Ահաբեկչական բջիջ` Համբուրգում


Գերմանիայում բացահայտվել է Համբուրգում գործող ահաբեկչական բջիջ. այս մասին գրել է The independent թերթը` հղում կատարելով հետախուզության գաղտնի զեկույցին: Ըստ զեկույցի` այդ օղակը բաղկացած է 10 մարդուց, իսկ ղեկավարը սիրիական ծագմամբ Գերմանիայի քաղաքացի է, ում անունը զեկույցում նշված է Ռամի Մ.: Հետախուզությունը տվյալներ ունի, որ բոլոր անդամները լավ պատրաստված են և ունակ` ահաբեկչական գործողություններ իրականացնել ինչպես Գերմանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Առժամանակ առաջ նրանք ուսուցում են անցել Հինդուկուշ լեռնաշղթայում գտնվող վարժական ճամբարում: Նրանցից 2-ն, իբր, վերջերս վերադարձել են Գերմանիա, իսկ մյուսները գտնվում են արտասահմանում: Զեկույցում հստակեցված չէ, թե ո՞ր շարժման ներկայացուցիչներն են և թե որքան ժամանակ է, որ Համբուրգում են ահաբեկիչները: Die Welt հրատարակությունը հիշեցրել է, որ «Ալ-Քաիդա»-ի ահաբեկիչներն հենց Համբուրգում են ծրագրել 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կատարվածը: Այդ խմբավորումն ուներ 8 անդամ, այդ թվում` 3 օդաչու, որոնցից մեկն էլ համաշխարհային առևտրական կենտրոնի շենք մխրճված ինքնաթիռն ուղղորդող Մոհամեդ Աթթան էր: Իսլամիստներն էլ խոստացել են մինչև հոկտեմբերի ավարտը Գերմանիայում ահաբեկչություն իրականացնել. սեպտեմբերի վերջերին «Ալ-Քաիդա» ու «Թալիբներ» խմբավորումները Գերմանիայի հասցեին սպառնալիքներով 5 տեսահոլովակ էին տեղադրել ինտերնետում` պահանջելով զորքերը դուրս բերել Աֆղանստանից: