Կարևորը` <<թիկունքի>> ամրությունն է


Ենթադրվում է, որ ԱԺ ընտրություններ <<խաղում>> եզրափակիչ են դուրս գալու ՀՀԿ-ն և <<ԲՀ>>-ն: Հանդիպման ելքը կախված կլինի ոչ այնքան հարձակողական գործողություններից, որքան ամուր պաշտպանությունից: Իսկ ով կարող է ավելի լավ պաշտպանել, քան Պաշտպանության նախարարը: <<Ամենաթանկ արժեքը ժողովրդավարությունն է>> Աշխատասիրությունն ամենայն հաջողության երաշխիք է, հատկապես, երբ օրենսդրական գործունեությամբ և ազգանպաստ ծրագրերով ես կոչված նպաստելու երկրի կայացմանը: Այս սկզբունքը կենսակերպ է ԱԺ պատգամավոր Մուրադ ԳՈՒԼՈՅԱՆԻ համար: Ով սեփական փորձով վաղուց է համոզվել` լոկ խոսքերով գործին չես օգնի: Այդ կարգախոսով էլ միշտ ընդառաջում է իր օգնության կարիքն ունեցողներին: Մշտապես ուշադրության կենտրոնում է պահում զոհված ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքներին: - ՄԵզ համար հայրենասիրության չափանիշ են Արցախյան գոյամարտի հերոսները, և մենք պարտական ենք նրանց` այսօրվա խաղաղության, հաղթանակի բերկրանքի համար,- ասում է պատգամավորը: Օրենսդիրը հեռանկարային է համարում Սահմանադրության բարեփոխված տարբերակը: Ի մասնավորի` մահապատժի վերացումն ու երկքաղաքացիության հնարավորության ընձեռումը: - Բարձրագոչ խոսքեր ենք ասում Սփյուռքի մասին, մինչդեռ վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի սփյուռքահայերը տիրոջ սրտացավություն զգան Հայրենիքի հանդեպ և պատասխանատվությամբ համակվեն: Հիրավի, վստահությունը գեղեցկախոսությամբ չեն վաստակում: Ժողովուրդը գործին է վստահում, և իր հոգսը կիսողին հավատ ընծայում: Ու թեև բազում են խնդիրները, այդուհանդերձ, մեր ապագայի հանդեպ լավատեսորեն է համակված իր երկիրն անկեղծորեն սիրող Մուրադ Գուլոյան քաղաքացին: - Կգա ժամանակ, երբ հոգսաթափ կտեսնենք մեր ժողովրդին: Հայ մարդը ոգեղեն կամքի տեր է, և եթե պատահում է` դժվարությունների բովում աղավաղվում է նրա դիմագիծը, իրեն բնորոշ լավատեսությամբ կրկին հայացքն ուղղում է լուսավոր գալիքին: Չէ̉ որ դժվարություն ներն ի վերջո հաղթահարելի են` եթե կամքն ու սեփական ուժերիդ հանդեպ հավատն ես ընտրում քեզ ուղեկից: Պարզապես փոքր-ինչ համբերությամբ պետք է զինվել և միաբանվելով` համատեղել ջանքերը: Եվ իհարկե, իրավունքներից զատ, օրինավոր լինելու պարտավորվածություն ունենալ, - համոզված է Մ. Գուլոյանը: Առհավատչյան` աշխատանքային կենսագրությունը, որի յուրաքանչյուր էջը ինքնադրսևորման լավագույն օրինակ է: Իր և մտերիմների հանդեպ խստապահանջ, ձեռքբերումներով չգոհացող, նեղյալին կարեկցելու և աջակցելու պատրաստակամությամբ` ժողովրդի ընտրյալը մշտապես ժողովրդի հետ է, նրա կողքին: Մուրադ Գուլոյանին շրջապատում ամենքը գիտեն իբրև գործունյա, բարեխիղճ և սկզբունքային մարդ: Մարդ, ում կյանքի անդավաճան ուղեկիցներն են անկեղծությունն ու շիտակությունը և այդ հավատամքով էլ անընդունելի է համարում սուտն ու կեղծիքը: ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամը խիստ կարևորելով ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը միտված օրենքները, միաժամանակ փաստում է. - Չկան, չպետք է լինեն անկարևոր օրենքներ: Ցավոք, շատերն այսօր դժգոհում են օրենքների անկատարությունից, բայց կարծում եմ, որ գրեթե բոլոր օրենքներն էլ լավն են` հատկապես վերջին տարիներին ընդունվածները: Դրանք ամբողջովին համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Պարզապես առանձին չինովնիկներ երբեմն ի չարն են գործադրում, կամ սեփական շահի տեսանկյունով են մեկնաբանում օրենքի այս կամ այն պահանջը: Արդյունքում ձևավորվում է թյուր տպավորություն` հարուցելով քաղաքացիների դժգոհությունը: Ուստի մենք օրենսդիրներս` պետք է հետևողական լինենք, ուշադիր` օրենսդրական ձևակերպումներին, որպեսզի հնարավոր չլինի երկակի չափանիշներով, տարընթերցումներով դրանք ի չարը գործադրել: Այդ առումով էլ անչափ կարևոր է ժողովրդաիշխանության խորացումը մեր երկրում: Իսկ որ այն արդեն կայացման ճանապարհին է` միանշանակ է: Արդեն ժամանակն է` հիրավի ժողովրդաշահ գործերով մեր հայրենակիցներին վերադարձնել հավատը ապագայի, և վստահությունը` իշխանությունների հանդեպ: Այդժամ, թերևս, առանց վերապահումների կփաստենք, որ ամենաթանկ արժեքն է ժողովրդավարությունը և մեր ամենամեծ նվաճումն է այն...

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ