Հյուրասրահ - Համախմբող ուժի անհրաժեշտությունը մեծ է


Թե´ մեծ, թե´ փոքր` բոլորը սիրում ու ճանաչում են նրան` Արցախյան ազատամարտի լեգենդին... Այնքան շատ են լույսն ու ազնվությունը նրա մեջ: Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի` նշանավոր Կոմանդոսի անունն անխզելիորեն միահյուսված է գոյապայքարի ամենափառահեղ հաղթանակի` Շուշիի ազատագրման հետ: Այսօր էլ Արցախի հերոսն իր գիտելիքներն ու փորձն է ներդնում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության անչափ կարևոր գործում, դառնում նրանց խորհրդատուն ու ընկերը: Իսկ երիտասարդի գիտակցության մեջ ավելի պարզորոշ է ուրվագծվում իրական հերոսի նկարագիրը: Արդեն տասը տարի ղեկավարելով ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերությունը (ԴՕՍԱԱՖ), գեներալ-մայորն օրեր առաջ վերընտրվեց իր պաշտոնում, ինչի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք: Տեղի ունեցավ նաև ՀԿ անվանափոխություն, և որոշակի փոփոխություններ մտցվեցին կանոնադրության մեջ: - Մենք հարուստ փորձ և պատմություն ունենք: Այդ փորձը ժամանակին օգտագործել են արտասահմանյան շատ երկրներ` ԱՄՆ, Գերմանիա և այլն: Այսօրվա նպատակը մեր արմատներին վերադառնալն է: Վերանվանեցինք մեր կազմակերպությունը, ժամանակին շատ բարդ անվանում ուներ: Խորհրդային Միության փլուզումից հետո դարձել էր նախ` ընկերություն, ապա` ՀԿ: ԴՕՍԱԱՖ բառը վերականգնեցինք ոչ որպես հապավում (ԺՏոՐՏՉՏսՖվՏպ ՏոքպրՑՉՏ րՏՊպռրՑՉՌя ՈՐՎՌՌ, ՈՉՌՈՓՌՌ Ռ ՒսՏՑց): Օրենքը թույլ է տալիս հանրահայտ անունները կազմակերպության անվանման մեջ օգտագործել. դրա համար վերականգնեցինք ԴՕՍԱԱՖ անվանումը: Հատկապես վերջին համագումարից հետո շեշտը դնում ենք հայրենասիրական դաստիարակության, ռազմակիրառական տարբեր մարզաձևերի զարգացման վրա: Դպրոցական տարիքի երեխաներին նախազորակոչային հմտություններ ենք փոխանցում, հավաքներ ենք անցկացնում դպրոցների զինղեկների հետ: Երեխաներին կտանենք կրակել սովորելու: Մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք: Ադրբեջանն այսօր դիպուկահարներ է պատրաստում, տանում շփման գիծ: Ինչ-որ չափով փորձում ենք այս հարցերի վրա ուշադրություն դարձնել, որ երեխան բանակ զորակոչելիս` արդեն պատրաստ լինի, որոշակի գիտելիքներ ունենա: Մեր վերափոխված կանոնադրության ընդունման և անվանափոխության հիմնական իմաստը սա է: Արդեն սեպտեմբերից կգործի ԴՕՍԱԱՖ-ի վերանորոգված, ժամանակակից պահանջներին լիովին համապատասխանող հրաձգարանը: Այն միակն է լինելու, որտեղ թույլատրվելու է ծառայողական զենք կիրառել: Թեև վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, հրաձգարանի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը հավաստիաց նում է, որ մեծ է երիտասարդների հետաքրքրությունն ու ոգևորությունը: - Մեր նախագահը շատ սրտացավ վերաբերմունք ունի, ջանք չի խնայում, շատ հոգատար է, անընդհատ հետաքրքրվում է աշխատանքների ընթացքով: Մեզ հետ զրույցում երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանն առնչվող խնդիրների շուրջ իր խոհերը կիսեց Արկադի Տեր- Թադևոսյանը: - Անընդհատ անմիջական շփում ունենալով երիտասարդների հետ` ինչպե՞ս կբնութագրեք մատաղ սերնդին: Ինչպիսի՞ երիտասարդություն ունենք այսօր: - Հայրերի և որդիների պայքարը հարատև է: Ավագ սերունդը միշտ կարծում է, որ ինքն ավելի շատ է սիրել հայրենիքը, քան այսօրվա սերունդը: Այս հարցում կարող եմ համաձայնել միայն այն առումով, որ Խորհրդային իշխանության տարիներին գոյություն ունեին երիտասարդների դաստիարակության հատուկ համակարգեր` պիոներա կան, կոմերիտական կազմակերպություններ, որոնք նպատակաուղղված էին հայրենասիրություն սերմանելուն: Խոսելով երիտասարդության մասին` անհնար է չհիշել Արցախյան ազատամարտը: Այս պատերազմում շատ մեծ էր երիտասարդների դերը, գալիս էին 15-18 տարեկան պատանիներ ու հերոսաբար կռվում: Երբ վտանգված էր հայրենի հողը, նրանց միավորեց հայրենիքի նկատմամբ սերը: Եվ այնքան մեծ էր այդ սերը, որ կարողացանք հաղթանակ տանել անհավասար այդ պատերազմում: Անկախության ձևավորումից հետո երիտասարդական շարժումը կարծես թե և´ դարձավ, և´ չդարձավ պետական համակարգի մաս: Բացի այդ` յուրաքանչյուր կուսակցություն սկսեց ձևավորել իր երիտասարդական թևը: Սա, իհարկե, բացասական չեմ գնահատում: Ավելի լավ է, քան ոչինչ չանելը: Սակայն յուրաքանչյուր կուսակցություն ունի իր գաղափարախոսությունը, և երիտասարդությունն էլ ակամա դառնում է դրա կրողը: Չի կարելի երիտասարդությանը տարանջատել, պառակտել: Պետք է նրանց միավորել: Համախմբող ուժի անհրաժեշտությունը մեծ է: Այսօր ամեն ինչ փոխվել է: ժամանակն առաջ է ընթանում: Արտաքին աշխարհի հետ կապերը սերտ են, հաղորդակցության միջոցներն ընդլայնվել են: Այս պայմաններում երիտասարդներին համախմբող այդ ուժի գոյությունը պարզապես անհրաժեշտություն է: Անկախ կուսակցական պատկանելությունից` ամենակարևորը սերն է հայրենիքի նկատմամբ և նրա պաշտպանությունը: Պետք է ունենանք ուժեղ ու պատրաստված երիտասարդություն և ուժեղ ազգ: Այս առումով երիտասարդությունն օգնության կարիք ունի: Երիտասարդները սիրում են լավ ապրել, ձգտում են ունենալ գեղեցիկ մեքենա, սանրվածք և այլն: Սակայն շատ դեպքերում հնարավորությունները սուղ են լինում: Ծագում են տարբեր խնդիրներ, ինչի արդյունքում հեռանում են երկրից և այլն: Սա ևս ինչ-որ տեղ օրինաչափ է, ոչ ոք չի կարող արգելել: Բայց մարդու բնույթն այնպիսին է, որ նա պատրաստ է գնալ ինքնազոհաբերման` եթե հասկանա, գիտակցի` ինչի համար: Հասկանա, որ պետք է, կարող է անել ինչ- որ բան: Այս ամենով հանդերձ, որքան ավելի լավ եմ ճանաչում մեր երիտասարդներին, հիանում եմ նրանցով: Երբեք չի կարելի խոսել ինչ- որ բացասական գծերի մասին: Հակառակը` պետք է հպարտանանք նրանցով և պարտավորված լինենք` մեր փորձը փոխանցել նրանց, զրուցել, խորհուրդներ տալ և օգնել ինչպես հնարավոր է: Ահա մեր գլխավոր խնդիրը: Գտնում եմ, որ ես պարտավորված եմ երիտասարդության առաջ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ