Գյումրիում զբոսաշրջությունն անկենդան է


Գյումրիի տուրիզմի ոլորտի հիմնախնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին է խոսում «Շիրակ-տուր» զբոսաշրջային գործակալության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը: - Որպես զբոսաշրջության ոլորտի մասնագետ, ինչպե՞ս կգնահատեիք տուրիզմի զարգացման մակարդակը Հայաստանում ու մասնավորապես` Գյումրիում: - Տուրիզմը մեզանում տեղում դոփում է և եթե զարգանում էլ է, ոչ այն պատճառով, որ արվում են ներդրումներ, գործեր. այն զարգանում է շնորհիվ տուրգործակալների ու տուրիզմի ոլորտի մասնագետների: Շիրակի մարզը և Գյումրին զբոսաշրջության զարգացման ցուցանիշով հանրապետությունում վերջին տեղում են : Մենք ծրագիր չունենք. ամենացավալին դա է: Ուզո՞ւմ ենք լինել տուրիստական մարզ կամ քաղաք, դրա համար ի՞նչ է պետք անել… Մի անգամ չենք հավաքվել-քննարկել: Միայն ասում ենք` մեր առաջնային ոլորտն է: Անգամ տուրիզմի հարցերով զբաղվող նորմալ բաժիններ չունենք: Պետք է նախաձեռնեն քաղաքային իշխանություններն ու քաղաքացիները: Սակայն քաղաքային կամ մարզային տուրիզմի վարչություն չունենք. մարզ-քաղաքի խառը վիճակն էլ խանգարում է տեսնել, թե որ անելիքներն են քաղաքինը, որը` մարզինը: Ստացվում է` բաժանումը հստակ չէ… Ու կարծես` ոչ մեկինն էլ չէ: - Զբոսաշրջության զարգացման համար ինչպիսի՞ ներուժ ունի հանրապետության երկրորդ քաղաքը: - Մենք տուրիզմ զարգացնելու համար անսահման նյութ ունենք` հին պատմություն ու դեռ չբացահայտված շատ շերտեր, հետաքրքիր բնություն: Շիրակի սահմանները շատ ընդարձակ են` ներառյալ Անին` մինչև Ղարս: Կարելի է շատ բան անել նաև այդ ներուժն օգտագործելու համար: Ճիշտ է, պետականորեն հարաբերություն չկա հարևան երկրի հետ, բայց կարելի է մի փոքրիկ կամուրջ ստեղծել: Օրինակ միայն Անին. փոքրիկ մի օդանավակայան ստեղծեինք, որը երկու կողմի համար էլ օգտակար կլիներ: Ընդ որում` թուրքերի համար ավելի շահեկան, մեզ համար էլ խթան` զբոսաշրջիկների հոսքը դեպի Շիրակի մարզ ավելացնելու համար: - Այդուամենայնիվ, ովքե՞ր են Գյումրիի զբոսաշրջիկները: - Գյումրի այցելում են հիմնականում եվրոպացիներ. Ամերիկայից զբոսաշրջիկներ համարյա չկան: Ամենաակտիվ այցելուները ավստրիացիներն են, իտալացիները, գերմանացիները և ֆրանսիացիները: Հոլանդիան, Սկանդինավյան երկրները նոր են սկսում ակտիվություն ցուցաբերել: Իրանից ընդհանրապես չեն գալիս, չեն ուզում գալ ու երեկոյան հաճելի ժամանց չունենալ. Գյումրին դա չի կարող ապահովել: Եվ այլ խնդիր` Գյումրի-Երևան մայրուղու Շիրակի մարզի հատվածն ահավոր վատն է. անգամ փակ աչքերով կարելի է տարբերակել, թե որտեղից է սկսվում ճանապարհի խորդուբորդ հատվածը: - Ի՞նչ առաջնային խնդիրներ է պետք լուծել` քաղաքի զբոսաշրջության ոլորտում էական առաջընթաց արձանագրելու համար: - Տուրիզմը զարգացնելու համար պետք է նաև գիտությունը զարգացնել, իսկ գիտությամբ զբաղվող մենք այսօր ունենք ընդամենը սիրողական մակարդակի գործիչներ: Հնագիտությունը, ճարտարապետությունը ուսումնասիրելու համար լուրջ ու մեծ խմբեր են պետք: Ցավոք սրտի, տուրգործակալություններն հիմնականում Գյումրին որպես զբոսաշրջային վայր չեն դիտում: Այս քաղաքը սովորաբար որպես քարվանսարա է ծառայում` մի գիշերվա օթևան. ժամանակավորապես գալով ասենք, Վրաստանից` միայն գիշերում են: Մինչդեռ ճիշտ կլինի համախմբվել: Այս գործի հմուտ ճարտարապետներ են պետք:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ