Համակարգային փոփոխություններն այլընտրանք չունեն


Ի հեճուկս ամառային տոթի, նախընտրական գործընթացներն, այնուամենայնիվ, արդեն սկսել են իրենց մասին հիշեցնել` ակնարկելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարող են և հետաքրքիր ընթացք ունենալ: Ու դա բոլորովին էլ չի պայմանավորվում համապետական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին ՀԱԿ-ի չդադարող բարձրաձայնումներով: Օրերս Հնչակյան և Դեմոկրատական կուսակցությունների նախաձեռնությամբ կայացած` սոցիալիստական և սոցիալիստամետ քաղաքական ուժերի համաժողովում ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը հայտարարեց, որ այդ հավաքը դեմոկրատական սոցիալիզմի գաղափարախոսության շուրջ համախմբված շարժման սկիզբն է, որի նպատակն է երկիրը ձերբազատել ծայրահեղ լիբերալիզմի համակարգից: Ներքաղաքական զարգացումների մասին է զրույցը Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: - Համաժողովում բավական հետաքրքիր մտքեր հնչեցին: Իսկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էլ ասել էր, թե Հայաստանը կշահի, եթե ընտրությունների արդյունքում ոչ միայն ձևավորվի սոսկ իշխանություն և ընդդիմություն, այլ գաղափարախոսությունների առումով երկրի քաղաքական ներկապնակն ավելի բազմազան լինի: Դուք որքանո՞վ եք վստահ կամ համոզված, որ առաջիկա ընտրություններում` գաղափարական պայքարի արդյունքում, Հայաստանում հնարավոր է ձևավորել այդպիսի ներկապնակ: Մեզանում ընտրություններում, կարծես, այլ գործոններ են աշխատում, և գաղափարախոսություն ների միջև ընտրություն չի կատարվում: - Մի ճշտում անենք. ժողովրդին այդպիսի հնարավորություն չեն տալիս: Ժողովուրդը միշտ էլ պատրաստ կլինի ծրագիր ընտրել, ոչ թե ենթարկվել գյուղապետի, մարզպետի կամ տեղի, այսպես կոչված, հեղինակության թելադրանքին: Մեղավորը նրանք են, ովքեր իրենց վրա պատասխանատվություն վերցրեցին և իշխանությունն օգտագործեցին ի նպաստ մի խումբ մարդկանց շահերի: Ի սկզբանե Հայաստանում ժողովրդի շահերից բխող քաղաքականություն գրեթե չի եղել: Երբ խոսում էին իշխանափոխության մասին` նկատի ունենալով, թե դրա արդյունքում կարելի է փոխել իրավիճակը, մոռանում էին, որ իշխանափոխություն հասկացողությունը զուտ դեմքեր փոխելը, մարդկանց մեկով մյուսին փոխարինելը չի: Երկու նախագահ փոխվել է, բայց այս ընթացքում իշխանության գաղափարախոսությունը չէ փոխվել: Ինչպես սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նույն` ծայրահեղ ազատական քաղաքականությունն է վարվել. այսօրվա իշխանություններն էլ փորձում են ինչ-որ կոսմետիկ փոփոխություններ անել, բայց չեն կարողանում, որովհետև համակարգը թույլ չի տալիս: - Համակարգային փոփոխության անհրաժեշտության մասին Հայաստանում խոսվել է սկսած 1995 թվականից: Սակայն ոչ մի կերպ դրան հասնել չի հաջողվում: - Մենք ունենք որոշակի դառը փորձ: Փորձում էինք ձերբազատվել Լ. Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի իշխանությունից և գտնում էինք, որ կարելի է տարբեր գաղափարա խոսություն կրող քաղաքական ուժերի միավորմամբ հասնել համակարգի փոփոխության: 96-ին մենք այդ փորձն արեցինք: 98-99թթ նույնպես այդպիսի մոտեցում ձևավորվեց, երբ Կարեն Դեմիրճյանը փորձեց մրցակցել Ռ.Քոչարյանի հետ: Բայց այն ժամանակվա իրավիճակն այլ էր և բնորոշվում էր Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդրով: Քաղաքական դաշտում տարաձայնություններն ընդգծված գաղափարախոսությունների ոլորտում չէին, այլ, թե Ղարաբաղի հարցում ինչպիսի քաղաքականություն պետք է վարել: Առաջարկվեց Վազգեն Սարգսյան-Ռ.Քոչարյան քաղաքական նոր գիծը, որը շատ արագ փոխվեց, երբ գործը հասավ ներքին տնտեսական, սոցիալական խնդիրների կարգավորմանը: Տեսանք, թե ինչ վախճան ունեցավ Վ.Սարգսյան-Կ.Դեմիրճյան դուետի ձևավորած «Միասնությունը»: Այսինքն, առ այսօր փորձ չենք արել ձևավորել գաղափարական մրցակցության դաշտ: Մենք հիմա դա ենք ուզում իրականացնել: Դրա համար էլ ասացինք` սա շարժման սկիզբ է. այն շարժման, որը պետք է ժողովրդական դառնա: Եթե հաջողվի համախմբել գաղափարական նույն հենք ունեցող մարդկանց, ուրեմն ընտրություններում մեր այս շարժումը, որը կգլխավորեն քաղաքական կուսակցությունները, կունենա իր արդյունքները: - Զրույցի սկզբում ասացիք` ժողովուրդը մեղավոր չէ, որ իրեն նաև գումարով են պարտադրել այլ կերպ քվեարկել: Բայց իրականությունից չկտրվենք: Արդյո՞ք, չեք գտնում` դեգրադացվածությունն այնքան խորն է, որ հնարավոր է նույնիսկ երեք հազարով քվեներ գնել: - Ամեն ինչ կախված է այն բանից, թե իշխանության ղեկին կանգնածներն ինչ տրամաբանությամբ են մոտենալու այս ընտրապայքարին: Եթե նրանք նույն տրամաբանությամբ շարունակեն, ինչպես եղել է 1995թ. ընտրություններից սկսած, ապա իհարկե, ոչինչ չի փոխվի. կլինի կեղծիքներով առատ ընտրություն, ևս մի «մարտի 1», որը շատ ավելի արյունալի կարող է լինել: Որովհետև փորձը ցույց է տալիս, որ այնպես չի, ժողովուրդը լուռ ու մունջ հետևում է, թե ինչ է անում իշխանությունը: Առավել ևս` այսօրվա իշխանության գլուխ կանգնած մարդիկ իրենք էլ են հասկանում, որ սա արդեն վերջն է. եթե նույնը շարունակվեց, մեր հեռանկարը հայաթափումն է: Ես կարծում եմ` շատ շահեկան կլինի Սերժ Սարգսյանի համար, ով հաջորդ տարի նախագահական ընտրության պետք է գնա, որպեսզի խորհրդարանի ընտրությունները լինեն անհամեմատ ավելի որակյալ: Հասկանում եմ` իրողությունն այնպիսին է, որ ասել, թե հարյուր տոկոսով արդար ընտրություններ կլինեն, հնարավոր չէ: Հասկանում եմ, որ ժողովուրդն այնքան աղքատացած է ու քաղաքականությունից, ամեն ինչից հեռու և օրվա հաց հայթայթելու խնդիրն է միայն նրան հետաքրքրում: Բայց հասարակության ութսուն տոկոսի բախտը միշտ որոշում է տասնհինգ-քսան տոկոս ակտիվ զանգվածը: Եթե հասնենք այն արդյունքին, որ այդ ակտիվ մասը դառնա երեսուն հինգ- քառասուն տոկոս, արդեն մեծ հաղթանակ է: - Ասացիք` երբ դրվեց համակարգային փոփոխություններ կատարելու հարցը, այն ժամանակ առաջնային էր Ղարաբաղի խնդիրը: Այսօր այն, իմ կարծիքով, ավելի վտանգավոր փուլում է, որովհետև գերտերությունների շահեր են բախվում դրա շուրջ: Դուք չե՞ք համարում, արդյոք, որ Ղարաբաղյան խնդիրը, որը նաև ընտրություններում գործոն է դարձել, այս անգամ ևս կարող է բարենպաստ չլինել արդար ընտրությունների կայացման առումով: - Արցախի հարցը կարևորագույնն է մեր ազգի համար: Դա առանձին խնդիր է: Իմ կարծիքով, ինչ ճնշում էլ լինի, միևնույն է` Լեռնային Ղարաբաղի հիմնարար հարցի` կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմը ոչ մի զիջման չի կարող գնալ. դա բացառված է: Համաժողովում ես հատուկ չանդրադարձա արտաքին քաղաքականությանը, որովհետև այս պահին կարևոր է, որ ներքին խնդիրները կարգավորվեն, որպեսզի մենք շատ ավելի ամուր ու կայուն մեզ զգանք և կարողանանք պատասխան տալ այդ մարտահրավերներին: Մի կարևորագույն հարց կա. Հայաստանի իշխանությունը հասկանում է նաև ձևավորված ներքին ծանր իրավիճակի կարևորությունը: Եթե հասկանում է, ուրեմն քայլեր պետք է անի: Եթե չի անի, այդ դեպքում, որպեսզի նաև Արցախի հիմնահարցում հաջողություն ունենանք, ուղղակի առավել, քան անհրաժեշտություն է դառնում այս համակարգի և իշխանության հեռացումը: - Մեր տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանում, բոլոր առումներով, Ռուսաստանի ազդեցությունը հսկայական է: Այնուամենայնիվ, պարտադի՞ր էր արդյոք, որ Ռուսաստանում «ժողովրդական ճակատ»-ի շարժում սկսվեր, որպեսզի մեզ մոտ էլ նման քայլ արվեր: Ինչ-որ շատ չե՞ն իրար նման: - Եթե չեք մոռացել, ես այս միավորման գաղափարի մասին ասել եմ շատ վաղուց: Ավելի կոնկրետ` անցյալ տարվա հոկտեմբերից սկսած` հեռուստատեսային մի քանի ելույթներումս ներկայացրել եմ, և հետո էլ շարունակել ենք մեր հայտարարություններում ասել, որ այս իրավիճակն աննորմալ իրավիճակ է, և անհրաժեշտ է երկրում գաղափարական մրցակցություն ապահովել: Մի փնտրեք այն, ինչը գոյություն չունի: Մենք հետևում ենք, թե Ռուսաստանում ինչ է կատարվում, բայց դա բացարձակ կապ չունի մեր երկրի այսօրվա քաղաքական դաշտի ձևավորման հետ: Մենք ժողճակատ չենք ստեղծում, ուզում ենք ձևավորել դեմոկրատական սոցիալիզմի համակարգի ջատագովների միասնություն: Բոլորովին տարբեր բաներ են: Մեկն ինձ հարցնում էր` արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի համար չի: Եղբայր, վերջ ի վերջո ձերբազատվեք այդ բոլոր ֆանտաստիկաներից: Ուղղակի ծիծաղելի է` կասկածել հատկապես Դեմոկրատական կուսակցությանը, թե մենք անդրկուլիսային ինչ-որ բաներ ենք անում, որովհետև չեք կարող մի դեպք ասել, որ այսքան տարվա ընթացքում Դեմկուսն ինչ-որ ինտրիգների է մասնակցել: Մենք զուտ մեր գաղափարական ծրագրով ենք առաջնորդվում: Այն` «Դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելը», ձևավորվել է մեր կուսակցության մեծերի շնորհիվ` ակադեմիկոս Խոջաբեկյանի, լուսահոգի Հակոբ Հակոբյանի, ակադեմիկոս Գյուլխասյանի, Սիլվա Կապուտիկյանի և բոլոր այն մարդկանց շնորհիվ, ովքեր այս կուսակցության հիմնադիրներն են եղել:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ