ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ ԺԱՄԱՆԱԿԸ


ՀՀ ժողովրդական արտիստուհի, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Գալյա Նովենցը ծնունդով երևանցի է: Ծնվել է ստալինյան սարսափներով լեցուն 1937 թվականին: Դերասանուհին իր մասին ասել է. - Ես ծնվել եմ Երևանում: Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, և ես տատ ու պապիս չեմ տեսել: Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում: Ծնողներս հասարակ մարդիկ էին, ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական, ավանդապաշտ ընտանիք էր: Հայրս ժամանակին նվագել էր զինվորական նվագախմբում, իսկ մայրս շատ գեղեցիկ երգում էր: Բացի այդ, մեզ հետ էր ապրում իմ մորաքույրը, որը դերասանուհի էր: Եվ ահա ես ժառանգեցի նրանց բնատուր հակումները: Մանուկ հասակից սիրում էի շնորհներս ցույց տալ հանդիսատեսի առջև. դպրոցական բեմում, բակային ճամբարներում թե տանը` երգում էի, պարում, նմանակում, մանրապատումներ էի բեմադրում: Այդուհանդերձ, մանկության ամենաջերմ ու տպավորիչ հիշողությունը կապված է մեր անհատնում խաղերի հետ: Տուն էինք վերադառնում կեսգիշերին: Ու չնայած հետպատերազմյան կարիքին ու թշվառությանը, իրոք, մանկաբար երջանիկ էինք: Գալյա Նովենցի մորաքույրը հայ բեմի և կինոյի նշանավոր դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Լյուսյա Հովհաննիսյանն էր` Խորեն Աբրահամյանի կյանքի երկարամյա ընկերուհին, նրա երկու զավակների` Բաբկենի և Թամարի մայրը: Դերասանուհի մորաքույրը նպաստել է իր զարմուհու ընտրությանը, օրինակ եղել նրա համար: Դերասանուհի դառնալու ցանկությունը մեծ էր, Գալյան կամենում էր դառնալ կինոդերասանուհի, ուստի մեկնեց Մոսկվա, դիմեց Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտ, սակայն նրան բախտը չժպտաց. միավորները չբավականացրեցին` այս նշանավոր բուհի ուսանողուհի դառնալու համար: Վերադարձավ Երևան և 1954 թ. ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Ավարտեց ականավոր մանկավարժ և բեմադրիչ Արմեն Գուլակյանի ստեղծագործական արվեստանոցը, ուր սովորում էին նաև Արմեն Ջիգարխանյանը, այժմ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, Երվանդ Ղազանչյանը, Բարխուդար Ղազիյանը, Արծրունի Մանուկյանը, Գուժ Մանուկյանը և ուրիշներ: Թատերական կրթությանը մեծ տեղ է հատկացնում դերասանուհին, կարևորում է նրա արժեքը. - Պետք է շատ լուրջ վերաբերվել դերասանական արվեստին և հասկանալ, որ բեմ բարձրացող յուրաքանչյուր ոք դերասան չէ: Իհարկե, բնատուր օժտվածությունը կարևոր է հաջողության հասնելու համար, սակայն չպետք է անտեսել կրթության դերը, որը արտիստի համար բացահայտում է բազմաթիվ կատարողական մանրամասներ: Այսինքն` ի վերուստ տրված շնորհը պետք է զուգակցել գիտելիքի և տքնաջան աշխատանքի հետ: Դերասանը պետք է լինի բազմակողմանի զարգացած, իրազեկ: Ինստիտուտն ավարտելուց հետո կուրսի հետ հայտնվում է Կապանի Շիրվանզադեի անվան թատրոնում, վերակենդանացնում այս թատրոնը, որը շատ վաղուց չէր երիտասարդացել: Մի քանի տարի Կապանում աշխատելով և Երվանդ Ղազանչյանի հետ ընտանիք կազմելով` Գալյա Նովենցը վերադարձավ Երևան և աշխատանքի անցավ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: 80-ից ավելի դերասան ունեցող ակադեմիականում դյուրին չէր ինքնահաստատման ճանապարհ անցնել: Սակայն երիտասարդ դերասանուհուն հաջողվեց ստեղծել մի քանի բեմատիպարներ, որոնք իրենց տեղը հաստատեցին այս թատրոնում: Հետո նրա կյանքում սկսվեց մի խելահեղ ընթացք: Աշխատեց Գյումրու Վ. Աճեմյանի, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոններում: Այս տարիներին ու այս թատրոններում նա ստեղծում է իր լավագույն բեմական կերպարները: Գալյա Նովենցին ճշմարիտ ժողովրդականություն ու մեծ ճանաչում բերեցին ֆիլմերը. իսկ նա հայկական կինոյի ամենից շատ նկարահանված դերասանուհին է, 20-րդ դարի ազգային կինեմատոգրաֆի այն մեծություններից մեկը, ով հաստատեց հայի կերպարի նոր ըմբռնումներ, փոխեց կինոյում ձևավորված պատկերացումները հայ կնոջ մասին: «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այստեղ, խաչմերուկում», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ուր էիր, մարդ աստծո», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և այլ ֆիլմեր Գալյա Նովենցին հնարավորություն տվեցին լիովին բացահայտելու իր յուրահատուկ դերասանական նկարագիրը: «Մեր մանկության տանգոն» ֆիլմը Գալյա Նովենցի «աստեղային ժամը» եղավ, առիթ տվեց համաշխարհային կինոյի շատ մեծությունների հիանալ նրանով, նրան հայկական կինոյի Աննա Մանյանի կոչել: Անտարակույս, հաճելի էր լսել այս համեմատության մասին, սակայն Գալյա Նովենցը հեռու էր Մանյանիից իր ներքին էքսպրեսիվ լուծումներով, իր խաղային առանձնատիպություներով, բնավորության ու հոգեբանության օբյեկտիվացման մեթոդաբանությամբ: Գալյա Նովենցը հիմա տարվա մեծ մասն ապրում է Լոս-Անջելեսում, իր հանգուցյալ որդու` տաղանդավոր դերասան Ստեփան Ղազանչյանի ընտանիքի հետ: Սակայն ժամանակ առ ժամանակ վերադառնում է Երևան, Հ. Պարոնյանի անվան թատրոնում խաղում իր խաղացանկի լավագույն դերերից: Ապրելով ԱՄՆ-ում` դերասանուհին իրեն երբեք ամերիկահայ չի համարում. - Միացյալ Նահանգներում, երբ փողոց եմ դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ: Հանգամանքների բերումով ես պարտավոր եմ լինել այնտեղ ու երբեմն ինքս ինձ խղճալու աստիճան հուզվում եմ: Հայրենիքը մնում է հայրենիք` չնայած իր պրոբլեմներին, թերություններին, դժվարություններին: Ես քայլում եմ Երևանի փողոցներով և զգում եմ, որ իմ տանն եմ. մարդիկ, փողոցները, ծառերը` ամեն ինչ իմն է: Օտարությունը սոսկալի ցավ է: Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով և բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել: Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը: Ես ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը: Դա մի վերաշնորհ պարգև է, որի գինն օտարության մեջ ես հասկանում...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ