Հոբբին էլ կարող է վտանգավոր լինել


Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ռազմական ավագ վերլուծաբան Մարկ Գառլասկոն հեռացվել է աշխատանքից այն պատճառով, որ իսրայելա մետ բլոգերները հրապարակումներ են տարածել նրա հոբբիի մասին: Իսկ Գառլասկոն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ամերիկյան ու գերմանական բանակների պիտույքների հավաքածու ունի: Ու թեև երիտասարդի ղեկավարը չի թաքցրել, որ տեղյակ է եղել իր ենթակայի այդ հոբբիից, սակայն էլեկտրոնային սուր քննադատությունը նրան մղել է աշխատազուրկ անել մասնագետին: Գառլասկոյին հետաքրքրել են գերմանական հակաօդային պաշտպանության զենքի (այսպես կոչված` Flak) տարբերանշանները, որ տրվել են զինվորներին. այդ թեմայով 430 էջանոց գրքի հեղինակ է այպանվող հավաքածուատերը: Ավելին, զինվորական համաժողովներում հանդես է գալիս Flak 88 կեղծանունով: Իսկ HRW-ում նա ղեկավարում է քաղաքացիական մատակարարներից ստացվող ռազմամթերքի և ոչ մահացու զենքի հետ կապված աշխատանքները: Գազայի հատվածում նա եղել է Ռաֆահում փլված տունն ուսումնասիրող խմբի ղեկավարը: Մի խոսքով, բլոգերների քննադատությունը կարծես ի չիք է դարձրել Մարկի բոլոր ծառայությունները. նրանք հայտարարել են, որ նա չպետք է զբաղվի Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների ոտնահարումների հետաքննությամբ: HRW-ի ներկայացուցիչներն էլ պատասխանել են, որ ճիշտ չէ այն ենթադրությունը, թե իբր Գառլասկոն համակրում է նացիստներին. դա նույնիսկ վիրավորում է ռազմական հեղինակավոր պատմաբաններին: