ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ


 

Դաշնակցությունում երկար սպասված հանգուցալուծումը տեղի ունեցավ. ընտրվեց նոր Գերագույն մարմին: Մինչ Գերագույն ժողովն ընկեր դաշնակցականները հայտարարում էին, որ լուրջ փոփոխություններ են լինելու կուսակցության ղեկավար կազմում, որ հեղափոխականորեն տրամադրված կուսակցությունը վերջապես լսելու է «շարքերի» ձայնն ու նոր մարդկանց է բերելու ղեկավար կառույց: Իհարկե, նոր մարմին ձևավորվեց և, ըստ ՀՅԴ հավաստիացումների` 6-ից 5-ը նոր մարդիկ են: Սակայն նրանք նոր մարդիկ են ԳՄ-ի համար, մինչդեռ Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Ռուստամյանի, Սպարտակ Սեյրանյանի, Ռոմիկ Մանուկյանի անունները տարիներ ի վեր գրեթե չեն հեռանում կուսակցության վերնախավային ցուցակներից, նրանք կամ պատգամավոր են դառնում, կամ` նախարար և կամ մարզպետ: Ստացվում է, որ հին ընկերներն իսկապես իրար չեն դավաճանում և ամեն ինչ բաժանում են իրար մեջ` այդպես էլ թույլ չտալով, որ իսկապես նոր անուններ ի հայտ գան, որ տեղի ունենա սերնդափոխություն: Երևի նաև սա է պատճառը, որ Սփյուռքի Դաշնակցությունը քննադատաբար է վերաբերվում հայաստանյան Դաշնակցությանը և ոչ միշտ համաձայնում այն քայլերին, որոնք այստեղ կյանքի է կոչում ՀՅԴ-ն: