ԵԱՀԿ-Ն ԲԱՑՈՒՄ Է ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ


 

Զարմանալի զգացումներ ծնեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանիերի հարցազրույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին: Գլխավոր քարտուղարն իր հարցազրույցում մասնակիորեն շեշտել է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ-ն որևէ բանաձև չի կարող առաջարկել, այլ ամեն ինչ պետք է լինի կողմերի պայմանավորվածությունների հիման վրա: Այս հայտարարությունն է տարակույսներ ծնում, որովհետև արդեն տևական ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է գալիս որպես միջնորդ և հարցի լուծման առթիվ տարբերակներ առաջարկում: Իսկ ահա այսօր Գլխավոր քարտուղարն ամեն ինչ բարդում է կողմերի պայմանավորվածությունների վրա` ասելով.

- Ոչ մի արտաքին դերակատար` լինի դա ԵԱՀԿ-ն, թե մեկ այլ մարմին, չի կարող հակամարտության կողմերին լուծում պարտադրել կամ լուծել այն: Կողմերի քաղաքական կամքը խաղաղ լուծում բանակցելու միակ ճանապարհն է: Մենք կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի կողմերը շփման գծից հեռացնեն դիպուկահարներին և իրականացնեն շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքնն-ման մասով իրենց պարտավորությունը, որը Նախագահները ստանձնել են անցյալ տարի Սոչիում:

Այստեղ տարօրինակն այն է, որ ինչպես շատ միջազգային կառույցներ, այնպես էլ ԵԱՀԿ-ն վաղուց համոզվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս ԼՂ անկախությունը ժխտողի և այդ պետությունն իր տարածք վերադարձնելու պահանջով` խոստանալով միայն ինչ-որ չափի ինքնավարություն, որն առավել ցածր մակարդակի է, քան ուներ ԼՂԻՄ-ը: Հայաստանն էլ առաջ է մղում ազգերի ինքնորոշման իրավունքի նորմը, ինչն ընդունել են աշխարհի շատ երկրներ: Կողմերի հայեցակարգային տարբերությունն էլ վկայությունն է այն իրողության, որ նրանցից ոչ մեկը չի կարող հասնել հաջողության առանց միջազգային կազմակերպությունների հստակ դիրքորոշումների և որոշումների:

Ստացվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձևական այցելություններ են կատարում, ձևական զեկույցներ ներկայացնում, ձևական բանակցություններ վարում` միանգամայն լուրջ տեսքով: Ինչ վերաբերում է դիպուկահարների խնդրին, ապա, ինչպես տեսնում ենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ միայն չեն կարողանում Ադրբեջանին պարտադրել հետ տանել դիպուկահարներին, այլև որևէ կոնկրետ գործողություն չեն ձեռնարկում: Վախվորած հայտարարությունները, որոնցով հանդես են եկել նրանք, ոչինչ չեն տվել. ավելին, դրանց ենթատեքստում նկատելի է եղել Ադրբեջանի հանդեպ տածած երկյուղը: Հիշենք, որ անգամ Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած այցի ժամանակ տեղի ունեցան արյունալի իրադարձություններ, որոնք վկայությում էին, որ ԵԱՀԿ-ն այդպես էլ չի կատարել իր գործառույթը, իսկ համանախագահ երկրները փորձում են այնքան էլ ազդեցություն չունենալ իրադարձությունների վրա...

Գլխավոր քարտուղարի կրավորական կեցվածքը բացորոշ հուշում է, որ Ղարաբաղի խնդրի նման դասավորությունն այսօր ձեռնտու է շատերին. մի շարք երկրներ իրենց խնդիրներն են լուծում` Ղարաբաղը դարձնելով յուրատեսակ թիրախ և «ինտրիգային առանցք»: Ուրեմն, խնդրի կարգավորումը ձեռնտու չէ շատերին, քանի որ մի շարք աշխարհաքաղաքական հարցեր անցնում են Ղարաբաղի «պրիզմայի» միջով: Սա այն ճշմարտությունն է, որի մասին գիտեն շատերը, սակայն մոտ երկու տասնամյակ մի շարք գերտերություններ և միջազգային կառույցներ ընդամենը ձևական քայլեր են անում, ձևական բանաձևեր ընդունում: Այս ամենն այլևս սպառել է բոլոր հնարավոր տարբերակներն ու հրամայական դարձրել Լեռնային Ղարաբաղի ճանաչումն` առանց երկակի ստանդարտների ու միջազգային իրավունքի նորմերով:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ