Կընտրվեն, հետո էլ կնշանակվե՞ն


Չնայած առաջիկայում կայանալիք տեղական ընտրությունների քարոզարշավը դեռևս պաշտոնապես չի մեկնարկել, բայց մեծ է հավանականությունը, որ այս անգամ նույնպես ակտիվ և լարված մրցապայքարը սպասվող քվեարկության անբաժանելի ուղեկիցը դառնա: Հակառակ նման կանխատեսումներին` հարկ է նշել, որ մինչև վերջերս ավելի հավանական էր թվում աննախադեպ քիչ թվով թեկնածուների առաջադրման, հետևաբար նաև շատ ավելի պասիվ գործընթացների հավանականությունը: Ինչպես հայտնի է, ընտրվելիք համայնքապետերը հազիվ թե հասցնեն մեկ տարի պաշտոնավարել, եթե իհարկե մինչև այդ Ազգային ժողովը դարձյալ չհետաձգի համապատասխան օրենքում կատարվելիք փոփոխությունների վավերացումը: Սա, թերևս, առաջիկա ընտրությունների ամենակարևոր առանձնահատկությունն է: Երևանցիներս հաջորդ աշնանը հավանաբար մայրաքաղաքապետի ընտրությունների մասնակցենք: Ասել է թե` նման կարճ ժամանակահատվածի համար մրցապայքարի դուրս գալը` մարդկային հսկայական ռեսուրսի կենտրոնացումը, քարոզչության համար պահանջվող անհաշվելի թվացող նյութական միջոցների վատնումը համայնքապետ դառնալ ցանկացող թեկնածուները կարող էին նաև արդարացված չհամարել: Ավելին, մեծ հաշվով, քաղաքապետի ընտրությունից հետո համայնքները կորցնելու են ինքնուրույ նությունը` չունենալով անգամ ներկայիս սեփական բյուջեն: Այսինքն, եթե անգամ ինչ-ինչ ակնկալիքներով են մարդիկ ցանկանում թաղապետ դառնալ, ապա պետք է որ երբեմնի գայթակղությունն այս ընտրություններում բացակայեր: Մյուս կողմից, սակայն, չի բացառվում, որ հաշվարկն այս դեպքում «կառուցված» է այն հույսի վրա, թե ընտրվելիք քաղաքապետն ընդամենը մեկ ստորագրությամբ ավելի ուշ իրենց պաշտոններում կվերանշանակի այս տարի ընտրվելիք համայնքապետերին: Եթե ասվածին էլ ավելացնենք, որ Երևան քաղաքի ղեկավարի ընտրություններում գործող թաղապետերի դերակատարությունը շատ մեծ, եթե չասենք վճռորոշ նշանակություն կարող է ունենալ, ապա պատկերն ավելի կամբողջանա: Իսկ մինչ այդ արդեն իսկ առանձնանում է առավելապես գործող թաղապետերի վերաառաջադրվելու տրամադրվածության ուշագրավ փաստը: Ամենայն հավանականութ յամբ այնպես է ստացվելու, որ վերջիններս մրցակիցներ կամ ընդհանրապես չունենան, կամ էլ այդ մրցակիցներն այնպիսի հնարավորություններով ու հեղինակությամբ օժտված լինեն, որ պայքարն ավելի շատ խորհրդանշական, քան իրական բնույթ ունենա: Առանձին բացառությունները` մասնավորապես Քանաքեռ-Զեյթունում և Արաբկիրում սպասվող անզիջում մրցապայքարը, բնականաբար, ընդհանուր ֆոնն առանձնապես չեն փոխելու: Այստեղ, ինչպես հայտնի է, իր ուժերն է նախատեսում փորձել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային Կոնգրեսը: Եթե դատելու լինեինք առաջին Նախագահին համակած այն ոգևորությունից ու ինքնավստահությունից, որով նա ընդամենը երկու շաբաթ առաջ ստեղծեց այդ ընդդիմադիր քաղաքական միավորը, կարելի էր կարծել, թե հաջորդող բոլոր ընտրությունները կոնգրեսականների համատարած առաջադրումներով են ուղեկցվելու: Սակայն միայն այն իրողությունը, որ արմատականները դեռևս միայն Քանաքեռ-Զեյթունում են մրցապայքարի ելնելու, իսկ Արաբկիրում միայն այդպես էլ Կոնգրեսին չմիացած մի այլ թեկնածուի են պաշտպանելու, խորհրդանշական մասնակցության վերաբերյալ պնդումն ավելի հավատընծա է դարձնում: Ուստիև` հեռու չէ այն օրը, երբ հնարավոր կդառնա վերջնականա պես արձանագրել, որ ընդդիմությունը, տեղական ընտրություններին չմասնակցելով, դարձյալ ապացուցեց, թե իշխանության չի ձգտում: Այսինքն, իշխանության համար նրանց պայքարը շարունակում է մնալ միտինգային (՞): Իսկ, ընդհանրապես, աստիճանաբար ավելի պարզորոշ է դառնում, որ բացառությամբ Հանրապետականի` մյուս քաղաքական ուժերը նույնպես այս հարցում ցուցաբերվող նախաձեռնողականությամբ առանձնապես աչքի չեն ընկնում: Համենայն դեպս ՏԻՄ ընտրությունների մասով մինչև օրս նրանց արած հայտարարությունները ավելի շատ խուսափողական են, և հայտնի չէ գոնե մեկ համայնք, որտեղ որևէ քաղաքական ուժ թեկնածու առաջադրելու ցանկություն ազդարարած լինի: Հավանական է, որ առաջիկայում ավելի բազմակուսակցական ընդգրկվածությամբ ներկայանա հատկապես ավագանու թեկնածուների բանակը: Իսկ նշված հեռանկարը քաղաքական ուժերի համար հետևյալ շահեկան կողմն ունի. նախ ավագանիների գոյության փաստն ու նրանց ավելի քիչ է կարևորվում, և այս մրցապայքարում կրելիք անհաջողությունը այդչափ զանգվածաբար չի քննարկվում: Բացի այդ, այս դեպքում թեկնածուների կուսակցական պատկանելությունը քաղաքական ուժերը սովորաբար նախընտրում են չբացահայտել, և հաջողության հասնելու դեպքում է միայն պարզվում, որ տվյալ թեկնածուն այս կամ այն կուսակցությանն է հարում: Կարճ ասած` քաղաքական միավորումներն այստեղ կորցնելու գրեթե ոչինչ չեն ունենում, թեպետ շահելու դեպքում էլ «խոշոր շահում» վերջիններիս օգտին չի գրանցվում: Այնպես որ, մրցապայքարն իր թեժությամբ հատկապես համայնքապետի պաշտոնի շուրջ է ծավալվելու, ինչի ականատեսը հանրությունը կդառնա արդեն մի քանի օրից: