ԱՆՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ


Անսխալականության բարդույթը դարձյալ իր վատ գործն արեց: Խորհրդանշական պարգևավճարները, որոնք ՀԴՄ կտրոնների առանձին խմբաքանակների դիմաց կարող էին բաժին հասնել ցանկացած պարտաճանաչ ու հետևողական քաղաքացու, այլևս անցյալում են: Անորոշ են նաև նշված հնարավորության վերականգնման հեռանկարները: Խնդիրն այն է, որ հայկական հնարամտությունը (այս դեպքում, սակայն, բառի ամենավատ իմաստով) դարձյալ փայլել է, և տնտեսությանն ու քաղաքացուն աջակցելուն կոչված ակցիան ոչ բոլոր դեպքերում է ծառայել նպատակին: Եվ սա այն դեպքն է, երբ ոչ թե եռամսյակը մեկ մի քանի հազար դրամ ձեռք գցելու հնարավորությունից զրկվելու համար պետք է մտահոգվել, այլ անսխալականության բարդույթի, որը փչացնում է ցանկացած գովելի նախաձեռնություն: Հասարակության առանձին հատվածի` խժռելու, կլանելու, յուրացնելու սովորույթը բնականաբար չէր շրջանցելու նաև այս մի առիթը… Ինչպես Պետեկամուտների կոմիտեն էր պարզել` պետական բյուջեից բոնուս շորթելու ակնկալիքով տնտեսվարողներից մեկը տասը վայրկյանում մեկ միլիոն դրամ նշագրմամբ յոթ կտրոն է տպագրել: Եվ եթե ստվերի հաղթահարման ընկալումն այսպիսի դրսևորումներ պետք է ունենար, բնականաբար ոչ մենք էինք շահելու, ոչ էլ պետությունը: Մնում է ենթադրել, որ ավելի շուտ ստվերը կհաղթահարվի, քան դեռևս խորհրդային ժամանակներից մնացած սպեկուլյատիվ հոգեբանությունը: Իսկ պետական բյուջեն համալրելու, ստվերի դեմ պայքարելու, գնողունա կության խթանման պարզ մոտեցումներն ընդհանրապես դուրս են նման էժանագին հնարքների հեղինակների մտահորիզոնից: Իր հերթին` եթե Պետեկամուտների կոմիտեն է շունչ առնելու և բոնուսների տրամադրման նոր հնարավորություն առաջադրելու նպատակով ժամանակ խնդրում, ստիպված ենք եզրակացնել, որ գաղափարը որքան էլ հրապուրիչ, այդուհանդերձ այս կառույցում նույնպես վաղօրոք մշակված չեն եղել աշխատատար այդ գործընթացի կազմակերպման մեխանիզմները: Ու ստացվում է, որ բոնուսների տրամադրման ընթացքում առաջ եկած բարդություններն են ինչ-որ նոր մեթոդներ մշակելու անխուսափելիությունն առաջացրել: Եթե սոցիալական բարեկեցության գերխնդիրը մեր երկրում լուծված լիներ, ստվերային տնտեսության դեմ պայքարելու նման մեթոդներ կիրառելու անհրաժեշտություն գուցե և չծագեր: Բայց տնտեսական բարեփոխումներն ակնհայտորեն հանրությանը ներգրավելու խնդիրն էլ ունեն, քանի որ հեշտ է պատկերացնել` միայն գործադիրի լծակները բավարար չեն: Կամ էլ ստվերի դեմ պայքարելու սահմանափակ ռեսուրսն ընդգրկուն բարեփոխումներ և ցանկալի արդյունք չի կարող արձանագրել: Կասկածից վեր է, որ ստվերում մնալ ցանկացողները դիմադրելու էին… Եվ դրա հաղթահարումը հեշտ չէր լինելու: Ի վերջո, անսխալականության բարդույթն այնքան խորն արմատներ ունի, որ դրա չեզոքացումը բնավ էլ մի քանի ամսվա խնդիր չէ: Իրենց հերթին վերահսկողական գործառույթներ իրականացնելու կոչված օղակներն իսկապես սերտորեն են համագործակցում տնտեսվարողների հետ, բայց հաճախ` հանուն սեփական գրպանի: Այն, որ հարկայինը մեր երկրում ամենակոռումպացված կառույցներից է, վաղուց և բոլորին է հայտնի: Ու ահա պարզվում է նաև, որ գումարներ ձեռք գցելու և ոչ մի հնարավորություն հարկայինի աշխատակիցները չեն ցանկանում բաց թողնել: Այսպես, նույն ՀԴՄ բոնուսների առթիվ նրանք «այցելում» են տնտեսվարողներին ու պահանջելով խնդրում վաճառասեղաններին մնացած (և ոչ միայն) կտրոնները: Հասկանալի է, որ նրանք ձգտում են իրենց բաժին բոնուսը բազմապատկել: Արդյունքը, բնականաբար, գերազանցում է սպասելիքները, քանի որ ոչ մի տնտեսվարող մի քանի տասնյակ կտրոնի համար չի ցանկանա իր գլխավոր վերահսկիչի հետ հարաբերությունները փչացնել: Իսկ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունն էլ, իհարկե անտեղյակ տեսուչների շահատակություններից, տրտնջում է, թե համակարգը մեծ ջանքեր է գործադրել` նախորդ ամիսներին քաղաքացիներին սպասարկելու համար: Կարելի է համաձայնել, որ նման իրավիճակում գործընթացի կասեցումը իրավիճակից դուրս գալու ամենացանկալի ելքն էր: