Ջավախահայերը չեն ծառայելու վրացական բանակում


Հարավային Օսեթիայում Վրաստանի սանձազերծած պատերազմից բառացիորեն օրեր առաջ ջավախահայերի դեմ բռնություններ գործադրվեցին: Կայի՞ն աղերսներ այդ բռնությունների և դրանց հաջորդած ռազմական գործողությունների միջև: Ստեղծված իրավիճակն արդյո՞ք սպառնալի չի դարձնում ջավախահայության վիճակը: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ. - Չեմ կարծում, թե ջավախահայերի հանդեպ կատարված սադրիչ գործողությունները ուղղակի առնչություն ունեն սանձազերծված պատերազմի հետ: Չնայած, որոշ վերլուծաբանների կարծիքով, պատերազմը ծրագրավորողների կողմից փորձ էր արվել անվերահսկելի համարվող «տարրերին» մեկուսացնել: Ենթադրվում է, որ այդ դեպքերն անուղղակիորեն առնչվում են Հարավային Օսեթիայի պատերազմական իրավիճակի հետ: - Ներկայումս Ջավախքում իրադրության վատթարացում չի նկատվում: Այս պահին գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է, և ջավախահայերն զբաղված են երկրագործությամբ: Թեև Վրաստանում հայտարարված է տոտալ զորահավաք, սակայն Ջավախքում այն դեռ չի սկսվել: Տեղեկություններ էին ստացվում այն մասին, թե 25-45 տարեկան տղամարդկանց համար փակվել է հայ-վրացական Բավրայի անցակետը: Անհանգստության տեղիք տվող այդ փաստի առիթով պետք է նշեմ, որ Ջավախքում պահեստային զորակոչիկներ գրեթե չկան, որովհետև ջավախքցի հայ երիտասարդները չեն ծառայել վրացական բանակում: Ես արդեն խոսել եմ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների ղեկավարների հետ: Նրանք ևս հերքում են զորահավաքի փաստը և հայ-վրացական սահմանի արգելանքը: Այդուհանդերձ, սահմանը հատել ցանկացող բազմաթիվ երիտասարդներ շարունակում են ահազանգել: Պաշտոնատար անձանց հետ իմ զրույցներում հերքվել են նաև 18-20 տարեկան երիտասարդների զորակոչի մասին պտտվող լուրերը: Այս պահին այսպիսի հակասական տեղեկություններ կան, սակայն տոտալ զորահավաք Ջավախքում դեռևս սկսված չէ: Եթե նման բան այդուհանդերձ տեղի ունենա, դա ուղղակի անթույլատրելի է զենքին անսովոր մարդկանց համար: Ես հակադարձում եմ այն պաշտոնյաներին, ովքեր խոսքի ենթատեքստում նշում են, թե պետությունը դժվարության մեջ է և պետք է սատար կանգնել նրան. այդ նույն պետությունը սովորական, խաղաղ պայմաններում, արդյո՞ք կատարել է իր ամենատարրական պարտավորությունները ջավախահայության հանդեպ: Այդ իսկ պատճառով մենք դեմ կարտահայտվենք, եթե Ջավախքում զորահավաք սկսվի: - Տարածաշրջանային այսպիսի իրադրությունը ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա: - Աստված ոչ արասցե, եթե պատերազմը երկարաձգվի, Հայաստանի վիճակը ևս նախանձելի չի լինի: Արտաքին աշխարհի հետ մեր հիմնական ճանապարհը անցնում է Վրաստանով, և մարտական գործողությունների պատճառով մեր բեռնափոխադրումները կարող են ենթարկվել լուրջ վտանգի: Արդեն ռուսական զորքերի կողմից ոմբակոծվել է Փոթիի նավահանգիստը: Բաթումիի նավահանգիստը ևս կարող է ռմբակոծության թիրախ դառնալ: Ինչ վերաբերում է երկաթուղային կապին, ապա այն, այսպես, թե այնպես չի կայացել: Տարածաշրջանում իրավիճակի սրացումը էլ ավելի անհեռանկարային է դարձրել երկաթուղային հաղորդակցության վերականգնումը: Ինչի անհրաժեշտությունը մենք շատ ունենք:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ