Հայ երգարվեստի ոսկեփայլը


28 անվանակարգերից երրորդում հանդես եկած քառամյա «Ավետիսը»-ը 400 երգչախմբերի մասնակցությամբ տեղի ունեցած այս երաժշտական «բազմամարտում» կատարողական այնպիսի վարպետությամբ հանդես եկավ` հոգևոր, խառը և ժամանակակից երգարվեստի մատուցմամբ, որ 71 հոգուց բաղկացած միջազգային մրցութային հանձնախումբը աներկբա ընդունեց «Ավետիս»-ի եռակի գերազանցությունը մյուս բոլոր մասնակիցներից: Լեհ հայագետ Պիսովիչը չթաքցրեց իր հիացմունքը. «Նրանք ցույց տվեցին, թե որքան հինավուրց է հայկական մշակույթը և, հատկապես, երաժշտությունը»: Ավետարանչական եկեղեցու հոգևոր ծիսակարգերին մշտական կախարդիչ հմայք հաղորդող 20 երգիչ-երգչուհիների անզուգական խմբերգային կատարումների բարձր արվեստը մեզանում արդեն ակնածանքով նկատել ու դրվատել էին Էդվարդ Միրզոյանը, Հովհաննես Չեքիջյանը, Արմեն Սմբատյանն ու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով զարդարուն երկացանկի շատ ու շատ ունկնդիրներ նաև արտերկրում: Աշխարհի երգչախմբային 5-րդ մրցախաղերի չեմպիոնի հաղթական վերադարձի առիթով ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած առաջին հանդիպմանը մասնակցող ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներս, համակված հպարտությամբ, միանգամայն կիսում էինք «Ավետիս» երգչախմբի տնօրեն Լևոն Պարտագճյանի, գեղարվեստական ղեկավար ու խմբավար Նաիրի Պարտագճյանի և ղեկավար Կարո Ալեքսանյանի տոնական խանդավառությունը: Միջազգային հանձնախմբի անդամ Տիգրան Հեքեքյանի անմիջական տպավորությունն արտահայտող խոսքերով գլխի ընկնում, թե որքան դժվարին մրցապայքարում է անվերապահորեն հաղթող ճանաչվել մեր «Ավետիս»-ը. «Առ այսօր Հայաստանը մասնակցել է այս մրցույթին, բայց` արժանանալ 3 ոսկե մեդալի և չեմպիոնի կոչման… Գիտե՞ք, սա իր նախադեպը չունեցող երևույթ է»: Ափսոս, բազմամարդ, ներկայացուցչական այս հանդիպմանը ներկա չէին երգիչ-երգչուհիներից գեթ ոմանք: Նրանց ապրված զգացողությունների, մրցապայքարում հաղթելու հավակնություն ունեցող երգչախմբերի կատարումներից ստացած տպավորությունների կոնկրետ անդրադարձներով անհամեմատ ամբողջական ու կենդանի կներկայանար «Ավետիս»-ի ոսկե հաղթարշավի պատկերը: Ասենք, մեզ տրամադրված փոքրածավալ տեսանյութով և առաջին ձայներիզի հետագա ունկնդրությամբ մասամբ կարելի եղավ հաղորդակցվել երգչախմբի կատարողական արվեստին: Ամենօրյա փորձերով և հաճախակի ելույթներով, անշուշտ, հիմնադրման օրից մինչ այժմ առավել բյուրեղացած պիտի փայլեր պրոֆեսիոնալների երաժշտախումբը հեռավոր Գրացում: Կոմիտասի, Եկմալյանի, Մանսուրյանի, Հովհաննիսյանի ստեղծագործությունների ջերմաքնքուշ կատարումների անթերի հնչեցումներով անկարելի է չհմայվել:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ