Վրաստանը մեղադրել է Հայաստանին


Վրացական կողմի մեղադրանքներից անմասն չի մնացել նաև Հայաստանը` թե իբր Գյումրիում տեղակայված ռուսական հենակետերից են թռիչք կատարել ռմբակոծիչները: Եվ Հայաստանը մեղադրվում է վրաց-օսեթական հակամարտությանը որևէ կողմից չմիջամտելու համաձայնագիրը խախտելու համար: Եվ ոչ միայն մեղադրում են, այլ նաև «հուշում», որ վրաց-հայկական առճակատման պարագայում, Թբիլիսիում ու վրացական այլ քաղաքներում գտնվող բազմաքանակ ռուսաստանցիները չեն կարողանա տուն վերադառնալ, որովհետև, ինչպես տեղեկացրել է Թբիլիսիում «Աէրոֆլոտի» ներկայացուցիչը` բոլոր ուղևորներն ավտոբուսով Երևան են տեղափոխվելու` այստեղից Մոսկվա մեկնելու համար: * * * Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ, գնդապետ Սեյրան ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆԸ հերքել է հնչեցված մեղադրանքը. վրացական և ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից տարածված հայտարարությունը, թե իբր վրացական ավիաբազաների վրա հարձակումներն իրականացրել են ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ավիաբազայի ինքնաթիռները, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանում տեղակայված ռուսական բազայում չկան ռմբակոծիչներ, այլ միայն թեթև կործանիչներ, որոնք ի վիճակի չեն ռմբակոծություն կատարել: - Դա բացահայտ սադրանք է և ապատեղեկատվություն: Գյումրիի 102-րդ զինվորական հենակետում ռմբակոծելու ունակ ինքնաթիռներ չկան: Եթե նույնիսկ լինեին էլ, ապա դրանք պետք է թռչեին Թբիլիսիով, և ես չեմ կարծում, թե Վրաստանի հակաօդային պաշտպանությունը չէր նկատի ռուսական ինքնաթիռները,- ընդգծել է Ս. Շահսուվարյանը: