Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


Հուլիսի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովը: Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, զորամասի, գումարտակի, դիվիզիոնի, վաշտի, մարտկոցի հրամանատարներ: Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Հարգելի´ սպաներ. Վերջին պատերազմում հայ ռազմիկի հարվածներից խորտակվել են բոլոր ամրությունները: Այդ հարվածների թափը թշնամու շարքերում սերմանել է խուճապ և հուսահատություն: Արդյունքում նույնիսկ շարքեր չեն մնացել: Մենք պարբերաբար տեսել ենք անկանոն փախուստի մատնված թշնամու թիկունքը: Մեր կրակահերթերն ու համազարկերը մարդու և ազգի ազատության, մարդու և ազգի արժանապատվության փառաբանումներ էին: Մեր ռազմիկների հարաբերությունները` հրամանատարներից մինչև զինվորներ, ընկերասիրության, փոխօգնության ու զենքի եղբայրության դասագրքային օրինակներ էին: Մենք չենք ընկրկել ո´չ անփորձ նորակոչիկների, ո´չ փորձված վարձկանների և ո´չ էլ հակառակորդի բազմապատիկ ավելի գլխաքանակի առաջ: Դրանք մեզ համար զգոնության լրացուցիչ ազդակներ էին: Այո´, մենք հաղթեցինք տևական, ծանրագույն և անհավասար պատերազմում: Ոմանք «անհավասար պատերազմ» ասելով նկատի ունեին այն իրողությունը, որ Ադրբեջանն ուներ ավելի շատ փող, ավելի շատ տեխնիկա և կենդանի ուժ: Դա ճիշտ է, բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք: Ազատասերը կռվում էր զավթիչի դեմ, և ազատասերը մենք էինք: Արդարը կռվում էր անարդարի դեմ, և արդարության մարմնավորումը մենք էինք: Այսօր էլ մենք խաղաղության կողմնակիցն ենք, բայց եթե զավթիչների ու անարդարների մտքով նոր արկածախնդիր մտադրություն անցնի, վայրկյան անգամ չեմ կասկածում` նորից անհավասարություն կլինի, ու մենք էլի կլինենք ուժեղը, որովհետև հայրական տունն ու հայրենիքը պաշտպանողը անպարտ է ու անկասելի: Հարգելի´ սպաներ. Այդ «մենք»-ի մեջ առաջին հերթին հիմա դուք եք: Հավատացնում եմ ձեզ` դա իսկապես մեծ պատիվ ու բախտավորություն է ձեզնից յուրաքանչյուրի համար: Մաղթում եմ ձեզ հաջողություն և անփորձանք ծառայություն: Հավատում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով և Աստված ձեզ պահապան: Սեյրան ՕՀԱՆՅԱՆ ՀՀ պաշտպանության նախարար ... Անկասկած, բոլոր հաջողությունները, մանր ու մեծ ձեռքբերումները կայանում են հրամանատար-ենթակա ամուր կապի, փոխադարձ հարգանքի ու վստահության շնորհիվ: Եվ ընդհակառակը` գրեթե բոլոր դժբախտ պատահարների ու թերացումների պատճառը բոլոր կարգի հրամանատարների ու ենթակաների ոչ ճիշտ փոխհարաբե րություններն են. մի դեպքում` հրամանատարի ոչ ճիշտ մոտեցումը, մի այլ դեպքում` ենթակայի ոչ գիտակցական վերաբերմունքը: .... Զինվորներն են բանակի ամենամեծ արժեքը, ում դուք պիտի փայփայեք ու սովորեցնեք այն ամենը, ինչ ժամանակին սովորեցրել են ձեզ, վերացնեք ձեր և ենթակաների միջև առաջացող հոգեկան անջրպետն ու նրանց դարձնեք ո´չ թե նսեմացած և «կույր» ենթականեր, այլ ինքնուրույն մտածող, նախաձեռնող ու համարձակ մարտիկներ: Հավատացնում եմ, որ այդպիսի ենթականեր ունեցող պետն է միայն ունակ իր ստորաբաժանման կազմով մեծ հաջողության հասնելու: Ինձ վրա մեծ տպավորություն է գործել ռուսական պատմությունից մի դրվագ: 1725թ. Հյուսիսային պատերազմում փառաբանված իշխան, գեներալ-ֆելդմարշալ Գոլիցինը Շլիսելբուրգի (Նոտեբուրգի) գրավման ժամանակ` երկու անհաջող գրոհից հետո, ստանում է թագավորի կտրուկ հրամանը` անհապաղ նահանջել ամրոցի պատերից: Հրամանը չկատարելու դեպքում թագավորը սպառնում է, որ գլուխը կպոկի ուսերից (այսինքն` մահապատժի կենթարկի): Սակայն իշխանը չվախեցավ պատասխանել, որ իր գլուխը վաղը ևեթ կլինի թագավորի տրամադրության տակ, իսկ այսօր նա դեռևս կծառայի իրեն, և երրորդ գրոհով վերցրեց ամրոցը: Արդյունքում գլուխը կորցնելու փոխարեն` իշխանը մեծարվում է: Երբեք մի´ մոռացեք, որ ձեզ բարձրացնո´ղն էլ, նսեմացնո´ղն էլ զինվորն է: Նրա հետ են կապված ձեր հաջողությունները և, ամենակարևորը, անխուսափելիորեն միմյանց են փոխկապակցված նաև ձեր ճակատագրերը: Այս մասին շատ դիպուկ է ասել ռուս մեծ իշխան և զորավար Դմիտրի Դոնսկոյը` Կուլիկովյան հայտնի ճակատամարտից առաջ հանդես գալով զորքի առջև. «Իմ սիրելի´ եղբայրներ, ահեղ օրը մոտեցել է,- ասել է նա,- մենք վաղը ճակատամարտելու ենք, և բոլորս խմելու ենք նույն գավաթից»: Ահա սա´ պիտի գիտակցի յուրաքանչյուր հայ սպա, որ Աստվածաշնչում հիշատակվող «դառնության բաժակը» ինքը անհրաժեշտության դեպքում իր զինվորի հետ պիտի խմի: ...Հայ ժողովուրդը սիրում է իր բանակն ու հավատում նրան: Արժանի´ եղեք այդ վստահությանը ձեր անմնացորդ ու նվիրված ծառայությամբ: Մեջբերեմ լուսահոգի Վազգեն Սարգսյանի դիպուկ խոսքերը. «Հայոց բանակի սպան պետք է ամենաարտոնյալ խավը լինի հանրապետությունում: Դա ոչ այնքան սպային է պետք, որքան` հասարակությանը»: Հավատացա´ծ եղեք, որ հանրապետության ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ողջ հասարակությունը կանգնած են ձեր թիկունքին և չեն խնայում ձեզ համար ոչինչ: