ՀԻՄԱ ԷԼ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՀՈՂԵՐՆ ԵՆ ԽԼՈՒՄ


Վրացական «Ասավալի-դասավալի» պարբերականը վերջերս տպագրած մի հոդվածում Ադրբեջանի նախագահից պահանջում է Վրաստանի սահմաններից դուրս հանել ադրբեջանցի սահմանապահներին: Ըստ վրացական պարբերականի, Ադրբեջանի ոստիկանության և անվտանգության ծառայության աշխատակիցները մինչ այսօր խախտում են Ադրբեջանի կազմի մեջ մտած տարածքներում բնակվող վրացիների տարրական իրավունքները: Ադրբեջանը «լավ ընկերոջ» քողի տակ` գրավում է վրացական տարածքները, մասնավորապես պատմական Դավիթ-Գարեջիի մի մասը` այնտեղ հաստատելով ադրբեջանցի սահմանապահներին, ովքեր էլ դառնում են բախումների հրահրման առանցքը: Պարբերականին հետաքրքրիր է, թե Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն ինչու ձայն չի հանում` սեփական հողը և ջուրը հետ վերադարձնելու համար: - Այն օրվանից, երբ Վրաստանի հող ու ջրի մի մասը, բնակչությամբ հանդերձ, անցավ Ադրբեջանի կազմի մեջ, հարևան երկրի ոստիկանության և անվտանգության ծառայության գործընկերները վրացիների նկատմամբ սկսեցին իրականացնել շովինիստական, հակամարդկային քաղաքականություն: Խստորեն վերահսկվում է վրաց լեզուն և ուղղափառությունը,-գրում է պարբերականը: Այնուհետև ներկայացվում է Ադրբեջանի կազմի մեջ մտած Սաինգիլոյում (նախկինում հին վրացական Հերեթի նահանգի մի մասը) բնակվող վրացիների անանուն բողոքները: Ըստ պարբերականի, վրացի բնակիչները, վախենալով Ադրբեջանի ոստիկանությունից, իրենց անունները չեն բացահայտում: - Անցյալ տարի, Թբիլիսիից հյուրեր ունեի և վրացական երաժշտություն էինք լսում: 20 րոպե անց Ադրբեջանի անվտանգության ծառայության տեղական բաժնից երկու հոգի հայտնվեցին դռան մոտ և պահանջեցին անջատել երաժշտությունը: Երբ հյուրերը բացատրություն պահանջեցին, նրանց տարան բաժանմունք,- հայտնել է վրացի բնակիչը: Մեկ այլ տեղաբնակ էլ հավելել է. - Գյուղում չկա վրացական ո´չ դպրոց, ո´չ մանկապարտեզ, իսկ սահմանից չեն թողնում անցկացնել վրացերեն գրքեր: Սահմանապահներն այնպես են փորփրում պայուսակները, որ անգամ թերթ չենք կարող անցկացնել: - Տանը վրացական դրոշ ունեի: Նոյեմբերի 23-ին` վրացական «Գիորգոբա» տոնի օրը, երեխաս այն վերցրեց և վազեց բակ: Հանկարծ էլի հայտնվեցին ադրբեջանցի ոստիկանները, խլեցին դրոշը և բավականին լուրջ խնդիրներ առաջացան,-բողոքել է մեկ այլ բնակիչ: - Այն, ինչ այսօր կատարվում է վրացի բնակիչների հետ, շատ վատ է: Եղբայրությունը և ընկերությունը միակողմանի չեն լինում: Կոչ եմ անում վրացական կողմին և Վրաստանի կառավարությանը` ուշադրություն դարձնել տեղի բնակիչներին, որոնք դիմակայելով ճնշումներին, պահպանում են վրացական ավանդույթները, մշակույթը և լեզուն,- հայտարարել է Հերեթիի եպիսկոպոս Մելքիսեդեկը: «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի կողմից. Վրացական թերթում տպագրված այս հոդվածից մենք այն տպավորությունը ստացանք, թե Ջավախքում ստեղծված իրավիճակն է ներկայաց ված` հավանաբար շփոթելով Վրաստանն ու Ադրբեջանը: Այսօր Հայաստանից Ջավախք արգելված են գրքերի, ուսումնական ձեռնարկների, հայկական մամուլի փոխադրումները: Աստիճանաբար լուծարվում են հայկական դպրոցները, սահմանափակվում են հայոց լեզվի դասաժամերը, իսկ «Հայ ժողովրդի պատմություն» առարկան առհասարակ հանված է Ջավախքի դպրոցական ծրագրերից...