«ԵՐԵՎԱՆՋՈՒՐԸ» ՋՐԱԼԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ Է ՏՎԵԼ


 

Դեռ երկու տարի առաջ «Երևանջուր» ընկերությունը մայրաքաղաքի բնակչությանը մեծ-մեծ խոստումներ տվեց` առաջիկա մեկ տարվա ընթացքում անցնելու 24-ժամյա մատակարարման: Մի շարք համայնքներում կարծես թե ջրամատակարարման խնդիրն ապահովվեց, թեև ոչ առանց բացթողումների: Կենտրոն վարչական շրջանը, սակայն, հայտնվեց կեղծ խոստումների ջրապտույտում: Ընկերությունն այստեղ կիսատ թողեց իր բոլոր ծրագրերը` բավարարվելով 12-ժամյա ջրամատակա րարմամբ, ինչը հատկապես ամռան ամիսներին դժվարություններ է ստեղծում մարդկանց համար:

Որոշ մասնագետներ համոզված են, և դժվար էլ չէ հաշվարկել, որ նման գրաֆիկը, երբ ջուր է տրվում առավոտյան 6-ից մինչև 12-ը և երեկոյան 18-ից 24-ը, ոչ միայն անհարմարություններ է ստեղծում, այլև կրկնապատկում է ջրի ծախսը: Բայց բնականաբար ոչ բոլորը և ամեն օր չէ, որ պարտավոր են արթնանալ առավոտյան 6-ին, որպեսզի լուծեն կենցաղային առաջնահերթ խնդիրները: Նրանք ստիպված են ջուր կուտակել, ապա միայն այլ աշխատանքներ ձեռնարկել` վախեցած, որ հետո արդեն ջուր չեն ունենալու: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես այս վարչական շրջանում ջրի ծախսը գերազանցում է մյուս վարչական շրջանների ծախսերին:

«Երևանջուր» ընկերությունից մեզ տեղեկացրեցին, որ ամեն ինչ արվում է, որպեսզի կատարվեն խոստումները, 2014 թվականին մայրաքաղաքը ապահովված կլինի 24- ժամյա ջրամատակարարմամբ: Ուզում էինք հավատալ այս հավաստիացումներին, սակայն երբ ուսումնասիրեցինք ջրամատակարարման վիճակը մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում, տեսանք, որ Սիլիկյան, Աերացիա և այլ թաղամասերում երբեմն շաբաթներով զրկված են ջրից: Նշանակում է, որ խոստումներ տալու հարցում «Երևանջուրը» չափազանց շռայլ է, սակայն երբ գործը հասնում է խոստումները կատարելուն, ընկերությունը փակվում է իր խեցու մեջ և մոռացության մատնում թե´ խոստում, թե´ պարտականություն: Ու այս գործելաձևն արդեն հոգեբանություն է դարձել...