Բռնությունների զոհ է նաև բնությունը


 

Եթե հետհեղափոխական Լիբիայում քաղաքական (և ոչ միայն) քաոսը ոմանք շարունակում են բռնատիրությունից երկրի ազատագրում անվանել` դա իրենց խնդիրն է: Բայց ամերիկյան Mother nΖture Network պարբերական խմբագրական հոդվածում առկա մտահոգությունն այլ բան է ասում:

- Մուամար Քադաֆիի տապալումն առնվազն մեկ բացասական հետևանքի հանգեցրեց. անապատային մորեխների բուռն աճին:

Ակամա հիշեցինք հետհեղափոխական Հայաստանը: Ոչ թե մորեխների աննախադեպ բազմացման, այլ բնության անտերունչության առումով: Ցուրտ ու խավարի ճիրաններում տառապող մարդիկ հոշոտեցին բնությունը, բայց կացնահարվող ծառերը նաև խնամքից էին զրկված: Արժանահիշատակ Կարեն Դեմիրճյանն այդ տարիներին «Հայէլեկտրամեքենա» գործարանի տնօրենն էր: Ու երբ այցելեցինք նրան, երկրում ստեղծված համատարած բարձիթողիության պայմաններում նախ հաճելիորեն զարմացրեց գործարանի խնամված ու կանաչապատ տարածքը: Հանդիպման նախապայմանն «առանց ձայնագրիչի» անկեղծ զրույցն էր. նա դեմ էր իր հետ հարցազրույց տպագրելուն: Ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվեցի, թե ի՞նչ կարծիքի է երկրի նոր իշխանավորների մասին: Ասաց`

- Ջահել են, կսովորեն: (Նրա խոսքերը բառացի մեջբերել հնարավոր չէ, որովհետև այդպես էլ թույլ չտվեց ձայնագրել):

Բայց հանդուրժող ժպիտը հանկարծ չքացավ դեմքից ու ասաց` «Բնությունը մեղք է, ծառերն ափսոս են»:

Կարեն Սերոբիչը ծառահատումները նկատի չուներ: Պատմեց, որ ինչ-որ երկրից վերադառնալիս, սովորության համաձայն գնացել է օդաչուների խցիկ` Հայաստանը նայելու: Եվ սիրտը ցավել էր` նկատելով, որ անտառաշատ տարածքները «հիվանդացել» են. բուսականությունը, ծառերը չեն խնամվում, անհրաժեշտ բուժում չեն ստանում... Միայն երկիրը սիրող, դրա շենացման արժեքն իմացող անհատը կարող էր դա նկատել:

Լիբիայում ևս քաղաքական «տարերքն» անտեսել է բնությունը, և ոչ մեկը չի մտածում պայքարել գոնե գյուղատնտեսական բույսերի, անտառահանդերի վնասատուների դեմ: Ու ահա այդ տարածքները, ինչպես նաև հարևան աֆրիկական երկրների ցանքերը հայտնվել են ոչնչացման սպառնալիքի ներքո` մորեխների ներխուժման պատճառով: Այդ առիթով անցյալ շաբաթ ահազանգ է հնչեցրել նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):

Լիբիան ու Ալժիրը մայիսի կեսերից անապատային մորեխների ասպատակության են ենթարկվում, որովհետև լիբիա-ալժիրական սահմանում ապստամբության հետևանքով տիրող անհանգիստ վիճակը թույլ չի տալիս միջատասպան դեղորայք շաղ տալ: Մինչդեռ Քադաֆիի վարչախումբը խստորեն վերահսկել ու կանխել է մորեխների բազմացումը: Լիբիայի մասնագետները նույնիսկ օգնել են աֆրիկյան մյուս երկրներին:

- Իսկ հիմա Լիբիան ինքն օգնության կարիք ունի,- նշել է ՊԳԿ-ի ավագ մասնագետ Քեյթ Կրեսմանը:

Բնությունը միշտ պատժում է իր հետ անխնա վարվողներին, իրեն անխնամ թողնողներին: