ԲՈՒՀԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԿՓՈԽՎԻ


 

Կրթության և գիտության նախարարությունն առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացնի բուհերից մեկի կարգավիճակի փոփոխման հարցը: Դեռևս չի հրապարակվում կոնկրետ բուհի անուն, սակայն չի բացառվում, որ այն լինի Երևանի պետական համալսարանը: Ըստ առաջարկության, բուհը ՊՈԱԿ-ից վերածվելու է հիմնադրամի:

Այս առաջարկությունն ուշագրավ է դառնում նրանով, որ տարիներ շարունակ քննարկվող ՊՈԱԿ-ների անարդյունավետության հարցը վերջապես սկսել է մտահոգել նաև Կրթության և գիտության նախարարությանը: Ինչպես բուհերի, այնպես էլ արվեստի օջախների դեպքում շատ են բողոքել, որ ՊՈԱԿ-ի կանոնադրությունը չի բխում այդ կառույցների շահերից, որ ՊՈԱԿ-ը ցանկացած կառույցի զրկում է իր ուղղվածությունից և մասնագիտական գործունեության առանձնահատկություններից: Հիմա, ինչպես տեսնում ենք, վերջապես մի նախարարությունում հասկացել են, որ օրենքները պարան չեն, որից պետք է կախվել, այլ կարելի է դիմել փոփոխությունների` երբեք չթաքնվելով օրենքների հետևում:

Հուսանք, որ շուտով կվերանայվեն նաև թատրոնների կարգավիճակները, որոնք վերջին տարիներին լուրջ վնասներ են կրել լոկ այն պատճառով, որ հայտնվել են ՊՈԱԿ-ի շրջանակներում: