Գնաճն` արհեստական, պատճառներն` անհիմնավոր


Կան երևույթներ, որոնցից մարդիկ որքան շատ են խուսափում, այնքան դրանք հասարակական կյանքի անբաժանելի մասի են վերածվում: Մասնավորապես, չի գտնվի մի որևէ մեր հայրենակից, ով գների բարձրացմամբ ոգևորվի կամ գոնե անտարբեր լինի կյանքի, իսկ հիմա արդեն ավելի շատ գոյության պայմանների թանկացման հանդեպ: Սակայն, եթե խնդիրն այնքան տարածական է, որ գոյատևման հեռանկարներին է վերաբերում, ու այն ոչ թե առանձին մարդկանց, հանրային խմբերի, այլ համատարած մտահոգության առարկա է դարձել, ապա մարդիկ բնականաբար անկարող են լռել: Այլ հարց է, որ դա գործին ոչնչով չի օգնում, եթե չասենք` հակառակը: Հումորով, թե լուրջ, բայց շարունակական արժեզրկման հասարակական սպասելիքները պարբերաբար բավարարվում են: Արդյունքում` ծառայությունների և ապրանքների գները մեր երկրում թե° նախկինում ու առավել ևս ֆինանսատնտեսական ճգնաժամի գրոհին զուգահեռ պարբերաբար աճում են… Այս հարցը մարդկանց համար հավերժական ներից, անլուծելիներից է դարձել հենց այն պատճառով, որ ցանկացած պարագայում թանկացումների տրամաբանական հիմնավորումներ ոչ մի կերպ չեն գտնվում: Եվ սա բնավ էլ ոչ այն պատճառով, որ շարքային քաղաքացու մտահորիզոնը խորը տնտեսագիտական վերլուծություններ կատարելու հնարավորությունից զուրկ է, ու կամ տեղեկացվածութ յան պակասն է խանգարում նրան: Դիցուք, եթե անկարևոր լուրերի շարքում ներկայացվում է, թե ասենք ինչ-որ եվրոպական բորսայում քարածխի գինը զրո ամբողջ մի քանի տոկոսով աճել է, ապա շարքային հայաստանցին, ով ներկայում հերթական ձմեռը հաղթահարելու գերխնդրի առաջ է հայտնվել, հրաշալի պատկերացնում է, որ իր բնակարանը ոչ թե նշված հանածոյով է տաքացվում, այլ հյուսիսից ու հարավից ուզած քանակությամբ մեզ հրամցվող երկնագույն վառելիքով: Ու հենց այստեղ էլ ակամա չի կարող չընդվզել ծառայության տեսքով վաճառվող ապրանքատեսակի շարունակական թանկացման անհասկանալի հանելուկի լուծման` ի սկզբանե անհաջողության դատապարտված փորձերի դեմ: Եվ սա է պատճառը, որ ցանկացած ապրանքի գնաբարձրացում հանրությունը սիրով-սեղանով չի ընդունում. ու ոչ թե լռում կամ տեղի ունեցածի պատճառներն է քննարկում, այլ միմիայն դժգոհում է… երկրից: Այսպես կոչված գործարար հատվածն, իհարկե, վերոնշվածում շահագրգիռ չէ, բայց սա էլ է այն դեպքերից, երբ սեփական շահը (ինչը տվյալ դեպքում գերշահույթներ ստանալու մղումն է) վեր է ամեն ինչից: Ու որքան էլ դժվար լինի վերհիշել, թե մեր երկրում պետական համարվող ինչ տնտեսվարողներ կան, միևնույն է, հանրության աչքին գների բարձրացման գլխավոր, եթե չասենք միակ «հեղինակն» իշխանությունն է: Վերջիններիս ու գործարար հատվածի միջև կապ անուղղակիորեն իհարկե գոյություն ունի, քանի որ նրանց տարանջատման խնդիրն այդպես էլ չի լուծվում: Տևական ժամանակ հայրենական բիզնեսի վերնախավը ճիգեր է գործադրել` իշխանության հովանավորությունը ձեռք բերելու, իշխանության մաս կազմելու ուղղությամբ, ու չնայած տարանջատման ջանքերին` բիզնեսը դիմադրել ու հիմա էլ է շարունակում այդ փորձերը: Խոշոր համարվող որևէ գործարար այդպես էլ չի ձգտում ինքնակամ զիջել իր բաժին մենաշնորհը: Եվ որքան էլ ասվի, թե մենաշնորհները տնտեսության զարգացման ճանապարհին հայտնված հսկայական սեպեր են, միևնույն է, այս ու այն ոլորտում գործող խոշոր տնտեսվարողները լավ են գիտակցում, որ եղածն ինքնուրույն տնօրինելու հնարավորության չեզոքացումը շեշտակիորեն պակասեցնելու է սեփական շահույթները: Եվ դա` ոչ միայն շրջանառության նվազման, այլև գնանկման անխուսափելիության հետևանքով: Մեզանում փաստորեն հենց մենաշնորհներն են այնպիսի անհեթեթ իրավիճակների հանգեցնում, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում ողջ աշխարհում գներն անշեղորեն նվազում են, իսկ Հայաստանում, ասենք դոլարի գնի մեկ-երկու դրամով բարձրանալու ավելի քան անհեթեթ պատճառաբանությամբ, այս ու այն ապրանքի արժեքը միանգամայն հայեցողաբար է թելադրվում: Այլապես` կարծել, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը կխեղճացնի խոշոր ներկրողներին, միամտություն է, քանի որ սահման կոչվածը գոնե տնտեսական մասով վաղուց է բաց: Այլ հարց է, որ այն «ուղղակիորեն» բացվելուց հետո Թուրքիայով ներմուծվող ապրանքը հայկական շուկայում շոշափելի գնանկում կարձանագրի: Չի բացառվում նաև, որ այստեղ գնաճի շարունակականության պահպանման նոր «հիմնավորումներ» առաջ քաշվեն: Այն ժամանակ (իսկ դա ընդամենը նախորդ տարի էր), երբ հարկային ու մաքսային վարչարարությամբ ստվերի դեմ պայքարն ավելի առարկայական հարթություն տեղափոխվեց: Նույն գործարարները դժգոհում էին, թե նոր իրավիճակում` օրինական դաշտում գործելու պարագայում, իրենք գները հարկադրաբար են վերանայելու: Ասել է թե, եթե պետության հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելու գործում հանցավոր անտարբերությունը կամ, որ տվյալ դեպքում նույնն էր, բարձիթողի իրավիճակը պահպանվեր, մի՞թե հաջորդող շրջանում մեր երկրում գները պահպանվելու կամ նվազելու էին: Ակնհայտ է, որ ոչ, և դա դժգոհ հանրությունը վաղուց ու գերազանց է հասկացել. օլիգարխիան իրեն ձեռնտու հիմնավորումներ միշտ է գտնում, բայց դրանք այնքան պայմանական են, որ անգամ երեխաներին չես խաբի:

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ