Ճանշինի զոհը 


Ավելի ստույգ` ճանապարհաշինարարների անուշադրության զոհը:

Հնդկաստանի Մադխյա-Պրադեշ նահանգում արտառոց դեպք է տեղի ունեցել: 45-ամյա Լաթորի Բարմանը կնոջ հետ տոնավաճառ է մեկնել: Կինը որոշել է մի քանի օր մնալ այդ վայրում ապրող ծնողների մոտ, իսկ Բարմանը երեկոյան տուն է վերադարձել: Ճանապարհին որոշել է ոգելից խմիչք գնել: Խանութի վերանորոգվող ճանապարհին, սակայն, նախազգուշացնող որևէ նշան չի եղել: Իսկ գնած ալկոհոլը «համտեսած» Բարմանը շուրջը չի նայել ու ընկել է մի մեծ փոսի մեջ: Ընկել է ու քնել:

Առավոտյան շինհրապարակ եկած բանվորները չնկատելով քնած տղամարդուն` փոսը լցրել են հանքաձյութով (բիտում), ապա հարթեցրել ու հեռացել: Նրանք չեն նկատել նույնիսկ արդեն հավերժական քնով քնած հանգուցյալի ձեռքը` դուրս ցցված ասֆալտի տակից: Դա նկատել են տեղաբնակներն ու աղմուկ բարձրացրել (տեղեկացրել է LentΖ.ru-ն):

Մեղավորները կալանավորվել են, իսկ վերանորոգող ընկերության ղեկավարությունը խոստացել է Բարմանի հարազատներին 50 հազար ռուփի վճարել (760 դոլարից մի փոքր ավելի)` որպես փոխհատուցում:

Փոխհատուցում իրենց անհոգի անփութությա՞ն, թե՞ տղամարդու ընդհատված կյանքի դիմաց: Երևի` «երկուսը մեկում»: