ՆՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ


 

Ինչպես մերձքաղաքային, այնպես էլ միջքաղաքային ու միջպետական ուղերթերով 50-ից ավելի չվերթեր է իրականացնում Վանաձորի ավտոկայարանը: Այստեղից օգտվողները վաղուց են վարժվել, որ այստեղ դեռևս շահագործվում են շատ վաղուց գործածությունից հանված ՊԱԶ մակնիշի ավտոբուսներ, որոնք բարոյապես ու ֆիզիկապես մաշված են, ստեղծում են ավելորդ անհարմարություններ ուղևորների համար: Դրանց կողքին հայտնվում են նաև խորհրդային վաղ շրջանի ԼԱԶ մակնիշի ավտոբուսներ, որոնց գոյությունն իսկ ոչ միայն ծիծաղելի, այլև տագնապեցնող է:

Սակայն խնդիրը միայն հնացած մեքենայական պարկը չէ, այլև ավտոկայարանում տիրապետող դարձած վիճակը: Արդեն քանի˜ տարի չեն վերանորոգվում կառամատույցները: Որպես կառամատույց ծառայող հրապարակն ավերված է, անձրևներից հետո այստեղ ջրափոսեր են առաջանում, որոնք դժվարացնում են ինչպես ուղևորների անցուդարձը, այնպես էլ մեքենաների կայանումը: Այս ամենին գումարվում են նաև հակասանիտարական վիճակում գտնվող սննդի վաճառքի կետերը, որոնք ոչ միայն զուրկ են տարրական հարմարավետությունից, այլև այնտեղ վաճառում են անհայտ ծագման սննդամթերք և հյութեր:

Տարիներ շարունակ մարդիկ խոսում են ստեղծված վիճակի մասին, բողոքում, սակայն ոչ ոք չի ցանկանում ունկնդրել ուղևորներին, քանի որ ավտոկայարանի տնօրինությունը որդեգրել է իրեն ձեռնտու քմահաճության ու անտարբերության սկզբունքը: Այստեղ կարևորն այն է, որպեսզի եկամուտներ ստանան: Իսկ եկամուտ ապահովողները տնօրինությանը չեն հետաքրքրում: