Մենամարտ ճակատագրի դեմ


(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 16 -19-ում)

Կարենը լվացվեց ու իր առանձնասենյակում մի սիգարետ վառեց: Մի քանի րոպեից սենյակ մտավ Նունեն ու ասաց.

- Ճաշը պատրաստ է, կարող ես խոհանոց անցնել:

- Քեզ սենյակ մտնելուց առաջ դուռը թակել չեն սովորեցրե՞լ:

- Դու ցանկանու՞մ ես, որ ամեն անգամ սենյակ մտնելուց դուռը թակեմ:

- Այո:

- Բարի, այսուհետ այդպես էլ կվարվեմ:

Կարենն ընթրեց ու հյուրասենյակ մտնելով` բազկաթոռին նստած հեռուստացույց նայող Նունեին ասաց.

- Հոգնած եմ, գնամ քնեմ:

Նունեն անխոս, գլխով հաստատական նշան արեց:

Առավոտյան կոպտորեն հրելով արթնացրեց Նունեին:

Կինն աչքերը բացելով` հարցական նայեց նրան:

- Ինչ ես նայում, ամուսինդ աշխատանքի է գնում, ել, նախաճաշ պատրաստիր:

Նունեն լուռ վերկացավ ու քանի դեռ Կարենը ցնցուղ էր ընդունում, արագ նախաճաշ պատրաստեց: Խոհանոցում, դժգոհ հայացք նետելով Նունեի վրա, սկսեց նախաճաշել:

- Կարեն, Արմենը հարցնում էր տոմսերի գումարը պատրա՞ստ է:

- Դուք ինձ հիշում եք, երբ ձեզ գումար է պետք գալիս, ինչի՞ ինձ չի հարցրել, ինչ է, չգիտի՞, որ այս տանը միայն ես եմ աշխատում:

- Դե, ի՞նչ տարբերություն…

- Եթե ասում եմ, ուրեմն տարբերություն կա: Եթե այդ հասարակ բանը չես հասկանում, ապա աչքիս ամուսնացել եմ դեգեներատի հետ: Դրան կասես, թող ինձ զանգի…

Նունեն ապշած նայեց Կարենին:

- Լավ, ինչպես կասես: Կարեն, քեզ ինչ-որ բան է պատահե՞լ. երեկվանից շատ ագրեսիվ ես…

- Կթողե՞ս մի կտոր հաց ուտեմ, թե սա էլ ես հարամ անելու, ընդհանրապես հեռացիր, դեմքդ չեմ ուզում տեսնել, թող հանգիստ հաց ուտեմ:

Նունեն վեր կացավ ու անխոս հեռացավ:

Համատեղ կյանքի երեսուն տարիների ընթացքում առաջին անգամ էր, որ ինքն այդքան կոպիտ խոսեց Նունեի հետ: Բայց կոպտությունը սպասվող բավարարությունը չբերեց: Ասենք այդ մասին մտածելու ժամանակ էլ չուներ, երեկվա խայտառակ պարտությունը հիշողությունից դուրս չէր գալիս: Սակայն պարտությունը չփոխեց մրցաշարին մասնակցելու իր մտադրությունը: Աշխատանքից հետո մտավ մոտակա մարզասրահ, ճշտեց գները ու պայմանավորվեց մարզչի հետ:

Տանը նրան դիմավորեց Նունեն.

- Մինչ կլվացվես, ընթրիքը սեղանին կլինի:

Անխոս լվացվելուց հետո, Կարենը մտավ խոհանոց և տեսնելով, որ ընթրիքը դեռ պատրաստ չէ, դժգոհ ասաց.

- Ինչո՞ւ մինչև հիմա ընթրիքը պատրաստ չէ:

- Ընթրիքը վաղուց է պատրաստ, ուղղակի ես չգիտեի, թե որ ժամին ես տուն գալու, այնպես որ…

- Լավ, հասկացա, ուրեմն սրանից հետո ես ընթրելու եմ երեկոյան ժամը 10-ին, այնպես որ այդ ժամին ամեն ինչ պատրաստ լինի:

- Եղավ: Իսկ Արմենը քեզ զանգե՞ց:

- Հա, զանգեց, եկավ ու փողը տարավ, անգամ հրաժեշտ էլ չտվեց, վերջիվերջո հարևան փողոց չի գնում, այլ օվկիանոսից այն կողմ, ուրիշ մայրցամաք, կարող էր, չէ՞, գոնե հրաժեշտ տալ:

- Դե, երևի շտապել է և հետո հո հենց հիմա չի գնում, դեռ մեզ կայցելի, կհասցնի հրաժեշտ տալ:

- Չէ, թող չայցելի, պետք չի, երեսը տեսնել չեմ ուզում, թող այստեղ չգա…

- Կարե´ն, ի՞նչ է կատարվում քեզ հետ…

- Էդ թեմայով խոսել չեմ ուզում, ի՞նչ եղավ այդ անիծված ընթրիքը:

- Արդեն պատրաստ է, ահա, խնդրեմ, հասկանում եմ, նեղվել ես, Կարեն, ախր երեխայից չեն նեղանում:

Կարենը սկսեց ընթրել:

- Քեզ հետ ի՞նչ է կատարվում, աշխատավայրում խնդիրներ են ծագե՞լ,- հարցրեց կինը:

- Դու այդ երբվանի՞ց ես սկսել հետաքրքրվել իմ աշխատանքով,- թշնամաբար նայելով Նունեին` նետեց ամուսինը:- Վերջ, խոսել չեմ ուզում, թող հանգիստ մի կտոր հաց ուտեմ, ու ընդհանրապես գոնե հաց ուտելիս ինձ ազատիր քեզ տեսնելու պարտականությունից, դուրս արի խոհանոցից:

Նունեն վիրավորված դուրս եկավ: Ընթրելուց հետո նույն կոպիտ տոնով ասաց կնոջը.

- Առավոտյան նախաճաշ կպատրաստես, շալվարս կարդուկես ու թարմ վերնաշապիկ կտաս:

Առանց պատասխանի սպասելու` մտավ ննջասենյակ:

Առավոտյան, նախաճաշելուց հետո, գնաց աշխատանքի, իր աշխատակցին հանձնարարեց մարզահագուստ գնել և ընդմիջման ժամին գնաց մարզադահլիճ: Աշխատանքային օրվա ավարտից հետո նորից գնաց մարզվելու: Տուն եկավ հոգնած ու անտրամադիր: Ընթրիքը պատրաստ էր: Ընթրելուց հետո, չպատասխանելով Նունեի հարցերին, գնաց քնելու: Այդպիսի օրակարգը դարձավ շարունակական. մարզվում էր մի այնպիսի համառությամբ, ասես իր կյանքը հենց այդ մարզումներից էր կախված: Շատ էր հոգնում, մի անգամ չէ, որ ցանկացել էր վերջ դնել ուժասպառ անող մարզումներին, սակայն ամեն անգամ կնոջ թթված դեմքը ու այն ինչ իր հետ արել էր կինը վերհիշելիս, կատաղությունից եռում էր: Եվ նոր ուժ էր ստանում մարզումները շարունակելու համար: Այսպիսի համառությունը զարմացրել ու անհանգստացրել էր նաև մարզիչին...

Երկու ամիս հետո Կարենը արդեն տեսավ իր տքնաջան մարզումների արդյունքը` կլորիկ փորը անհետացել էր, մարմինը ձիգ էր: Դա նկատում էին նաև աշխատակից ները: Բայց ուրախացավ, երբ մարզիչն ասաց.

- Կարեն, լավ մարզավիճակում ես: Չէի սպասում, որ այսքան արագ արդյունքի կհասնես: Չլինի՞ պատրաստվում ես աշխարհի առաջնությանը մասնակցել:

Այդ երեկո երկար տարիների ընթացքում առաջին անգամ ինքն իրենից գոհ էր: Տանն էլ կամաց-կամաց ամեն ինչ կարծես կարգավորվում էր: Հիմա ինքը ընդհանրապես չէր շփվում կնոջ հետ. երեկոյան ուժասպառ տուն էր գալիս, ընթրում ու պառկում քնելու, առավոտյան արագ նախաճաշում էր ու դուրս գալիս:

Նունեն սկզբում տարակուսում էր, հետո տարակուսանքը փոխվեց անհանգստության, երբ երեկոյան Կարենին ասաց, որ Արմենը Ամերիկա գնալուց առաջ ցանկանում է այցելել իրենց.

- Ի՞նչ է, թույլտվություն է խնդրում մեզ այցելելու համար,- անտարբեր հարցրեց Կարենը:

- Դե չէ, ուղղակի զգուշացնում է, որ տանը լինենք, մեզ տեսնելուց հետո ռեստորանում ջահելներով հրաժեշտի երեկո է կազմակերպելու:

- Փո՞ղ է ուզում,- գրգռված հարցրեց Կարենը:

- Չէ, միայն խոստացիր, որ չես բարկանա,- վախվորած նայելով Կարենին` սկսեց Նունեն:

- Ի՞նչ է պատահել:

- Արմենը վաճառել է բնակարանը…

- Բնակարանը ես նրան եմ նվիրել, թե ինչ կանի իմ նվերի հետ` իր գործն է,- ուսերը թոթվելով անտարբեր ասաց Կարենը:

Նունեն զարմացած շարունակեց.

- Կարեն, չե՞ս բարկանում:

- Ասացի` չէ´, է՞լ ինչ կա:

- Վաղը կարո՞ղ ես մի փոքր շուտ գալ, երեկոյան ժամը 7-ին Արմենը կնոջ հետ գալու է:

- Իսկ ռեստորանի համար մեզ արդեն ծեր է համարո՞ւմ:

- Դե, այնտեղ հավաքվելու են ջահելներով…

- Դու ինչ է, չե՞ս հասկանում, թե՞ չհասկանալու ես տալիս, ախր մեկնում է այլ աշխարհամաս, հնարավոր է` մեզ էլ երբեք չտեսնի…

- Ի՞նչ է, տուն այցելելով մեզ ողորմություն է տալիս: Պետք չէ, զանգի, ասա` թող չգան:

- Կարեն…

- Վերջ, եթե ցանկանում ես` ինքդ ընդունիր ու ճանապարհիր նրանց. ես չեմ ուզում նրանց տեսնել: Վաղը տուն էլ չեմ գա…

- Կարեն, ախր մեր երեխան է…

- Չէ, Նունե մերը չէ, քոնն է, ես այդպիսի ճիվաղ չէի ծնի…

- Չհամարձակվե´ս,- ձայնը բարձրացրեց Նունեն,- իմ որդին ճիվաղ չէ…

- Երբեք չհամարձակվես ձայնդ վրաս բարձացնել, մենակ էդ էր պակաս,- սեղանի վրայից ծաղկամանը վերցնելով և հատակին նետելով` բղավեց Կարենը:- Ասացի` լակոտիդ երեսը չեմ ուզում տեսնել, հիմիկվանից զգուշացնում եմ, ոչ էլ ճանապարհելու եմ գնալու: Էնպես որ, այդ հարցով է´լ չհամարձակվես երբևիցե դիմել ինձ,- ոտքի կանգնեց, քայլերն ուղղեց ննջասենյակ: Հյուրասենյակից ննջասենյակ մտնելուց այնպես շրխկացրեց դուռը, որ պատի ծեփերը թափվեցին:

Անակնկալից Նունեն ընկավ բազկաթոռին, Կարենին երբեք այդպիսին չէր տեսել, չէր էլ պատկերացնում, որ Կարենը այդպես կատաղի կարող է լինել: Նրա հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: Կարենը, որ առաջ անընդհատ հաճոյախոսություներ էր անում, ուշադիր էր իր նկատմամբ, հիմա ասես գերեզմանաքար էր դարձել` լուռ ու սառը, կարծես նայում էր իրեն ու չէր տեսնում: Եթե խոսում է հետը, ապա միայն հանձնարարություներ է տալիս, ճիշտ և ճիշտ` զինվորականի նման «կպատրաստես սա, կանես այն» և այլն: Առաջներում իր գլուխը տանում էր իր անեկտոդներով ու պատմություններով, հիմա լուռ է, աշխատանքից գալիս է ուշ, հոգնած: Փոխվել է, սկսել է հետևել արտաքնին, նիհարել է, մարմինը առաջվա նման ձիգ ու ատլետիկ է դարձել, կարծես երկրորդ երիտասարդությունն է ապրում:

(Շարունակությունը` հաջորդ համարում) 

Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ