<<Չեմ բացառում նույնիսկ դաշինք կազմելու տարբերակը


ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների առաջատարը ՀՀԿ-ն է լինելու: Մ. Մինասյանի կարծիքով` դրա բոլոր նախադրյալները կան, և Հանրապետականների առաջիկա համագումարն էլ փաստելու է, որ անգամ քաղաքական դաշտի ամառային պասիվության պայմաններում ՀՀԿ-ն ասելիք ու անելիք շատ ունի: - <<Ժողպատգամավորը>> մշտապես առանձնացել է կայունությամբ, սակայն դատելով Ձեր որոշ գործընկերների հայտարարություններից` նշված կայունությունը կարծեք թե սկսել է սասանվել: - Նախ և առաջ` ամեն ինչ պետք է դիտարկել այն կոնտեքստում, որ գոյություն ունի: Մենք 2006-ի կենտրոնում ենք, այսինքն` նախընտրական տարվա երկրորդ հատվածը սկսվում է: Պիտի ընդունել, որ այս շրջանը իր գործելակերպն է թելադրում և հարցադրումներն անում, և յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ գործիչ իր դիրքորոշումն է փորձում ճշտել: Ինչ վերաբերում է նրան, որ <<Ժողպատգամավոր>> խմբից երկու ընկեր անդամագրվել են <<Միավորում հանուն Հայաստանի>> կուսակցությանը, դա էլ եմ ես բնական համարում, և ժամանակին խմբի որոշ պատգամավորներ նույնպես աջակցել են այդ կուսակցությանը: Իսկ եթե խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն էլ չի բացառում իր անդամակցությունը ՀՀԿ-ին, դա էլ եմ նորմալ համարում: Մենք շարունակաբար ձգտել ենք քաղաքական կյանքի կայունությունը ապահովել, և այս առումով նոր քաղաքական մեծամասնության ձևավորումը, նրա ստանձնելիք պատասխանատվությունն ու երկրի ղեկավարման առաջիկա մի քանի տարիների ծրագրերը մեզ համար չափազանց կարևոր են: - Քաղաքական մեծամասնություն ասելով` ո̉ւմ նկատի ունեք: - Ենթադրվում է, որ այսօր քաղաքական մեծամասնության ակունքում և կենտրոնում կարող է լինել Հանրապետական կուսակցությունը: -Իսկ արդյո̉ք <<Բարգավաճ Հայաստանի>> արագ ստեղծումն ու աճը նպատակ չուներ հավասարակշռությունը խախտելու: - Անկեղծ ասած` ես այդպիսի խնդիր չեմ տեսնում, որովհետև յուրաքանչյուրն իր գործունեության դաշտն ունի, իր էլեկտորատն ունի և իր մեթոդներն ու ձևերն ունի: Այնպես որ` մեկը մյուսին չեն հակասելու ու չեն հակադրվելու, և յուրաքանչյուրն իր գործն է անելու: Ապագայում չեմ բացառում նույնիսկ դաշինք կազմելու տարբերակը կամ էլ խորհրդարանական նոր կոալիցիան: Եթե քաղաքական նման պասիվության պայմաններում Հանրապետականն առաջիկայում համագումար է հրավիրել, ուրեմն ասելիք կա, և պետք է նախանշվեն այն ծրագրերը, որոնցով պետք է կուսակցությունը մասնակցի խորհրդարանական ընտրություններին: - Ձեր փորձառությունը հավանաբար հնարավորություն կտա նաև կանխատեսումներ անել: Ի̉նչ եք կարծում, քաղաքական ուժերի դասավորության ինչպիսի̉ պատկեր կունենանք խորհրդարանական ընտրությունների արդյունքում: - Կանխատեսումներ անելն այնքան էլ հաճելի չէ, քանի որ դրանք երբեմն կատարվում են, երբեմն չեն կատարվում: Իսկ, այսուհանդերձ, քաղաքական դաշտը նույնպես ունի օրինաչափություններ, և այստեղ էլ որևէ բան հենց այնպես չի լինում: Մի կուսակցություն, որը տասնամյակների պատմություն և որոշակի դերակատարություն ունի, վերջին երկու տասնամյակների ընթացքում չի կարող մեծ հեղինակություն և նույնքան էլ մեծ ընտրազանգված չունենալ: Առաջատարը ընտրություններում, կարծում եմ, ՀՀԿ-ն կլինի: Միաժամանակ ենթադրում եմ, որ հաջորդ Ազգային ժողովն ավելի բազմակուսակցական կլինի: - Անցնող տարիներին Դուք ԱԺ ակտիվ պատգամավորներից էիք, և Ձեզ համար ավելի հեշտ կլինի լիազորություններն սպառող օրենսդիրի գործունեությունը գնահատել: - Նման առաքելություն չեմ ուզում ստանձնել, բայց գտնում եմ, որ ԱԺ-ն ակտիվ է եղել: Ծրագրավորված է աշխատել օրենսդիրը և մինչև նոր ընտրություններ նույնպես հսկայածավալ գործ ունի անելու: 60 օրենսդրական նախաձեռնություն կա, որոնք առաջիկայում պետք է քննարկվեն: Դա հաջորդ խորհրդարանին հնարավորություն կտա ավելի հեշտությամբ իրագործել իր բոլոր գործառույթներն ու ծրագրերը:

Դավիթ ՎԱՆԵՍՅԱՆ