Դիվանագիտական պայքարը դեռ նոր է թեժանալու


Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Հիլարի Քլինթոնի, Սերգեյ Լավրովի և Բեռնար Քուշների, Եվրամիության ղեկավարներից Խավյեր Սոլանայի և եվրոպական այլ պաշտոնատարների մասնակցությամբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման հայտնի Արձանագրություննե րը: Արձանագրությունների ստորագրման արարողությունից մի քանի ժամ առաջ համայն հայությանն ուղղված հեռուստատեսային ուղերձով հանդես եկավ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքում թափանցիկ ակնարկ կար, որ Թուրքիան կարող է ձգձգել հիշյալ Արձանագրությունների վավերացման և իրականացման գործընթացը: Նախագահի ներքին զգացումը խաբուսիկ չէր: Արձանագրությունների ստորագրումը քիչ մնաց` ձախողվեր: Ամենավերջին պահին, ստորագրման արարողությունից հետո արտասանվելիք 3 րոպեանոց կարճառոտ հայտարարությունների տեքստերը համաձայնեցնելիս, հայկական կողմը հայտնաբերել էր, որ Թուրքիայի արտգործնախարարի պատրաստած այդ եզրափակիչ խոսքում մեզ համար անընդունելի ձևակերպումներ կան: Կարելի է, իհարկե, կռահել, թե դրանք ի՞նչ ձևակերպումներ կարող էին լինել: Սակայն ավելի լավ է համբերենք. վաղ թե ուշ` հավաստի կիմանանք: Առայժմ արձանագրենք, որ եթե չլիներ Էդվարդ Նալբանդյանի համառությունը, և չլինեին արարողությանը ներկա մյուս երկրների պաշտոնատարների ուղղակի ճնշումները, որոնց պահանջով, ամբողջ 3 ժամ քաշքշուկներից հետո, ի վերջո որոշվեց հրաժարվել ոչ միայն երկու արտգործնախարարների, այլև մյուս հրավիրյալների հայտարարություններից, ստորագրման արարողությունը պարզապես կտապալվեր: Ընդսմին, հարկ է նկատել, որ Էդվարդ Նալբանդյանին ամենևին էլ հեշտությամբ չէր հաջողվել կոտրել իր թուրք գործընկերոջ դիմադրությունը և այդ հարցում ստանալ մյուս ներկաների աջակցությունը: Համենայն դեպս, Նալբանդյանը խիստ հոգնած տեսք ուներ և բոլորովին էլ ոգևորված մարդու տպավորություն չէր թողնում: Ստորագրված փաստաթղթերի հանդեպ հայ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ: Թե° երկրի ներսում, թե° դրսում կան քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ, համայն հայության մեջ վիթխարի հեղինակություն ունեցող դեմքեր, ովքեր միանշանակ կողմ են Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացին և համաձայն են Արձանագրությունների ոչ միայն ստորագրմանը, այլև հետագա վավերացմանը: Կան, որ գործընթացին դեմ չեն, սակայն վերապահումներ ունեն սկզբում նախաստորագրված, իսկ այժմ, ահա, արդեն նաև ստորագրվա°ծ Արձանագրությունների առանձին կետերի վավերացման վերաբերյալ: Կան նաև այնպիսիները, ովքեր ընդհանրապես դեմ են Հայաստան-Թուրքիա միջպետական որևէ հարաբերության, քանի դեռ Թուրքիան ազնվություն չի ունեցել ճանաչելու և դատապարտելու իր նախնիների անպարագիծ ոճիրը` Հայոց ցեղասպանությունը: Մի խոսքով, բավական մեծ դժվարությամբ, հաճախ ուղղակի ճռնչալով գործընթացը տեղից շարժվել և հասել է Արձանագրությունները խորհրդարանների մակարդակով հաստատել-վավերացնելու կամ մերժել-չվավերացնելու նախաշեմին: Կողմ կամ դեմ արտահայտվողների փաստարկները հանրահայտ են, կրկնելն իմաստ չունի: Ընթերցողների ուշադրությունն ուզում եմ հրավիրել ա°յլ հանգամանքի վրա: Ասենք թե` Արձանագրությունների վավերացումից հրաժարվեցինք. ի՞նչ կշահենք կամ ի՞նչ կկորցնենք: Նախ, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի, սահմանները փակ կմնան, երկու պետությունների միջև, բացի չնչին առևտրից, որևէ այլ համագործակցություն ինչպես չի եղել, այնպես էլ չի լինի: Ոմանք, միգուցե, պնդեն, թե ողբերգություն չէ` ահա արդեն մոտ երկու տասնամյակ այդպես ապրել ենք, էլի° կապրենք: Իհա°րկե, կապրենք: Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ մի զգացմունքային պահի հայտարարում էր, թե «Հայաստանը դեռ 100 տարի էլ կարող է շրջափակման պայմաններում դիմանալ և նույնիսկ զարգանալ»: Իսկ եթե թուրքական շրջափակումը չլինի, միջպետական բնականոն հարաբերություններ հաստատվեն` ավելի հեշտ չե՞ն դիմանա ու ավելի լավ չե՞ն զարգանա: Դժվար է հավատալ, թե Թուրքիան շա¯տ է ուզում Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատել: Նա այդ քայլին համաձայնել է միայն և միմիայն համաշխարհային հանրության շատ ուժեղ ճնշման ներքո: Եվ հիմա, հավանաբար, շատ կուզենար, որ գործընթացը տապալվեր, սակայն տապալման պատասխանատվությունն իր վրա չընկներ: Ուստի հայ-թուրքական միջպետական հարաբերությունների նորմալացման գործընթացը Թուրքիայի կողմից տապալելու, սակայն մեղքը Հայաստանի վրա բարդելու նենգ փորձեր դեռ շատ կլինեն: Բացի այդ` աշխարհի հզորները, որոնց ներկայացուցիչները հենց միայն ցույց տալու համար, թե իրենք որքա¯ն են շահագրգռված հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ և հենց դրա համար էլ հատուկ մասնակցում էին Ցյուրիխում Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների ստորագրման արարողությանը, չե՞ն հիասթափվի մեզնից, չե՞ն փոխի իրենց վերաբերմունքը մեր պետության նկատմամբ, եթե մենք իսկապես հրաժարվենք: Արձանագրությունների վավերացման հնարավոր ձախողման մեղքը մեզ վրա բարդելուց հետո Թուրքիան ավելի սանձարձակ չի՞ դառնա մեր հանդեպ, չի՞ աղմկի աշխարհով մեկ, թե «տեսեք` հայերն ինչքա¯ն անբարիշտ են… Բարիդրացիություն չեն ուզում, մեր պետությունների միջև գոյություն ունեցող սահմանը (անկախ այն բանից, թե ինչպե՞ս է այն ձևավորվել) չեն ընդունում. բա որ մեր կրտսեր եղբայր ադրբեջանցիներն աշխարհով մեկ աղաղակում են, թե հայերը ագրեսոր են, բռնազավթել են իրենց տարածքները, ինչու՞ չեք հավատում…»: Ո՞վ է հասկանալու և պաշտպանելու մեզ, թե մենք Թուրքիայի° հողերը չենք ուզում, մե°ր հողերն ենք ուզում, որոնց տիրացել են` մեր ժողովրդին իր բնապատմական հայրենիքում վայրագաբար բնաջնջելուց ու արտաքսելուց հետո… Արձանագրությունների վավերացումից հրաժարվելը կնպաստի՞ Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը: Մեզ համար կենսականորեն կարևոր այդ հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը կմեղմանա՞, թե՞ ավելի կկոշտանա…Իհա°րկե, չի նպաստի, իհա°րկե կկոշտանա… Մինչդեռ Արձանագրությունների վավերացումը, միջպետական բնականոն հարաբերությունների հաստատումը մեզ հնարավորություն կտար ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակի կերպով հարց բարձրացնել Թուրքիայի առաջ` վերջ դնելու իր ուրացման քաղաքականությանը, ընդունելու իրենց նախնիների աններելի հանցագործությունը, համաձայնելու արդար փոխհատուցման, իրենց կողմից ցեղասպանության ենթարկված ժողովրդի վերապրող շառավիղների Հայրենիք վերադառնալու իրավունքի հարգման… Արձանագրությունների վավերացման ձախողումը կնպաստի՞ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, թե՞ կվնասի: Մեզնից «վիրավորվածի» կեցվածք ընդունած Թուրքիան, որ առանց այն էլ միակողմանիորեն սատարում էր Ադրբեջանի դիրքորոշումը Արցախյան հակամարտության ողջ ընթացքում ու նաև հարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, այժմ ավելի բացահայտ թև ու թիկունք չի՞ դառնա Ադրբեջանին` նրան ուղղակի հրահրելով ոչ մի փոխզիջման չհամաձայնել և նոր պատերազմի միջոցով հարցն իր օգտին լուծելու զառանցանքից չհրաժարվել… Ով ինչ ուզում է ասի, մեր կարծիքով` հիշյալ Արձանագրությունների վավերացումն ուղղակիորեն բխում է թե° մեր պետական, թե° ազգային շահերից: Վավերացումից հրաժարվելը մեզ բացարձակապես ոչինչ չի տա, իսկ ահա վավերացումից հետո սկսվող հետագա համառ դիվանագիտական պայքարը կարող է հարկադրել Անկարային` չնահանջելու ստորագրված փաստաթղթերի տառից ու ոգուց: Արձանագրություններում մեզ համար անընդունելի որևէ նախապայման իսկապես գոյություն չունի: Նախապայմաններ գոյություն ունեն և դեռ շատ երկար ժամանակ գոյություն կունենան ստորագրված Արձանագրությունների շուրջ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների զանազան ու զարմանազան հայտարարություններում, մեկնաբանութ յուններում, նենգափոխումներում: Դիվանագիտական պայքարն էլ հենց այդ է ենթադրում. կողմերից յուրաքանչյուրը, ով էլ լինի, միջազգային, տարածաշրջանային, միջպետական մակարդակներում միշտ ձգտում է իր համար առավելագույն օգուտներ քաղել: Տվյալ հարցում ոչ ոք բացառություն լինել չի կարող: Մե°նք էլ ենք այդպիսին, թուրքերն էլ, մնացած բոլորն էլ: Դա միջազգային պրակտիկա է: Ուստի կասկածից վեր է, որ թուրքերը դեռ շատ երկար ժամանակ արդեն ստորագրված Արձանագրություններն իրենց օգտին մեկնաբանելու փորձեր կանեն: Ոչ միայն իրենց, այլև` Ադրբեջանի օգտին: Ի՞նչ կա որ: Թող փորձեն: Մենք էլ հմտություն պետք է ունենանք` նրանց ուղղակի «դեմ տալու» հիշյալ Արձանագրությունները և ասելու` այստեղ այդպիսի բաներ գրված չեն, բարի եղեք չշեղվել ձեր իսկ ստորագրած և դրանով իսկ ձեր ստանձնած պարտավորություններից… Իսկ եթե շեղվեն, համառեն, նենգեն, ինչի մտավախությունն ակնահայտորեն զգացվում էր Սերժ Սարգսյանի հեռուստատեսային ուղերձում, ապա մենք, ծայրահեղ դեպքում, հետ կկոչենք Արձանագրությունների տակ դրված Հայաստանի ստորագրությունը և մեր այդ հնարավոր ու հարկադրյալ քայլի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կընկնի թուրքական կողմի վրա… Այնպես որ` խնդրո առարկա Արձանագրությունների ստորագրումով, դրանց հնարավոր վավերացումով դեռ ոչինչ մեկընդմիշտ չի ավարտվում: Հակառակը, դիվանագիտա կան պայքարը դեռ նոր է թեժանալու…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ