ԽՈՍՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԸ


Մերուժան Հովհաննիսյանը ծնվել է Շիրակի մարզի Արևշատ գյուղում: 1980-82 թթ. ծառայել է սովետական բանակում, իրեն դրսևորելով որպես խիզախ զինվոր: Արժանացել է պարգևների, որոնցից են` <<1992-94 թթ. մարտական գործողությունների մասնակից>> կրծքանշանը, <<Սովետական միության զինվորական ուժերի 70-ամյակի>> և <<Զինվորական-ինտերնացիոնալիստին` Աֆղանստանի շնորհակալ ժողովրդից>> մեդալներով: - Ինչպե̉ս պատահեց, որ զինվորագրվեցիք արցախյան ազգային-ազատագրական պայքարին: - Ամեն հայի պարտքն է` լինել իր հայրենիքի նվիրյալ զինվորը: Չնայած իմ ծնողները հողագործ մարդիկ էին, բայց ինձ դաստիարակել են հայրենասիրության ոգով: Հիշում եմ, փոքր հասակից սիրում էի կարդալ մեր անվանի արձակագիրների ստեղծագործությունները, ուր հայրենիքի համար կռվելն ու մեռնելը հավասարազոր էր անմահության: Սակայն ես որոշեցի հաղթելով ապրել: Ճիշտ է, ես արցախցի չեմ, բայց կարդացել եմ և գիտեմ, որ այն իմ Հայաստան աշխարհից անգթորեն որբացած հողն է: Այդ պատճառով էլ չէի կարող անտարբեր լինել և կամավոր զինվորագրվեցի ու մեկնեցի Արցախ: Զինվորական ծառայության եմ եղել Աֆղանստանում, ունեի որոշակի փորձ, որն էլ փոխանցում էի կռվող տղաներին: Մարտակերտից մինչև Թալիշ մասնակցել եմ ռազմական գործողությունների: Չորս անգամ ծանր վիրավորվել եմ, սակայն միշտ վերադարձել եմ ռազմաճակատ: Շարունակել իմ կռիվը ազերիներից ազատագրելու այն հողը, որ դարեր շարունակ մայր հայրենիքի կողքին, բայց աչքը թաց սպասել էր, հուսացել, որ մի օր ազատ շունչ է քաշելու: Ես հավատում էի, որ հաղթանակը մերն է լինելու: Ճիշտ է, այդ հաղթանակի գինը մեր արյան գույնն ունի, բայց Արցախ աշխարհը նվաճեց իր ճակատագրի տնօրենը լինելու ուրախությունը: Եվ երբ հեռուստատեսությամբ տեսնում եմ, որ այնտեղ ճանապարհներ են կառուցվում, հավատում եմ, որ մի օր այդ նույն ճանապարհներով հայրենիք կվերադառնան արցախցիները, որոնք ստիպված են եղել հեռանալու իրենց տներից, հույս ունենալով, որ կվերադառնան Արցախ աշխարհը: - Ի̉նչ դեպք կարող եք պատմել կռիվներից: - Շրջապատման մեջ ընկանք: Մեր գնդացրորդը վիրավորվեց: Ես սկսեցի կրակել և’ իմ ավտոմատով և’ նրա գնդացիրով: Մեր ուժերը անհավասար էին, ունեինք վիրավորներ: Ազերիների շրջապատման օղակը կամաց-կամաց ձգտում էր թուլացնել մեր դիմադրությունը: Սակայն բոլորս գիտակցում էինք, որ հարկավոր էր կռվել և դիմանալ մինչև մեզ օգնության կգային թիկունքից: Հարկավոր էր ամեն գնով ետ մղել թշնամուն և ժամանակ շահել, մինչև լուսաբաց: Հոգնել էինք և’ մենք, և’ հակառակորդը: Նրանք դադարեցրին կրակելը, մենք` էլ: Տղաներին հանգստանալ էր պետք, ինձ` նույնպես, սակայն որոշեցի հսկել ընկերներիս քունը: Բարձրացա ծառը, ինքս ինձ կապեցի ծառի ճյուղերից, որպեսզի հանկարծ վայր չընկնեմ: Ծարավը և ծխելու ցանկությունը շուտով սկսեց տանջել ինձ: Սակայն չէի կարող ոչ’ շարժվել, ո’չ ծխել: Շուրջս խավար էր: Եվ թշնամու սնայպերը խավարում իմ շարժումից և ծխախոտի ծխից կիմանար թաքստոցիս տեղը: Ակամա կմատնեի ինքս ինձ և չէի կարողանա հակառակորդի վրա կրակել: Գիշերն անցավ առանց կրակոցի և լույսը դեռ չբացված մեզ օգնության եկած տղաների հետ շարունակեցինք կռվել և դուրս եկանք շրջապատումից: Ադրբեջանը փորձում է պրովոկացիոն գործողություններ կատարել, բայց նա մինչև հիմա չի հասկացել, որ հայոց ոգին անպարտ է, որովհետև մեր հայ զինվորը իր հողը ազատագրողի կերպարի մեջ է և այդ է պատճառը, որ նա բարոյապես անպարտելի է: - Արցախյան հերոսամարտում ձեզ համար կա̉ր մի այնպիսի անհատականություն, որ լիներ խիզախության խորհրդանիշ: - Այո’, այդ մարդն ինձ համար գեներալ Մանվել Գրիգորյանն էր: 1992-94 թվականների թեժ կռիվների լարված և դժվար տարիներին նաև Մանվել Գրիգորյանի ու նրա ջոկատի տղաների ուսերին իջավ ռազմաճակատի ծանր դժվարությունները: Մեր գեներալը ցուցաբերեց կազմակերպչական իմաստություն ո’չ միայն ռազմական գործողությունների մեջ, այլև իր անձնական օրինակով հայրենասիրության դասեր տվեց յուրաքանչյուր զինվորիս: Մեր բանակը պետք է հպարտանա, որ իր շարքերում ունի Արցախի հերոս, <<Ոսկե արծիվ>> շքանշանի ասպետ ու բազմաթիվ շքանշանների ու պարգևների արժանացած Մանվել Գրիգորյանի նման անհատականություն, որն արցախյան հերոսամարտից մինչև այսօր նվիրված է իր հայրենիքի պաշտպանության գործին, Հայոց բանակի զորացմանը:

ԼԻԼԻԹ