Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԸ


Օրերս վանաձորյան մի քանի հասարակական կազմակերպություններ բողոքի ալիք էին բարձրացրել: Ըստ նրանց` քաղաքապետ Սամվել Դարբինյանը «այլանդակում է քաղաքի դեմքը, աղավաղում է քաղաքի գլխավոր հրապարակը», ինչի արդյունքում քաղաքը կորցնում է իր ճարտարապետական առանձնահատկությունը: Մի խումբ վանաձորցիներ մատնանշել էին, որ «Գուգարք» հյուրանոցի դիմաց քաղաքապետը կառուցում է սրճարան, որն անհարիր է շինության տեսքին: Բողոքողները նաև նշել էին, թե «հանցագործ մտադրություններն» իրականացնելու համար քաղաքապետը գլխավոր ճարտարապետ է նշանակել իր հարազատներից մեկին: Անշուշտ, այս բողոքը չէր կարող մեր ուշադրությանը չարժանանալ. հարցը վերաբերում է քաղաքի գլխավոր հրապարակին, որն իսկապես ճարտարապետական ուշագրավ մի հղացում է` ազգային դիմագծով, անսամբլի հրաշալի համադրմամբ: Մենք շտապեցինք Վանաձոր, եղանք Հայքի հրապարակում, հանդիպումներ ունեցանք քաղաքապետարանի պատասխանա տուների, ինչպես նաև «Գուգարք»-ի սեփականատեր Գագիկ Հովսեփյանի հետ: Հյուրանոցի դիմաց երկաթբետոնե սյուներ էին տեղադրված, որոնք փակում էին առաջին հարկի (ուր տեղակայված է համանուն ռեստորանը) մուտքն ու պատուհանները: Սա, իհարկե, առաջին հայացքից, ճարտարապետական խաթարում է, քանի որ այլևս անհնար էր դառնում ռեստորանի ելումուտը: - Մենք ժամանակակից սրճարան ենք կառուցում այստեղ, որը կունենա ամառային և ձմեռային սրահներ, կնպաստի, որ թե´ քաղաքի երիտասարդները, թե´ հյուրերը կարողանան օգտվել ժամանակակից ճարտարապետական լուծում և դիտարժան ինտերյեր ունեցող սրճարանից,- ասաց հյուրանոցի սեփականատերը և ցույց տվեց նախագծային փաստաթղթերը: Տարածքը, ուր կառուցվում է սրճարանը, պատկանում է հյուրանոցին և ոչնչով չի վնասում հրապարակին: Քաղաքապետարանում էլ ասացին, որ անհամբերությամբ սպասում են սրճարանի կառուցմանը, որպեսզի այս հատվածն էլ դառնա բանուկ ու երիտասարդները ժամանցի մի նոր վայր ունենան: Իսկ Վանաձորում, սկսած Հայքի հրապարակից մինչև Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ, երեկոյան ժամերին իսկապես ամայություն է տիրում: Խնդիրն, իհարկե, միայն այս կառույցը չէ, այլ առհասարակ մեր քաղաքներում տեղի ունեցող ճարտարապետական-քաղաքաշինական վոլյունտարիզմը, որի ավերիչ ներկայությունն արդեն մայրաքաղաք Երևանում շատերի մտահոգության առարկան է դարձել: Վանաձորը մեր այն քաղաքներից է, ուր, բարեբախտաբար, քիչ են ճարտարապետական այլանդակությունները: Սակայն այստեղ մտահոգողն այլ բան է. քաղաքի հենց կենտրոնական հատվածները վերածվել են ավերակների. Արցախ պուրակը, քաղաքային զբոսայգին իրենց անբարեկարգ տեսքով ցավի զգացում են ծնում: Էլ չենք խոսում քիմիագործների զբոսայգու մասին, ուր շատ վաղուց հատվել են ծառերը, այգին վերածվել է «հրապարակային» աղբանոցի: Շատ ավելի անմխիթար է վիճակը քաղաքային արհեստական լճերի հատվածում, ուր բարեկարգման որևէ աշխատանք չի կատարվել, չեն ստեղծվել նոր տաղավարներ, որոնք կարող էին այս հատվածը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար: Այս ամենի համար պիտի դժգոհեն վանաձորցիները, իրենք պիտի քայլեր ձեռնարկեն, որպեսզի քաղաքը, որը կարող է դառնալ զբոսաշրջության խոշոր կենտրոն և բնակիչներից շատերին դուրս բերել սոցիալական ծանր պայմաններից, նոր տեսք ստանա: Վանաձորն իրապես կարող է դառնալ առողջարանային-մշակութային խոշոր կենտրոն, որի դեպքում կլուծվեն բազմաթիվ սոցիալական հիմնահարցեր: Սակայն քաղաքի իշխանությունները կարծես չեն կամենում հանդես գալ ծրագրերով, հայտարարել մրցույթներ, Վանաձոր բերել արտերկրի ֆինանսական ներուժը, որն ունեն բազմաթիվ նախկին վանաձորցիներ: Իսկ նրանցից շատերն, իսկապես, կամենում են հարազատ քաղաքում ունենալ իրենց բիզնեսը, այստեղ ձևավորել կայուն սոցիալական պայմաններ: Մենք շատ երկար ժամանակ խոսում ենք այն մասին, որ բիզնես միջավայրի բարելավման համար անհրաժեշտ է վերանայել հարկային քաղաքականությունը, զեղչերի կիրառումը: Մինչդեռ մեզանում հակառակ կողմից են գալիս` անընդհատ խստացնելով հարկային վարչարարությունը, ինչն էլ շատերին ստիպում է հեռանալ Հայաստանից:

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ