Աշխարհաքաղաքականության կեռմաններում


Հնուց եկած, կյանքով ապացուցված խոսք է` չարիքը չարիք է ծնում, անտարբերությունը` նույնպես: Վերջին ամսվա ընթացքում Վրաստանում կատարվող իրադարձություններն ու վրաց-ռուսական հարաբերություններում առկա լարվածության սրացումը վերլուծաբաններին կանխատեսումների հիմք էին տալիս` Հարավկովկասում զինված բախման հնարավորության վերաբերյալ: Միջազգայնագետներն արդեն բաց տեքստով խոսում էին այն մասին, որ տարածաշրջանում իրենց ներկայությունն ու ազդեցությունը հաստատելու համար Արևմուտքի` մասնավորապես ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա պայքարը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների: Իսկ այսօր նրանք փաստում են, որ այդ խայծը կուլ տվեցին Վրաստանն ու Սահակաշվիլին: Ոչ մի պետություն իրավունք չունի միջամտելու մեկ այլ պետության ներքին գործերին: Միջամտելը նաև ցանկալի չէ, երբ այդ` մեկ այլ պետության տարածքով են անցնում քո երկիրն աշխարհին միացնող բոլոր կապուղիները: Սա արդեն դիվանագիտություն է: Բայց հարևանս դիվանագետ չէ, սովոր է իրերն իրենց անուններով կոչել: Նա արցախցի է ու Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիում Վրաստանի զինուժի գործած ավերածությունների, տեղի բնակչության տառապանքների մասին պատմող հեռուստատեսային կադրերը չի կարողանում առանց հուզմունքի դիտել: Այդ ամենը ծանոթ է ամեն արցախահայի. նրանք իրենց մաշկի վրա այդ ցավն ու վիրավորանքներն զգացել են 88-ին. Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում: Նրանց և ոչ միայն նրանց սրտից են բխում, կարծես, ՌԴ արտգործնախարարի տեղակալ Վլադիմիր Կարասինի խոսքերը, թե տարածքային ամբողջականության պահպանման համար երկրում բնակվող ազգային փոքրամասնություններին հարկավոր է հորդորել, համոզել, որ միասին միևնույն պետության մեջ ապրելն ավելի լավ է. պետք է դա ապացուցել և ոչ թե զինուժ գործադրել: Վ. Կարասինը, խոսելով Ցխինվալիում վրացիների իրականացրած ցեղասպանության մասին, հույս հայտնեց, որ Հաագան, Եվրամիությունը հաշվի կառնեն այդ ամենը: Մեր` ազգային ազատագրական պայքարի դառնությունն ու ինքնահաստատման բերկրանքը ճաշակած հայերիս համակրանքն ակնհայտորեն Հարավային Օսիային Վրաստանի վայրագություններից պաշտպանող Ռուսաստանի կողմն է: Սակայն այս առիթով ևս ահա անդրադառնում ենք օդում մնացած հարցին` ինչո՞ւ Ղարաբաղում հայերին չպաշտպանեցին, ինչո՞ւ իրականացրին «Կոլցո» կոչված տխրահռչակ օպերացիան… Պատասխանելը դժվար է, դժվար է բացատրել, որ «Կոլցոն» իրականացրեց ԽՍՀՄ-ը, ոչ թե ռուսները… «Ինչո՞ւ, խորհրդային ռուսը ուրի՞շ է»,- կհնչի հակընդդեմ հարցը… ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դիվանագիտական բանավեճ է. Վրաստանի ու Արևմուտքի նրա պաշտպանների ներկայացուցիչները ջանում են Ռուսաստանին ստիպել, որ Հարավային Օսիայից հետ քաշի զորքերն ու բանակցի Վրաստանի հետ: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չուրկինն էլ պնդում է` առաջին հերթին Վրաստանը պետք է պայմանագիր ստորագրի զինուժ չկիրառելու մասին, պետք է մտածեր Ցխինվալին չավիրելու, մարդկային զոհերի պատճառ չդառնալու մասին… «Էնտեղ մարդիկ են կոտորվում, սրանք մայմունությամբ են զբաղված»,- պոռթկում է հարևանս ու դարձյալ` «…նույնը Ղարաբաղի հարցն է»: Հնարավոր չէ բացատրել, թե Ղարաբաղն ուրիշ է, Ղարաբաղում ու Հարավային Օսիայում Ռուսաստանի շահերն ու խնդիրները տարբեր են… «Ո՞նց թե, բա Ռուսաստանի նախագահը չասա՞ց, որ իրենք Կովկասի ժողովուրդների անվտանգության երաշխավորն են»- կտարակուսեն մեր հայրենակիցներից շատերը, ու քաղաքագիտական ոչ մի դասընթաց չի կարող նրան համոզել, որ… Բայց ի՞նչ համոզելու մասին կարող է խոսք լինել: Ռուսները պնդում են, ապացուցում են, որ Ցխինվալիում ցեղասպանություն իրագործելով Սահակաշվիլին այլևս չի կարող Հարավային Օսիան իր կազմում պահել: Հայերն էլ արդեն քսան տարի է` կռիվ են տալիս միջազգային դիվանագիտական ասպարեզում, որ Ղարաբաղի հայությունը չի կարող ապրել հայահալած քաղաքականություն որդեգրած Ադրբեջանի կազմում: Բրայզան էլ թե` թող Ղարաբաղից բոլոր բռնագաղթվածները, այդ թվում նաև արդբեջանցիները վերադառնան իրենց բնակավայրերը ու հետո հանրաքվե արեք: Բայց ինչպե՞ս վերադառնան, ինչպե՞ս հստակ որոշել, թե կոնկրետ ովքե՞ր են փախստական դարձել: Կամ որտե՞ղ էին Բրայզան ու մյուսները, երբ ավիրվում էր Արցախն, ու արցախցին փախստական էր դառնում: Այն ժամանակ աշխարհին ուրիշ հարց էր մտահոգում, ու աշխարհը կարծես անտարբեր էր Արցախի ու արցախցու տառապանքին: Աշխարհի հզորները, ինչպես միշտ, մտածում էին այդ տառապանքից օգուտ քաղելու մասին: Հիմա աշխարհն իրար է անցել. ռուս-վրացական հակամարտությունը, փաստացի պատերազմն աշխարհագրորեն ընդլայնվելու միտում ունի, ինչը սպառնում է տարածաշր ջանում Արևմուտքի շահերին: Ու այդ պատճառով էլ ՄԱԿ-ի ԱԽ-ում աշխարհի հզորները, հարևանիս ասած, դիվանագիտական մայմունությամբ են զբաղված: Պատերազմ չէիք ուզո՞ւմ, ժամանակին մտահոգվեիք ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ` և° Ղարաբաղում, և° Աբխազիայում, և° Հարավային Օսիայում… Ամենուրե°ք: Անտարբեր չլինեիք:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ