ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ


Որքան էլ անհեթեթ լինի, ճշմարտության ու ստի սահմանագիծը մեր ժամանակներում նույնանալու չափ մոտեցել է, և պատկերացրե’ք` երբեմն ու նույնիսկ հաճախ <<ամենաձեռնտուն>> ճշմարտությունն է` բացարձակ ճշմարտությունը: Ահավասիկ, դեռ մի քանի ամիս առաջ հայրենի Արդարադատության նախարարը` իբրև <<մոդային>> հետևող պաշտոնյա, հայտարարեց, թե մի կուսակցություն էլ ինքն է ուզում ստեղծել: Այս հայտարարությունը մեծ աղմուկ, ինչպես հիշում եք (կամ ավելի հավանական է, որ չեք էլ հիշում) չբարձրացրեց, և ավելի ուշ էլ արդարադատ նախարարը հասկացրեց, թե... փոշմանել է: Այս էքսպերիմենտի նպատակն, իհարկե, հանրության նյարդերի փորձարկումը չէր, այլ եկեք հավատանք` իրատեսությունը, ճշմարտակերպ երևալու ձգտումը, որն ինչպես ավելի ուշ պարզվեց, եզրափակվեց քաղաքականացվելուց հեռու մնալու գովելի վերջաբանով: Թեման էլ, ինչ խոսք, փակված ու <<սպառված>> էր մինչև նախորդ շաբաթ տեղի ունեցած խորհրդարանական արտահերթը, երբ պարզվեց, որ նախարարն էլի է փոշմանել: Դավիթ Հարությունյանի` կուսակցություն ստեղծելու և կամ ամեն գնով քաղաքականանալու ծրագրերին, ուզենք թե չուզենք, սառնասրտո րեն պետք է վերաբերվենք: Ի վերջո, դա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, առավել ևս` պաշտոնյայի իրավունքն է, և, ինչպես փորձն է ցույց տալիս, հանրության առողջության համար այնքան էլ վտանգավոր չէ: Ոչ վաղ անցյալում համանման մի բան էլ Անդրանիկ Մանուկյանն ստեղծեց, և արդեն քանի տարի` նրա <<Համերաշխությունը>> ոչ միայն քաղաքական դաշտի մատույցներում էլ համերաշխվելու տեղ է փնտրում ու գոյատևում, այլ համեստորեն անգամ իր մասին հիշելու առիթներ չի տալիս: Բայց քանի որ առիթը ներկայացել է, թույլ տվեք հարցնել` կա̉ նման քաղաքական ուժ, թե̉ ոչ: Պատասխանի իրավունքը թողնելով ընթերցողին` մեր լավատեսությունը բացատրենք նրանով, որ այս մի նախարարի նախաձեռնությունն էլ ըստ ամենայնի ոչնչով չի առանձնանա լու: Հենց դրա համար էլ հանուն ճշմարտության և ճշմարտությունը ստից առանձնացնելու մեր առաքելությանը հավատարիմ մնալով` նշենք, որ մենք էլ ենք այն կարծիքին, թե քաղաքական նորաձևությունը մի բան է, լուրջ քաղաքականությունը` բոլորովին այլ բան: Նորաձև լինելն, անկասկած, գնահատելի հատկանիշ է, սակայն միայն հանուն դրա, թերևս, չարժե կուսակցություն ստեղծել: Դժվար չէ, բայց, համենայն դեպս, աշխատատար է: Իսկ բացի այդ, նյութական միջոցներ են ծախսվում, ծրագիր ու գաղափարախոսություն պետք է նմանակել, կուսակցությունը գրանցել, օֆ-ֆֆֆֆֆֆիսագրասենյակային իմիտացիա ստեղծել... և այսպես շարունակ: Խելոք մարդիկ սովորաբար խորհուրդ են տալիս` դասեր քաղել ուրիշների փորձից, ինչը, սակայն, այս պարագայում և բարեբախտա բար` հուսահատեցնող է: Հայաստանում քաղաքական ուժերը հաշվվում են տասնյակներով: Իսկ պայմանական այդ տասնամյակները ցանկացած պահի, ցանկացած առիթով բազմապատկելն ու բյուրապատկելն արդեն <<տեխնիկայի գործ>> է: