառատոնի առաջին երեկոն: Համոզված եմ, որ սունդուկյանցիների «Որբերի ընտանիքը» ներկայացումը գեղագիտական հաճույք կպարգևի թե նրանց, թե մեր մյուս համաքաղաքացիներին: Կրկին տեղեկացնում եմ, որ մինչև հոկտեմբերի 12-ը ծրագրված ամենօրյա ներկայացումներն աբովյանցիները դիտելու են անվճար,- իր խոսքում նշեց Վ. ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Չնայած տանտիրոջը բնորոշ «ցայտնոտնին», նա չմերժեց զրույցի մեր հրավերը:

- Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր անցած ճանապարհը` մինչ Աբովյանի քաղաքապետ ընտրվելը:

- Ասեմ, որ աշխատանքային պատկառելի փորձառություն ունեմ: Մասնագիտությամբ իրավաբան եմ: Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո սովորել եմ նաև Բուդապեշտի Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիայում: Աշխատել եմ Միացյալ Նահանգներում` Կոնգրեսում, Պետդեպար տամենտում: Ընդգրկված եմ եղել ՆԱՏՕ-ի խորհրդարանական և միջխորհրդարանական վեհաժողովների աշխատանքային խմբերում: Պայմանագրային հիմունքներով աշխատել եմ Վիեննայում, ՄԱԳԱՏԷ-ի գործակալությունում: Մի շարք գրքերի և ձեռնարկների հեղինակ և համահեղինակ եմ, ընդգրկված եմ եղել ՀՀ Ռազմական դոկտրինի աշխատանքային խմբում, ինչի համար նաև պարգևատրվել եմ: Մի շարք օրինագծերի ու հայեցակարգերի աշխատանքային խմբերում եմ ընդգրկված եղել, այդ թվում` ազգային անվտանգության հայեցակարգի: Առաջին գումարումից աշխատել եմ Ազգային Ժողովում: Տևական ժամանակ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում էի` որպես գլխավոր խորհրդատու: Վերջին 2 տարին տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի գլխավոր խորհրդատուն էի` մինչ Աբովյանի քաղաքապետ ընտրվելս: Ազգային Ժողովը համարում եմ լավ դպրոց, քանի որ բա´րդ ոլորտ էինք սպասարկում:

- Ի՞նչ լուրջ խնդիրներով «ժառանգեցիք» քաղաքի ճակատագրի տնօրինությունը, որոնց հաղթահարման ուղիները գտնելուն անմիջապես ձեռնամուխ եղաք:

- Չէի ասի, թե լուրջ խնդիրներ եմ «ժառանգել», որովհետև ինձանից հետո ով որ գա, կրկին լուրջ խնդիրների հաղթահարման անհրաժեշտություն պիտի ունենա: Չի կարելի ենթադրել, թե նախկին քաղաքապետները չեն իմացել այդ խնդիրների մասին ու սրտացավ չեն եղել: Շատ դժվար է ասել, թե որ խնդրի լուծումից կարելի է մեկնարկել, որը համարել առաջնային: Բնակֆոնդի պահպանություն, մանկապարտեզ, ջրահեռացում, ոռոգման համակարգ, կանաչապատում և այլն: Ուրիշ քաղաքների նման Աբովյանում էլ հրատապ է սոցիալական խնդրի կարգավորումը: Այ հիմա եկել է ուսման վարձավճարների ժամանակը. հարյուրավոր դիմումներ են ներկայացվել քաղաքապետարան: Բոլորի մասին իրազեկվել է ՀՀ վարչապետը` մեր քաղաք այցելելիս: Բայց մենք չպիտի ձեռքներս ծալած սպասենք: Քարը քարի վրա դնելով` պիտի փորձենք շենացնել քաղաքը:

- Ունե՞ք արհեստավարժ մասնագետների մի կուռ խումբ, որի օգնությամբ կկարողանաք ակտիվ գործունեություն ծավալել տարբեր ուղղություններով:

- Պետք է խոստովանեմ, որ շատ լավ աշխատակազմ եմ ժառանգել: Այդուհանդերձ, այսօր կարիք ունեմ լավ մասնագետների: Բայց ինձ ուրախացնում է, որ քաղաքապետարանում կան սրտացավ մարդիկ, հայրենասերներ, ովքեր իսկապես սիրում ու փայփայում են իրենց քաղաքը: Ինձ համար կան նաև անփոխարինելի մարդիկ, ովքեր քաղաքի հիմնադրման օրվանից են աշխատում: Նրանց համար միևնույն է, թե ով կլինի քաղաքապետը: Ես խնդիր ունեմ նրանց պահելու-պահպանելու և ինձ հաջորդող ներին հորդորելու եմ նույն կերպ վարվել: Նրանցից զրկվելը անդառնալի կորուստ կլինի հենց քաղաքի համար: Հուրախություն ինձ, շատ արդյունավետ համագործակցութ յուն է ստացվում մարզային իշխանությունների, ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի հետ:

- Հոգևոր եկեղեցու փառահեղ նորակառույց շինության հարևանությամբ, ըստ իս, թույլ չեք տա, որ աշխարհիկ եկեղեցու` Մշակույթի տան կառույցը «խորթ զավակի» կարգավիճակով գոյատևի:

- Կարճ ժամանակում բարեկարգման որոշակի աշխատանքներ իրականացրինք Մշակույթի տանը` փառատոնը հնարավորինս հարմարավետ անցկացնելու համար: Բավարար չեմ համարում արվածը: Առաջիկա բյուջետային տարում անշուշտ պատշաճ կհիմնանորոգվի շենքը` ի նպաստ քաղաքային մշակութային կյանքի կանոնավոր աշխուժացման: Աբովյանի քաղաքային թատրոնը հարկ է, որ դառնա բաց հարթակ ՀՀ մյուս բոլոր թատրոնների, ԵԹԿՊԻ-ի շնորհալի ուսանողների և շրջանավարտների համար: ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի և քարտուղար Մարիաննա Մխիթարյանի հուսալի գործընկերությամբ իրականացած մեր նախաձեռնությունը նվիրվում է Աբովյան քաղաքի տոնին: Ես կկամենայի, որ այն լավ ավանդույթի հայտով ներկայանար, և մեր քաղաքն ունենար իր ամենամյա թատերական փառատոնը: Մշակութային կյանքի առումով Աբովյանը և առավելություններ ունի, և թերություններ: Մոտ լինելով Երևանին (մոտ 19 կմ հեռավորություն է բաժանում Աբովյանը մայրաքաղաքից), հաճախ մեր բնակչությունը մշակութային հետաքրքրությունները բավարարելու համար նախընտրում է Երևան գնալ: Եվ ահա, հոկտեմբերի 5-ից 11-ը սիրված թատրոններից 6-ը հենց Աբովյանում խաղացին իրենց խաղացանկի լավագույն ներկայացումներից: Մեր քաղաքային թատերախումբն էլ փառատոնային տոնական մթնոլորտում կներկայացնի թե տիկնիկային, թե դրամատիկական բեմադրություններ: Ուրախ ենք նաև հյուրընկալելու Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնին, մանավանդ որ նրանց շենքը վթարային վիճակից դեռևս դուրս չի բերվել, և նրանք կարոտ են ցանկացած հայաստանյան բեմելի: Մեր ազգաբնակչության համար ներկայացումները լինելու են բացառապես անվճար, հրավիրատոմսերով: Կարծում եմ, այս հանգամանքը կբազմապատկի աբովյանցիների ուրախությունը: Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին և բոլոր թատրոնների տնօրեններին ու դերասաններին, ովքեր արձագանքեցին մեր նախաձեռնութ յանը: Հույս ունեմ, որ այսպիսով մեր քաղաքի տոնին առանձնակի փայլ հաղորդվեց: Երևանի մնջախաղի թատրոնի պատրաստած շոուն գունեղացրեց թե քաղաքի ծննդյան օրվա տոնակատարության միջոցառումների, թե նորաստեղծ թատերական փառատոնի բացման արարողությունը:

Որպեսզի մշակութային կյանքի ռիթմը թատերական փառատոնից հետո կտրուկ չթուլանա, «Ռոստելեկոմի» համագործակցությամբ շուտով նաև ինքնատիպ կինոփառատոն ենք անցկացնելու:

- ՀԹԳՄ հետ Ձեր հետագա համագործակցության խորհրդանիշ ընկալվեց Մշակույթի տան ճեմասրահի ձևավորումը: Մի կողմում` «Հիշում եմ և պահանջում» խորագրով Աբովյանի գեղարվեստի դպրոցի սաների լավագույն աշխատանքների նորաբաց ցուցահանդեսն էր: Մյուսում` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի 80-ամյակի կապակցությամբ Հակոբ Ղազանչյանի հեղինակած ֆիլմի ցուցադրությունը: Դահլիճում ծափերը ժամանակ առ ժամանակ ասես տարերայնորեն թնդում էին սունդուկյանցիների Գուրգեն Խանջյանի «Որբերի ընտանիքը» ներկայացման 2 գործողությունների ընթացքում:

- Ժողովուրդը կարոտ էր բարձր թատերարվեստի հետ կենդանի հաղորդակցությանը: Տեսաք, չէ՞, ինչպես հերթով մոտենում էին Հակոբ Ղազանչյանին և սրտանց շնորհակալություն հայտնում, ինչպիսի ակնածանքով էին շփվում դերասանների հետ: Փառատոնով մեկնարկեց Աբովյան քաղաքի ծննդյան օրը` հոկտեմբերի 10-ին նշանավորող միջոցառումների մի ամբողջ շարք շախմատի, գեղարվեստի և երաժշտական դպրոցների, գործող պարախմբերի մասնակցությամբ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել հարակից գյուղերում ու փոքրիկ քաղաքներում:

- Փաստորեն քաղաքն ունի մանուկ հանդիսատեսի պատկառելի բանակ: Թատրոնն էլ անում է ներկայացումներ թե մանուկների, թե մեծերի համար: Ձեր կողմից խորագետ քայլ է զուգահեռաբար մշակույթն ու տնտեսությունը բարելավելու ծրագրերի իրականացումը: Իսկապես դրանք փոխկապակցված են, քաղաքային կյանքի վերազարթոնքի տեսակետից հավասարաչափ կարևոր: Մարդկանց հոգևոր սնունդ է նաև հարկավոր:

- Երիտասարդությանը քաղաքում պահելու նպատակամղվածությամբ իրականացվելու է «Խելացի քաղաք» նախագիծը: Անկյունաքարը տարբեր ոլորտներում համարժեք ռեսուրսների կենտրոնացման հետևողական աշխատանքներով, կարծում եմ` արդեն դրված է: Այդ տեսակետից կարևորում եմ Երևանի մայր բուհի` ԵՊՀ-ի ֆակուլտետ ներից մեկն Աբովյան տեղափոխելու բարեհաջող ընթացող բանակցային փուլը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության ոլորտների շուտով ընդլայնումը: Մեր համայնքային գրադարանի բարեկարգման, էլեկտրոնային գրականությամբ ֆոնդերի համալրման, եղածի թվայնացման հանձնարարական եմ տվել նաև: Ընթերցասրահում Սամվել Թադևոսյանի ֆիլմը ցուցադրեցինք օրերս: Հանդիպումներ ենք ծրագրել հայտնի մշակութային գործիչների, արվեստագետների հետ: Չեմ ուզում թվարկել բոլոր ծրագրերս: Գերադասում եմ կյանքի կոչվելուց հետո բարձրաձայնել: Իմ խորին համոզմամբ, ոչ մի հրաշալի ծրագիր չի կարող լիարժեք կենսագործվել, քանի դեռ մեր հայրենիքի սահմաններում լարված պատերազմական իրադրություն է: Խաղաղություն է հարկավոր, կայուն, հուսալի խաղաղություն վաղվա լուսավոր օրվա համարձակ նախագծերին ձեռնամուխ լինելու համար: Մենք շարունակ երկմտում էինք` նշել, թե հետաձգել քաղաքի ծննդյան օրվա շքեղ տոնակատարությունը, չնայած հսկայական նախապատրաստա կան աշխատանքներ էինք կատարել:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Նորաստեղծ փառատոնի անխաթար ընթացքի վերջնահանդեսին Աբովյանում թատերարվեստի զարգացումը խթանելու համար Վահագն ԳԵՎՈՐԳՅԱՆՆ արժանացավ ՀԹԳՄ Ոսկե մեդալի: Իր պաշտոնական երախտագիտությունը բոլոր մասնակից թատերախմբերին և Հակոբ Ղազանչյանին նա վավերացրեց գեղագիր շնորհակալագրերով: ՀԹԳՄ նախագահն էլ պատրաստակամություն հայտնեց` նպաստելու նորածին փառատոնի միջազգայնացմանը: 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ