ԿԴԻՄԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈԻՅՑՆԵՐԻՆ


 

ԼՂ Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովներն ու խմբակցությունները հանդես են եկել քաղաքական նախաձեռնությամբ, որը կարող է որոշակիորեն փոխել Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղեգիծը:

Հատկապես վերջին օրերին Հայաստանի և Ղարաբաղի սահմանների անձեռնմխելիությանն ուղղված դիվերսիոն գործողությունները, հրադադարի խախտման հազարավոր դեպքերն այլևս ի զորու չեն դարձնում ԼՂՀ-ին` սպասել առաջարկվող ձևաչափերին և այն բանաձևերին, որոնք ընդունվել են տարբեր հանդիպումների ժամանակ: ԼՂՀ ԱԺ-ն մտադիր է դիմել եվրոպական կառույցներին և ԱՄՆ-ին` ճանաչելու պետության անկախությունն ու ինքնիշխանությունը և վերջ դնելու ադրբեջանական ագրեսիային:

Այս նոր քաղաքական քայլը, ըստ փորձագետների, այն լուրջ նախադրյալն է, որը կստիպի միջազգային կառույցներին և ԵԱՀԿ համանախագահող երկրներին` հաշվի նստելու Ղարաբաղի հետ, հարգելու նրա ինքնորոշման իրավունքն ու քայլեր ձեռնարկելու` ադրբեջանական ապակառուցողականությունը կանխելու համար: Իհարկե, Ղարաբաղում այնքան էլ վստահ չեն, որ իրենց հայտարարությունն անմիջապես իր դրական արդյունքները կտա: Սակայն սա միջոց է, որպեսզի ԼՂՀ-ն մշակի իր հետագա քայլերն ու նաև ստիպի համանախագահող երկրներին` պաշտոնական Ստեփանակերտին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ, ճանաչելու ԼՂՀ` բանակցային կողմ լինելու իրավունքները: