Մեր Մոնթեն


 

Արդեն 19 գարուն հավերժ ներկայությամբ Հայաստանում է Մոնթեն: 19 տարի առաջ` հունիսի 12-ին, զոհվեց Արցախի հերոսը, հմուտ զորահրամանատարը, անկրկնելի մարդը: Արյան կանչը հեռավոր Կալիֆոռնիայից Մոնթեին տարավ Արցախ, և Արցախի համար ապրեց, արարեց, կռվեց, նահատակվեց ու անմահացավ:… Նա իր անունը դրոշմեց Արցախամարտի ամենափառահեղ էջերում ու սերունդների սրտերում: Աներևակայելիորեն լուսավոր էր Մոնթեն և լույսի նման ապրեց. վառվեց, բոցկլտաց...…

Թեև տարիներ են անցել պատերազմի հաղթական ավարտից, բայց ադրբեջանցին նույն ելուզակն է ու կրկին հանդգնում է վրդովել մեր անդորրը: Այսօր առավել, քան երբեք մեզ ոգեշնչում են մեր հերոսները, պարտավորեցնում միասնական ու զորեղ լինել: Իսկ մենք պարտավոր ենք, քանի որ Եռաբլուր ու թանկ շիրիմներ ունենք:

Երեկ Մոնթեի շիրիմին կրկին ծաղիկներ խոնարհվեցին: Իսկ հերոսի մարտական ընկերները մեր խնդրանքով պատմեցին նրա մասին:

Գնդապետ Ֆելիքս ՊՈՂՈՍՅԱՆ, նախկինում` Մարտունու պաշտպանական շրջանի, այսօր` ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի հրետանու պետ. - Ես ուրախ եմ, որ այսօր երիտասարդությունն այսքան հետաքրքրված է Մոնթե-մարդկային իդեալով, ինչն, ըստ իս, պայմանավորված է նրա բարությամբ, ազնվությամբ, մեծությամբ: Բոլոր դրական բառերն այս պահին կարող եմ հասցեագրել Մոնթեին: Իսկ ամենակարևորն այն է, որ հայը պիտի ձգտի նմանվել Մոնթեին, այդ դեպքում միայն կկարողանանք հասնել այն արդյունքին ու նպատակներին, որոնց որպես ազգ ձգտում ենք: Այնքան շատ են Մոնթեի հետ կապված հուշերը: Միգուցե շատերն են լսել, բայց կցանկանայի մի դրվագ պատմել, որը նաև ուսանելի է մեր երիտասարդության համար: Մի անգամ Հացիկ գյուղի տարածքում Մոնթեն, մասիսցի Հրայրը և ես շարժվում էինք դեպի դիրքեր: Ուզում էինք ծխել, բայց ծխախոտ չկար: Քննարկում էինք, թե որ ծխախոտն է ամենալավը: Տարբեր անուններ էինք տալիս: Հարցն ուղղեցինք նաև Մոնթեին` «Ավո´, ի՞նչ ծխախոտ լիներ, որ հաճույքով ծխեինք»: Ասաց` «Երկու հիմար կմտածեն` ինչ թույնն է ավելի լավ»:

Վահե ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ. - Մոնթեի մասին ամեն ինչ ասված է: Մարտունին ամենաթույլ, ամենաջլատված շրջանն էր` բոլոր առումներով, չնայած բնակչությունը մեծ էր: Մոնթեն դրոշակակիրն էր այն պատմական հոսանքի, որ Մարտունու շրջանի ժողովուրդը ստեղծեց: Նույն հոսանքն օրինակ Շահումյանում կամ ՀՀ հյուսիսարևելայն շրջաններում չկար: Մոնթեն Աստված չէր, նա դրոշակակիր էր… Մարտունու շրջանը դարձավ ամենահզորը: Կցանկանայի մի հուշ պատմել: Մարտունիում իմացա, որ ժողովուրդը հանգանակություն է հավաքում, որպեսզի շրջկենտրոնում Մոնթեի արձանը կանգնեցնի: Մեր շտաբի դիմաց, որ հիմա Մոնթեի անվան հիվանդանոցն է, հայր ու որդի էին կանգնած, ովքեր ինչ- որ չարաշահում էին արել, և Մոնթեն խենթի պես գոռում էր, զայրույթից պայթում էր` «Դուք ալ գող եք, ձեր երեխաներն ալ գող են»: Մոտեցա, փորձեցի հանգստացնել, ասացի` «Ավո ջան, այդպես չի, մարդիկ ուզում են քո արձանը կանգնեցնեն»: Հանգստանալու փոխարեն ավելի զայրացավ ու բորբոքվեց` «Ես չեմ ուզում իմ արձանը կառուցեն, ուզում եմ իմ գաղափարնեն իրականացնեն»: Նա արդարության մարտիկ էր և արդարության համար եկավ կռվելու:

Հովսեփ ՀԱԿՈԲՅԱՆ. - Այսքան խոսվում է, բայց ես կարծում եմ, որ Մոնթեի մասին ժողովուրդը ոչինչ չգիտի, ինչպես ժամանակին Նժդեհի ու Անդրանիկի մասին չգիտեին: Մեր կողքին էր նա, ու չէինք հասկանում, որ մի օր կկորցնենք: Մարդ, ում անվան հետ կարելի է կապել մեր հաջողությունների մի զգալի մասը: Երբ Մոնթեն նոր էր եկել Մարտունի և ասում էր` պետք է Մարտակերտը, Ֆիզուլին ու Քելբաջարը ազատագրենք, բոլորը թերահավատությամբ էին լսում նրան: Երբ փաստացի իրականացրեց և ապացուցեց, ոմանք շտապեցին իրենց վերագրել նրա արածը:

Մարտիրոս ԺԱՄԿՈՉՅԱՆ. - Մոնթեի ճանաչել եմ 1978-ից: Մենք մարտական ընկերներ ենք եղել դեռ Լիբանանյան պատերազմի և տարբեր վայրերում ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: 1981-ից մեր ճանապարհները բաժանվեցին: Ապա հանդիպեցինք այստեղ, միասին գնացինք Շահումյան, միասին հիմնեցինք մեր ջոկատը` «Հայրենասիրականը» և մեկնեցինք Մարտունի: Մոնթեի համար գերնպատակ էր` ազատագրել այդ տարածքները և ճանապարհ բացել, Մարտունին միացնել Ստեփանակերտին: Մինչև զոհվելը միշտ եղել եմ նրա կողքին: Վաղ հեռացավ մեզնից: Եվ հաղթանակը չվայելեց: Չնայած այսօր էլ նա հանգիստ չէր մնալու: Շատ ենք զգում նրա բացակայությունը: Կորուստը շատ մեծ է, բայց մեզ հետ է մեր առօրյա կյանքում: Ամեն օր ենք հիշում նրան: