Գանգստերի առանձնատունը` 2,6 միլիոնով


Ամերիկացի ճանաչված ավազակ Ալ Կապոնեի առանձնատունն անցած շաբաթավերջին վաճառվեց հենց մեկնարկային գնով` 2,6 մլն դոլարով` չնայած փորձագետները համոզված էին, որ աճուրդի ընթացքում այն կաճի: Վիսկոնսին նահանգի Կոուդրեյ վայրում 165 հա մակերես հողատարածքում կառուցված տունը Կապոնե ընտանիքի սեփականությունն է 1920 թվականից: Չիկագոցի մաֆիստի մահից հետո այս անշարժ գույքը Կապոնեի կտակարարից ձեռք էր բերել ձեռնարկատեր Գի Հյուսթընը` այնտեղ թանգարանատիպ բար ու ռեստորան հիմնելով: Սակայն ճգնաժամի պատճառով տերերը չկարողացան շարունակել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը և 2008-ի ապրիլին կալվածքը դարձավ «Չիպպևա Վելլի» բանկի սեփականությունը: Մեկ ամիս առաջ հենց բանկն էլ այն աճուրդի հանեց: Ինչպես տեղեկացրել էր բանկի փոխնախագահ Ջո Քինները` աճուրդին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 100 գնորդ: Ի դեպ` գնորդը նույն բանկն էր, որն անցյալ տարի տան տիրոջը զրկել էր կալվածքը գնելու իրավունքից: Իսկ 45 սանտիմետրանոց քարերով կառուցված երկհարկանի այդ տունը Վիսկոնսինում ալկոհոլի ապօրինի վաճառքի, և մաֆիստական կազմակերպությունների կարևոր կետ էր: Տեղի լճում ժամանակին նույնիսկ ջրէջք են կատարել ինքնաթիռներ` բեռնված վիսկիի տակառներով, որոնք հետո տեղափոխվել են Չիկագո: