ԱՅՍՏԵՂ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ ԱՐԺԵՔՆԵՐ


20-րդ դարավերջը նշանավորվեց լինելիության ու գոյատևման պայքարով: Ի՞նչ գնով ձեռք բերվեց հաղթանակը և ի՞նչ տվեց գոյապայքարը: Կարողանո՞ւմ ենք սերունդ դաստիարակել քաջերի կերպարով, ծնվո՞ւմ են նոր նվիրյալներ: Այս և այլ հարցերի բացահայտմանն էր միտված երկխոսությունը ՀՅԴ գերագույն մարմնի հանձնախմբի ազատամարտիկների պատասխանատու Իգոր ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: 1928-ին նախնիները գաղթել են Հին Բայազետից և բնակություն հաստատել Սևանում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, սակայն հանգամանքների բերումով տեղափոխվել Հայաստան: 1991-ին ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժնում ուսանելու տարիներին անդամագրվել է Նիկոլ Աղբալյան ուսանողական միությանը: - Այդ օրերին ընկերներիցս շատերն արդեն պատերազմի փորձ ունեին և եղել էին Գետաշենում: Բնականաբար ուղիներ էի փնտրում` ինչպե՞ս լինել կրակի գծում, ո՞ւմ հետ գնալ: Նրանք խորհուրդ տվեցին Դաշնակցության ջոկատ ընդգրկվել: Տղաներն աշխատում էին անպայման մասնակցել կռիվներին, թաքնվողներ չկային: Անդամագրվել էր և 91-ի աշնանը Ղարաբաղում էր` մարտական մկրտություն ստանալով Կրկժանում: Մինչև զինադադարը մասնակցել է մի շարք վայրերի մարտական գործողություններին` Լեսնոյի, Շուշիի ազատագրմանը, Հասանաբադի կռիվներին, ապա` Բերդաձորում, Մարտակերտում, որտեղ կասեցվել է թշնամու առաջխաղացումը: Հետո Մարտունի, Ֆիզուլի… - Այն ժամանակ հստակ մտածումը մեկն էր` մենք զավթողական պատերազմ չէինք վարում, մերը ազատագրական պատերազմ էր: Կորսված, մեզանից խլված հողերն էին, և մենք պարտավոր ենք պատմության այդ հատվածում ետ բերել, քանզի մեզ էր բաժին հասել այդ պահը պատմական: Մեր ծնողներից լսել էինք` ինչ-ինչ պատճառներով էին հայտնվել այստեղ: Եվ իրենց զավակների ականջներին շշնջացած մարդիկ այդ սերնդին ոտքի հանեցին, իսկ սերունդը գիտակցում էր` ինչի համար է գնում: Եթե կարող էինք, պետք էր ետ բերեինք, թեկուզ որոշ հատվածներ… Հայը պետք է վերադառնա նախնիների օրրանը, դա միանշանակ է: Հավատում եմ, վստահ եմ, որ մի օր մեր զավակները, թոռները բնակվելու են Աստծո տված իրենց տանը: Որքան փորձում եմ հասկանալ մեր տեսակը, մեր գենը, ամեն ինչ պտտվում, գալիս է մեր նախնյաց տան շուրջ` Եդեմի պարտեզ, Եփրատի ափեր` վերադարձ ի շրջանս յուր: Մենք տառապել ենք նաև նրա համար, որ չենք սիրել մեր հայրենիքը, մեր տունը, դրա համար խլվել է մեզանից: Միգուցե նաև նրանից է, որ շատ չենք հավատացել Աստծուն, որ նման հարվածների ենք ենթարկվել: Մենք հավատավոր ազգ ենք… Մեզ հատուկ է դժվար պահերին համախմբվելը … Բոլոր դարերում միշտ հրամայական է եղել մեր ինքնությունը պահպանելը: Եվ հենց այդ տարիներին էլ հստակ գիտակցում էին, որ առանց զենքի` չկա Հայոց փրկություն, առանց պատերազմի` ոչ ոք հող չի տալու: Պայքարի, կռվի, արյան գնով պետք էր վերադարձնել պատմական հողերը: - Այդպես էլ եղավ` հենց առաջին իսկ պահերից: Այդ ժամանակվա թե´ գորբաչովյան իշխանությունը, թե´ Ադրբեջանի, Թուրքիայի իշխանություններն առավելագույնն անում էին` Ղարաբաղը հայաթափելու, ոչնչացնելու համար` հարցն ի սպառ լուծելով: Միայն զինյալ պայքարով կարելի էր ետ բերել: Եվ մենք այդ ուղին նախընտրեցինք: Հիմա, երբ շատ մարդիկ հորջորջում են հայրենիք, ազգ, հիշում եմ` այն ժամանակ ասում էին` ի՞նչ պայքար, մենք կարո՞ղ ենք Ադրբեջանին դիմակայել, Թուրքիան էլ մյուս կողմից կհարձակվի, կոչնչացնի: Չեմ ուզում թշնամանք սերմանել. մենք դեռևս այն ժամանակ էլ թշնամանք չսերմանելով գնացինք հաղթելու: Հաղթանակն առանց կորուստների չի լինում: Պատերազմում անհայտ էլ են կորչում: Նրանք պատերազմեցին ու հաղթեցին: Նրանք արժեքներ են, նրանց պետք է փառաբանել, ընտանիքին մխիթարել, պարտավոր ենք մխիթարել բոլորս: Արևի տակ մեր տեղն ունենալու համար այլ կերպ չենք կարող: Փոքրաթիվ ազգ ենք, տնտեսապես հզոր չենք, բոլորն աչք ունեն այս տարածքի վրա, շրջապատված ենք թշնամի երկրներով, եթե ուժ ցույց չտվեցինք, գալու են ու եղածն էլ խլեն: Իսկ ողջ մեր պատմության ընթացքում մշտապես տարածքներ են խլել մեզանից: Կանգնելու ենք ինքնությունը, տեսակը պահպանելու խնդրի առաջ. ապագայի ու սերնդի մասին խոսք լինել չի կարող: Մենք մեծագույն հարստություն` պետություն ունենք: Որքան ժանամակ հայը պետություն չի ունեցել, կարողացել է կղզյակներով ապրել, իրեն պահպանել է ու վերստեղծել իր պետությունը, կորուստների ու արյան գնով վերականգնել է իր պետականությունը: Պետության մեջ կարող ես պահպանել ինքնությունդ, լեզուդ, տեսակդ, սահմաններդ: Ո՞ւր գնալ, ո՞ւմ ես թողնում քո տունը… Բնության մեջ միշտ մարտնչող տեսակն է ապրում: Հայրենիքը, պետությունն սկսվում է սահմանից, մարտի դաշտից, որտեղ պաշտպանվում է ընտանիքների անդորրը, անվտանգությունը:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ