ԹԱՏԵՐԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ԹԵՎԵՐ


Գրեթե միաժամանակ Երևանում անցկացվում են հանրապետա-կան (ես կասեի` համահայկական) 4 մշակութային փառատոն` <<Մեկ ազգ, մեկ մշակույթ>>, Երիտասարդական ներկայացումների, <<Մետաքսյա Սիմոնյան-80>> և <<Ոսկե ծիրան>>: Լավ կլիներ, իհարկե, որ փառատոների գլխավոր կազմակերպիչները, մասնավորապես ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ժամկետների առումով` այնպես պլանավորեին իրենց աշխատանքները, որ հնարավոր լիներ ամբողջացնել, համակարգել մեկ զանգվածային` համաժողովրդականի միտում ունեցող, միջոցառումից ստացած տպավորությունները մինչև մյուսի մեջ ներգրավվելը: Այդ դեպքում միայն կարելի կլիներ ըստ արժանվույն գնահատել դրանց դերն ու նշանակությունը մեր մշակութային դաշտի բարձրարվեստ ու նպատակասլաց աշխուժացման տեսակետից: Եվ մշակութային տարերային խանդավառությունը կվերափոխվեր շարունակական տոնական հրավառության` իր հոգևոր-բարոյական լիցքերով օգնելով մեզ համեմատաբար դյուրությամբ հաղթահարել դեպի կենցաղային ճահիճը գլորող հոգսաշատ առօրեական լարվածությունը: Ինչևէ: Կարծում եմ, որ առանձնահատուկ ուշադրության են արժանի թատերական փառատոները, քանի որ առանց ավելորդ ճիգի, հավաստեցին, թե վաղ է դամբանական կարդալ հնամենի հայ թատրոնի թվացյալ ավերակների վրա: Արդի հայ թատրոնը, ինչպես յուրաքանչյուր երկարակյաց կենդանի օրգանիզմ, երիտասարդական արյամբ ու ավյունով թարմանալու, առույգանալու օրինաչափ անհրաժեշտություն է զգում: Որպես երկար սպասված առաջին ներարկում կարելի է գնահատել վերջերս անցկացված Երիտասարդական թատերական փառատոն-ստուգատեսը: Ցավոք նրանում ընդգրկված էին ոչ բոլոր շնորհալի երիտասարդ ստեղծագոր ծողները: Կազմակերպիչները` ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Թատերական գործիչների միությունը, նպատակադրվել էին ի հայտ բերել նոր անուններ: Հուսադրող էր առաջին իսկ ներկայացումը` Վահե Քաչայի <<Գիշատիչների խնջույքը>>` Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ, որում դերասանական աբրահամյանական ունակությունների գենետիկ որոշ դրսևորումներով աչքի ընկավ հանճարեղ արտիստի թոռը` Խորեն Լևոնյանը (Տիմակով): Գեղարվեստական արձակին թատրոնական կենսաթրթիռ մարմնավորում հաղորդելու բեմադրական կարողություններով հիացրեց նաև Վահան Բադալյանը: Գոգոլի <<Խելագարի հիշատակարանի>> նրա մեկնաբանությունը անակնկալ էր իր գեղագիտությամբ, տեխնիկական ու կերպավորման նորահայտ լուծումներով: Փոքր թատրոնում այս տաղանդավոր երիտասարդի նոր աշխատանքը տեսնելով` մտածում ես, որ ժամանակն է նրան մեծ բեմ դուրս բերելու: Երկիր մոլորակի վրա կյանքի երկունքի մասին իր մտորումներով, քնարական շնչով ու պլաստիկ լուծումներով հանդիսատեսին հրապուրեց Համլետ Չոբանյանի <<Մագաղաթ>> միմոդրաման, որի մանրակրկիտ մտածված ձևավորումը վկայում է Լիլիթ Ստեփանյանի բեմանկարչա կան ուշագրավ մտածողության մասին: Բեմադրական չկաղապարված, ինքնատիպ մտածողության կնիքն էին կրում Ամալյա Խրիմյանի <<Դռնփակը>> (Ժ.-Պ. Սարտր) և Նարինե Գրիգորյանի <<Աչքերի որսը>> (Գևորգ Կարապետյանի <<Գլխատված դար>> բանաստեղծությունների ժողովածուի ներշնչանքով արված): Վերջինս աբսուրդի և մնջախաղի խորհրդանշական փոքր-ինչ անհարթ սինթեզով կառուցված ներկայացում էր, որին խորիմաստ բանաստեղծական ոգի հաղորդեցին Զարուհի Անտոնյանի և Կարեն Խաչատրյանի մնջախաղային <<դիալոգները>>: Մարինե Գրիգորյանը հանդես եկավ նաև Սաթենիկ Խաչատրյանի <<Շան աղջիկ>> (Ա. Հերնիի <<Սիլվիա>> պիեսի վերնագիրն, ինչ խոսք, անհաջող էր փոփոխվել) բեմադրության ներկայացման մեջ` Սիլվիայի դերակատարմամբ հավաստելով ստեղծագործական իր բազմակողմանի հետաքրքրությունների և անժխտելի կարողություննե րի մասին: Երիտասարդական փառատոնը նաև յուրատեսակ դերասանական բորսա դարձավ: Առանձին դերակատարումներ դաջվեցին հանդիսատե սի մտապատկերում իրենց վարակիչ հուզականությամբ (Սիրանուշ Եսայանի օրիորդ Անիչկան` Ա. Պետրոսյանի <<Ես մի ծառ եմ ծիրանի>> վիպակի շահվերդյանական բեմադրության մեջ), պատանեկան անմիջականությամբ (Գրիգորի Հակոբյանի արքայազն Մամաբուկը` Ա. Դուդարևի քաղաքական պամֆլետ հիշեցնող համանուն պիեսի` ՊՀԹ դերասան Իշխան Ղարիբյանի ռեժիսորական դեբյուտում), կյանքային նախատիպերի լակոնիկ համոզչականությամբ (Զարուհի Խաչատրյանի Լենան և Վարդան Մկրտչյանի Ֆեոդորը` Վ. Ռոզովի <<Երջանկություն որոնելիս>> պիեսի, ըստ բեմադրիչ Վանուհի Ղազարյանի, կենցաղային մակարդակով արված ներկայացման մեջ), տրագիկոմիկական խաղաոճի ճկունությամբ (Մխիթար Մելքոնյանի կերպարանափոխությունները` Գառնիկ Սեյպանյանի կողմից զարմանալիորեն ներդաշնակ համատեղված ֆրանսիական կատակերգությունների հիման վրա արված <<Միայն ֆարս>>-ում)... Արտիստական վառ անհատականության լուրջ հայտ էր Լիլի Էլբակյանի Ալդոնսա-Դուլսինեան (Սերվանտես, <<Մարդը Լամանչից>>)` կերպարային անսխալ զգացողությամբ, ներգործուն հոգեբանական անցումներով: Տարբեր իրադրություններին համարժեք բեմական վարքագծով, խոսուն դիմախաղով Պ. Շենոյի <<Դուք ողջ լինեք>> ներկայացման (Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոն) գլխավոր շարժիչ ուժը դարձավ Լևոն Չիդիլյանը (Լյուդովիկ): Ներկայացումից ներկայացում ամրապնդվեց հույսը, որ արդի հայ թատրոնների դերասանախմբերը ռեալ հնարավորություն ունեն համալրվելու խոստումնալից երիտասարդներով, որոնց գոյության մասին թատերասեր հասարակայնությունը մինչև այս փառատոնը մոտավոր պատկերացում ուներ միայն: Գուցե պետք չէր ժամանակից առաջ ընկնելով գերագնահատել կամ թերագնահատել մեր թատերական աշխարհի նորամուտ <<շինարարներին>>` դերասան-դերասանուհիներին, բեմադրիչներին, բեմանկարիչներին: Երբ նկատում ես, որ նրանցից շատերը որոշակիորեն տիրապետում են իրենց մասնագիտության <<այբուբենին>>, դրսևորում են բնատուր ունակություններ, ինչպե̉ս զսպես բարեգութ վերաբերմունքդ: Չէ̉ որ թռիչքի հարկավոր բարձրությանը հասնելու համար նրանց թևեր են պետք, նաև` մասնագիտական հարուստ կենսափորձ ունեցող հոգատար և ուշիմ, այո, ուշիմ, ուղեկիցներ: Ուրեմն, հաջող նավարկություն թատրոնի մոգական օվկիանոսում դեպի ինքնահաստատ ման բարեհուսո հրվանդան, մեր ժամանակների աճեմյաններ, սիրանույշներ, ֆրունզիկներ...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ