Հեռացավ անժամանակ


 

Դժվար է հավատալ ու ավելի դժվար է պատկերացնել, որ այլևս մեր կողքին չէ մեր լավ ընկերը` բանասիրական գիտությունների թեկնածու, ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ, շիտակ քաղաքացի, մարդ և ազնիվ ընկեր Վարդան Սուրենի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

Կյանքից նա հեռացավ անժամանակ` կիսատ թողնելով բազում ծրագրեր, հոգու անամոք ցավ պատճառելով մերձավորներին:

Վ. Գրիգորյանը ծնվել է 1954 թ.` Երևանում: Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը և ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանել է գիտական թեզը` ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:

1983-89 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեում, դասախոսական խմբի ղեկավար, բաժնի վարիչ: 1989-97 թթ. «Կոմսոմոլեց» (հետագայում` «Էպոխա») թերթի գլխավոր խմբագիրն էր:

1997-98 թթ. դիվանագիտական աշխատանքի է գործուղվում` որպես Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան առաջին քարտուղար:

1998-2000 թթ. «Գոլոս Արմենիի» թերթի քաղաքական մեկնաբանն էր:

2000-2002 թթ. նշանակվել է սկզբում ՀՀ մշակույթի փոխնախարար, ապա` Կրթության և գիտության փոխնախարար:

Եղել է Տեխնիկական Քոլեջի տնօրեն և Ազգային անվտանգության կենտրոնի կրթության վարչության պետ:

2009 թ.-ից Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենն էր:

Իր աշխատանքային գործունեության բոլոր բնագավառներում Վարդան Գրիգորյանը եղել է հմուտ կազմակերպիչ և փորձառու մանագետ:

Նա բազմաթիվ գիտական աշխատությունների, հետխորհրդային տարածքների քաղաքական զարգացումների վերլուծական հոդվածների և գրքերի հեղինակ է:

Ազնիվ, բարի ընկերոջ, հայրենասեր, լավ մարդու` Վարդան Գրիգորյանի պայծառ կերպարը կհարատևի նրա գործընկերների և մտերիմների հուշերում: