Ո՞Վ է ՄԵՂԱՎՈՐ


Անտարբերությունն ամենածանր դաժանությունն է, իսկ բացահայտ խաբեությունը շիկացնում է մարդկային հարաբերությունները: Հակասական տեսակետների լիարժեք ու ամբողջական ուսումնասիրումը նորից հաստատում է` ճշմարտությունն աղավաղվել է: Խոսքը 2-րդ խմբի հաշմանդամ Նորիկ Հակոբյանի մասին է, ով տարիներ շարունակ աշխատել է «Սևան ազգային պարկ»-ում: 2009 թ. փետրվարի 16-ին դատարանի վճռով նա ճանաչվել է սնանկ, բայցև չի ուշացել հերթական պահանջը. պետք է աճուրդի հանվեն նրա բնակարանի իր բաժնեմասը և հողերը: Հանելուկային կծիկը սկիզբ է առնում 2006 թ.-ից: Բնությանը հասցրած վնասները մտահոգիչ են, փաստերը` առկա: «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի «Ծովազարդ» թիվ 1 պահաբաժնում 2006 թ. ապրիլին կատարված ապօրինի ծառահատման առիթով մեղադրող կողմը ջանք չի խնայել` ճշմարտությունն աղավաղելու համար: Նորայր Հակոբյանը տեսուչ-անտառապահ է եղել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, ուր 20 տարի շարունակ աշխատել է` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 17.04.2006 թ-ին «Ծովազարդ» թիվ 1 տեղամասում հայտնաբերվել է 12 հատված ծառ, որոնք հատված են եղել մեկ-երկու օր առաջ: Տեսուչ-անտառապահը ժամանակին տեղեկացրել է համապատասխան մարմիններին, ներկայացրել զեկուցագիր ու արձանագրություններ (դրանք առկա են քրեական գործի նյութերում): Ինչպես նշել է Ն. Հակոբյանը դիմում-բողոքում, կատարվածի մասին ահազանգից 18-19 օր հետո է միայն «Սևան ազգային պարկ»ը ոստիկանություն դիմել, երբ հետքերն արդեն կարող էին վերացած լինել: Երկու ամիս անց հարուցվել է քրեական գործ, իսկ 06.01.2007 թ-ին «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ը և Գեղարքունիքի մարզի դատախազությունը դիմել են Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան` պահանջելով «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղի աշխատակից Նորայր Հակոբյանից բռնագանձել 2.025.000 դրամ: Հայցադիմումում նշել են, որ 2005թ. դեկտեմբերից մինչև 2006թ. մայիս ամիսը «Սևան ԱՊ»-ի «Սևան» մասնաճյուղի «Ծովազարդ» տեղամասի թիվ 1 պահաբաժնում անհայտ անձանց կողմից ապօրինի հատվել է 66 հատ ծառ, որի հետևանքով պատճառվել է 2.025.000 դրամ նյութական վնաս: Իրականում եղել է 12 հատ թարմ հատված ծառ, իսկ 54 ծառերը հատվել էին նախորդ տարիներին: 25.05.2006 թ. դեռևս դատախազությանը տված ցուցմունքում գլխավոր անտառապետ Ս. Աղաջանյանը գրել էր. «12 ծառերը հատվել են 2006 թ. գարնանը, իսկ 54 հատը` նախորդ տարիներին»: Հետագայում պարոն Աղաջանյանը կմոռանա դատախազությանը տված ցուցմունքի բովանդակության մասին և վստահաբար կասի. «2006 թ. գարնանը հատվել է 66 հատ ծառ…»: Նախորդ տարիներին հատված 54 ծառերի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն (դրա գոյությունը Ս. Աղաջանյանը նույնպես հերքել է): Ն. Հակոբյանը հակընդդեմ հայցով դիմել է դատարան: Դիմում-բողոքում հստակորեն նշված է, որ վարույթ իրականացնող մարմինը հաշվի չի առել, քննությամբ չի պարզվել, թե որ հրամանով է պահպանության հանձնված եղել նշված տարածքը (սրան հետո կանդրադառնանք), ինչպես նաև, 54 ծառերի հատման ժամանակահատվածը: Համաձայն պայմանագրի` աշխատանքային ժամերն են եղել 900-1830, ուրբաթ օրերը` մինչև 1600, իսկ հանգստյան օրերը` շաբաթ և կիրակի: Անհայտ անձանց կողմից ծառահատումը եղել է հանգստյան օրերին: Աշխատանքային պայմանագրում նշված չէ, թե որ տարածքն է հիմնականում նա հսկելու, իսկ թիվ 1 պահաբաժինը վարձակալության պայմանագրով տրված է եղել մեկ այլ քաղաքացու: Դիմում-բողոքում նա հստակորեն գրել է մի պարզ ճշմարտություն. «Փաստորեն, պատասխանատվություն եմ կրել այն տարածքի համար, որ վարձակալության պայմանագրով տրված է անհատ ձեռնարկատեր Անահիտ Հովհաննիսյանին, իսկ նրա հետ չունեմ կնքված պայմանագիր, որ տարածքը ես պետք է հսկեմ: Ստացվել է այնպես, որ ուրիշի տարածքում կատարվածի համար ահազանգել եմ, որպեսզի ինձ մեղադրանք առաջադրեն և ինձանից գումար բռնագանձեն…»: Կարևոր է «Սևան» մասնաճյուղի ավագ տեսուչ Ռաֆիկ Հովհաննիսյանի տված ցուցմունքը, որ ստացված ահազանգի համաձայն` ստուգումներ են կատարվել թիվ 1 պահաբաժնում, որտեղ հայտնաբերվել է 12 թարմ հատված ծառ, իսկ մնացած 54-ի վերաբերյալ ինքն առարկել է, քանի որ դրանք կրկնակի հատված են եղել: Ռ. Հովհաննիսյանը նշել է, որ 20 տարվա համատեղ աշխատանքի ընթացքում որևէ բացասական գործողություն պատասխանողի կողմից չի նկատել, նա երբևէ չի խուսափել աշխատանքային պարտականությունները կատարելուց: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճռում նշված է. «Երբ աշխատողը չունի իր պարտականությունների կատարման պատշաճ ձևով ամրագրված շրջանակ, հնարավոր չէ պատասխանողին ենթարկել որևէ պատասխանատվության…»: Այսպիսով, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է նրանց հայցը: Ն. Հակոբյանի հակընդդեմ հայցը բավարարել է: Թվում էր, թե ամեն ինչ ավարտվեց: Սակայն մեծ ցանկություններն ու փոքր հնարավորությունները տվեցին ցանկալի արդյունք: Ցավոք, մռայլ իրականությունում այլ հնարքներ են բացահայտվել. անցանկալի լարվածություն, իրականության աղավաղում: Տարիներ շարունակ համատեղ աշխատանքի ընթացքում նրանք չե՞ն հասցրել ճանաչել իրենց գործընկորոջը, իսկ հետո երևույթը որակել են որպես հանցավոր արարք… Առաջին ատյանի դատարանի վճիռը օրինական ուժ է ստացել 2007 թ-ի ապրիլին, բայց «Սևան ԱՊ» և Գեղարքունիքի մարզի դատախազությունը 4 ամիս անց են միայն բողոքարկել վերաքննիչ դատարան: Վերաքննիչ բողոքում կան մի քանի բացթողումներ, նախ` չի նշվել Ռաֆիկ Հովհաննիսյանի` վկայություն տվողի ցուցմունքը, ապա` 66 ծառերը իբր հատվել են նույն ժամանակահատվածում, և հետո` Ն. Հակոբյանի կողմից երբևէ արձանագրություն կամ զեկուցագիր չի կազմվել: ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել է հայցը բավարարել, իսկ Ն. Հակոբյանի հակընդդեմ հայցը մերժել: ԴԱՀԿ Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից որոշում է կայացվել արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի վրա: Այսօր 2-րդ խմբի հաշմանդամ Ն. Հակոբյանի բաժնեմասի վրա կալանք է դրված: Նաև ավելացնենք, որ իր դիմումի համաձայն, 2007 թ. մայիսին նա ազատվել է աշխատանքից: Օրինական հիասթափությամբ ՊՈԱԿ-ին ենք դիմում` ի՞նչ էր նշանակում մի քանի ամիս անց եռանդուն «հապճեպությամբ» վերաքննիչ դատարան դիմելը, և ինչպե՞ս կայացավ այդ դատավճիռը… Դժբախտաբար, իրականությունում այլ հարաբերություններ են ձևավորվում: Չենք կարող չասել. «Ի՞նչ է օրենքը` մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան…»:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ