«ՍԻՐԵԼԻ ԸՆՏՐՈՂՆ» ԱՐԴԵՆ ԻՐԱՏԵՍ Է


Սովորաբար ինտրիգային ընտրություններով ձևավորվող մեր երեսփոխանարանը աշնանային նստաշրջանն սկսելու է կերպարանափոխված: Խորհրդարանի` աննկատ լինելու չափ միապաղաղ գործունեությունը միանգամից բուռն ակտիվության է վերափոխվելու, ու մինչև ընտրություններ հայրենի «ազգընտիրները» հնարավորն անելու են` համոզած լինելու համար, թե իրենք օգտաշահ գործեր անելու հարցում ուղղակիորեն տապակվում են: Թող փորձեն համոզել. գուցե իրենք էլ համոզվեն, որ լավ գործեր, իսկապես կարելի է և պե´տք է կատարել: Բայց հաշվարկե՞լ են, արդյոք, թե ինչպիսին է լինելու կուսակցական խմբակցությունների և մեծամասնականով վերաառաջադրվել պատրաստվողների զարթոնք ապրող պոպոլիզմի հասարակական ընկալումը: Ի վերջո, այս պարզունակ նպատակը ոչ միայն ակնհայտ է, այլ նաև ամեն ընտրությունից առաջ այնքան է «բեմադրվել», որ այս անգամ դրա թողնելիք ազդեցությունն իսկապես կասկածելի է: Եթե նախընտրական ամիսներին գոնե ինչ¬որ խնդիրներ հիմնավոր լուծում ստանային, ապա հնարավոր կլիներ կարծել, թե ԱԺ¬ի կարճաժամկետ ակտիվությունը նույնիսկ օգտակար գործողության գործակից ունի: Սակայն, ցավոք, դժվար է վերհիշել որևէ ընտրություն, որի ավարտից հետո դրականն ու բացասականն ի մի բերելով` հնարավոր լինի արձանագրել, թե նախընտրական պոպոլիզմը վերջնարդյունքում գոնե չնչին օգուտ է տվել հասարակությանը: Կամ` շռայլված խոստումները լսելի են եղել թեկնածուներին, ովքեր ընտրվելուց հետո լծվել են իրենց իսկ ներկայացրած ծրագրերի իրագործման սայլին: Մինչդեռ մեր հանրապետությունն այն երկրներից է, որտեղ հիմնախնդիրները ոչ միայն շատ են, այլ հրատապ լուծում պահանջող: Լուծումների տարբերակներ նույնիսկ շարքային քաղաքացիները կարող են առաջարկել: Բայց պատգամավորները ժամանակ չունեն նրանց լսելու: Ամսական մեկ քառօրյայի ընթացքում անգամ շատերը ժամանակ չեն գտնում` օրինաստեղծ աշխատանքով զբաղվելու: Փոխարենը բոլորիս ու հիմնավորապես ապացուցել են, որ իրենց գերխնդիրը նախընտրական սիրառատությունն է` խոստումների տարափի տեսքով: Բայց այ` եթե հրաշքով ամեն ընտրություն խթան և առիթ դառնար որոշակի հարցերի հիմնավոր լուծման, ապա կարելի էր համակերպվել նաև վերջին պահի պոռթկումների հետ. միայն թե դրանք գործ լիեին: Սին խոստումներով ընտրազանգվածն մոլորեցնելու փորձերը, սակայն, ի վերջո, ձախողվելու են: Համենայն դեպս` առաջիկա ընտրություններից առաջ «սիրելի ընտրողներ» զանգվածը կարծես իրատեսությամբ է զինվել: Ավելի ճիշտ` հոգնել է խաբեություն կոչվող խաղից, որի գլխավոր գործող անձ նաև իրեն են դարձնում: Հուսանք, որ ինքնանարգանքի քվե նա այլևս չի շռայլի, իսկ ազգընտիր տիտղոսին հավակնողները խոսքերին մի քիչ էլ գործ կխառնեն: