Բացի շանտաժից Ադրբեջանն այլ անելիք չունի


 

Անցած շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող թեման ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղարի այցին հաջորդած` հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանական հերթական դիվերսիայի հնարավոր պատճառների և հետևանքների վերլուծություններն էին: Այդ այցի և դրա հետ ադրբեջանական դիվերսիայի ունեցած կապի մասին է զրույցը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ:

Այսօր, Ղարաբաղյան պատերազմում հրադադարի հաստատումից 18 տարի անց, կարծրացած հոգիներին ինչպե՞ս հասկացնենք, որ հայությունն այլևս երբեք չի հաշտվի Ադրբեջանին տարածքներ զիջելու մտքի հետ: Եթե կան օկուպացված տարածքներ, ապա դրանք Արցախի Շահումյանի շրջանն է ու դաշտային Ղարաբաղը, որոնք բռնակցվել էին Ադրբեջանին: Համոզվելու համար միջազգային հանրության բարձրաստիճան պաշտոնյաները թող բարի լինեն ու մի անգամ էլ աչքի անցկացնեն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Իսկ ազատագրված հայկական տարածքները վերաբնակեցվելու են, և դիրքերում հայ զինվորն իր թիկունքում զգալու է այդ ազատագրված հայկական տարածքը դրախտավայրի վերածող հայ մշակի շունչը…Դա արդեն հրամայական է…

Ամենատարբեր տեսակետներ հնչեցին Հիլարի Քլինթոնի այցի հետապնդած նպատակների և դրանց հետ այս ընթացքում Ղարաբաղյան հակամարտության զարգացումների հնարավոր կապի առնչությամբ: Հետաքրքիր է իմանալ Ձեր`պրոֆեսիոնալ քաղաքագետի կարծիքը:

- Հիլարի Քլինթոնի այցն իրականում Բալթյան երկրներ էին, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, հետո էլ` Թուրքիա ու Ռուսաստան: Կոնկրետ մեր տարածաշրջան այցն այստեղ ԱՄՆ քաղաքականության արդյունքների ամփոփում էր: Նշենք, որ Ադրբեջանն էապես տարբերվում է Վրաստանից ու Հայաստանից. այն սուլթանություն է: Ես համոզված եմ` Բաքվում Քլինթոնը լրջորեն խոսել է մարդու իրավունքների և այն ամենի մասին, ինչն այդ երկրում կապվում է ընդդիմության, խոսքի ազատության հետ: Հայաստանում և Ադրբեջանում Պետդեպի քարտուղարի զրույցի ընդհանուր թեման եղել է բանակցությունների շարունակականությունը, Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, ռազմական գործողությունների բացառումն ու դատապարտումը: Իհարկե, այն ինչը պատահեց սահմանում, կապվա´ծ է Քլինթոնի այցի հետ:

Մենք արդեն սովորել ենք, որ Ադրբեջանը յուրաքանչյուր ազդեցիկ պաշտոնյայի այցի դեպքում նման սադրանքների է դիմում` այդպիսով ցանկանալով «մեսիջ» հղել միջազգային հանրությանը, թե ինքը ոչ մի կերպ չի համակերպվի Ղարաբաղի ստատուս քվոյին: Գուցե սա՞ է Բաքվի սանձազերծած սադրանքների պատճառը, իմաստը:

Դուք ինքներդ պատասխանեցիք ձեր հարցին: Ադրբեջանի բանակը վերահսկելի է, և սահմանային միջադեպերը Բաքվից են հրահանգված: Այդ ամենի իմաստը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ պետք է տեսնել: Իսկ այսօր այդ գործընթացի շրջանակներում նախկին ԼՂԻՄ տարածքը Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին այլևս ոչ ոք լրջորեն չի խոսում` միջնորդներից ոչ մեկը, նույնիսկ ադրբեջանցիներից ոչ ոք: Հասկանալի է` Ալիևն այդ մասին բացահայտորեն չի կարող ասել ադրբեջանցի ժողովրդին: Իսկ կուլիսներում խոսվում է միայն շրջակա` ազատագրված տարածքների մասին: Բայց այստեղ նույնպես խնդիրը չի լուծվում: Որ Ղարաբաղյան հակամարտությունը քաղաքականապես անլուծելի է` բոլորն են հասկանում: Հետևապես` բանակցությունների շարունակությունը և ստատուս քվոն խաղաղության պահպանման երաշխիք են: Ադրբեջանը ցանկանում է ասել` ոչ: Բայց շանտաժի ընդամենը երկու հնարավորություն ունի` քարոզչությունը և դիվերսիաները: Պատերազմն իրատեսական հնարավորություն չէ` հաղթել հնարավոր չէ. այն հսկայական ռիսկեր է պարունակում Ադրբեջանի համար: Քարոզչությունը միջազգային ասպարեզում շատ վատ է աշխատում, չնայած`ադրբեջանցիները հսկայական միջոցներ են վատնում դրա համար: Մնում է շանտաժը: Ամբողջ միջազգային հանրությունն արդեն քանի տարի է` ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի նա հետ քաշի դիպուկահարներին: Բայց դա արդյունք չի տալիս, որովհետև Ադրբեջանն այլ գործիք չունի միջազգային հանրությանն ապացուցելու, համոզելու, որ ստատուս քվոն գոյություն չունի: Սակայն, դա էլ կարծես չի ստացվում:

- Լավ, բայց այդ ամենի` դիպուկահարներին հետ չքաշելու, անվերջ զոհեր տալու նպատակը ո՞րն է:

- Ասացի. շանտաժի այլ միջոց Ադրբեջանն այլևս չունի: Տարածքային ամբողջականության սկզբունքը պնդելն այլևս օգուտ չի տալիս. 20 տարի է` ասում են: Աշխարհում Ղարաբաղյանից բացի այլ հակամարտություններ են հայտնի, որոնք այլ սկզբունքով են լուծվել: Իսկ տվյալ դեպքում շանտաժը հարկավոր էր, որպեսզի Քլինթոնին ասեին` տեսեք, թե ինչ է կատարվում, ի՞նչ ստատուս քվոյի մասին է խոսքը, հարկավոր է ինչ-որ բան ձեռնարկել: Հարկավոր է ճնշել հայերին, որպեսզի նրանք զիջումների դիմեն:

Իսկ դա հնարավո՞ր է:

- Ոչ: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց դրա համար հարկավոր են համապատասխան գործիքներ: Կարծում եք` Միացյալ Նահանգները ամեն ինչ կթողնի և կզբաղվի հատկապես Ղարաբաղով ու այստեղ կուղարկի ամերիկյան բանա՞կը: Նրանք դա չեն անի: Ադրբեջանին էլ դիվերսիաներից բացի, ուրիշ անելու բան չի մնում: Զոհեր կլինեն, բայց Ադրբեջանում մամուլը, հասարակությունը, ընդդիմությունն այնպիսին են, որ դա էլ ռիսկային չէ: Զոհերի քանակը ոչ մի ազդեցություն չունի, շարքային ադրբեջանցին զոհերի իրական քանակի մասին ոչինչ էլ չի իմանա: Այդ զինվորների մայրերին կասեն, որ նրանց որդիները, օրինակ, դժբախտ պատահարի զոհ են գնացել` խեղդվել են գետում: Իսկ միջազգային հանրությանը կասեն` ահա թե ինչ են անում հայերը: Այնպես որ` այդ ամենն Ադրբեջանի համար ռիսկային չէ: Սրանք են Քլինթոնի այցի ընթացքում պատահած սահմանային դիվերսիաների պատճառները:

Բայց Քլինթոնի` Բաքվում գտնվելու օրերին էր, որ միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը հայտարարել էր, որ երկու շրջանների վերադարձը Ադրբեջանին կնպաստի բանակցությունների շարունակմանը: Սրա մեջ վտանգներ նույնպե՞ս չեք տեսնում:

- Տիկին Ֆրեյզերին ճանաչում եմ և մոտ 10 տարի է` կարդում եմ նրա հայտարարությունները: Իսկ երբևէ որևէ մեկը նրանից ուրիշ բան լսե՞լ է: Դե իհարկե, այդ կազմակերպության խնդիրը հենց այդ ասելն է, և ուրիշ ոչինչ: Նույն բանը նա առաջին անգամը չի ասում, ոչ էլ 10-րդ անգամ: Էլի բազմիցս կասի:

Իսկ այդ ասելու նպատա՞կը որն է:

- Հաշվի առնելով աշխարհում բազմաթիվ հանգամանքներ, աշխատում են ստիպել ադրբեջանցիներին և հայերին` հակամարտությունը որևէ կերպ լուծել: Օրինակ, տարածք` կարգավիճակի դիմաց:

- Այսինքն, զուգահեռաբար փորձեր են արվում հակամարտությանը որևէ կերպ լուծո՞ւմ գտնելու:

- Այո, ակնհայտ է, որ դա մշտապես տեղի է ունենում: Դրա մասին խոսում են Մինսկի խմբում, այդ մասին խոսում են պետությունների դեսպանները:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ