ՀԱՇՏՎՈ՞ՒՄ ԵՆ


 

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Սիգարոն» ընկերությունը թեև արդեն չի գործում, բայց հնարավոր է, որ նրա գործընկեր բանկը որոշակի զիջումներ անի ու տեղական արտադրողին ոտքի կանգնելու հնարավորություն ընձեռի: Նախնական հաշվարկներով` արտադրական գործընթացի վերսկսումը կուտակված պարտքերն ու տոկոսները մարելու լավագույն շանս կարող է լինել:

Օրեր առաջ տարածված տեղեկատվության համաձայն` երևանյան բանկերից մեկը նախատեսել էր դատական կարգով բռնագանձել «Սիգարոնի» ունեցած ամբողջ գույքը` ավելի ուշ այն վաճառելու նպատակադրմամբ: Մեր աղբյուրների հավաստմամբ, բանկի սեփականատերերը որոշել են բանակցություններ սկսել «Սիգարոնի» փայատերերի հետ` առաջացած հակասությունները փոխշահավետ եղանակով լուծելու ակնկալիքով: Ասում են, թե բանկի ներկայացուցիչներին նման որոշման է մղել հանգամանքը, որ ծխախոտի հոսքագծերն իրենք հազիվ թե կարողանան վաճառել ու դրանք «Սիգարոնից» բռնագրավելու դեպքում գնորդ, միևնույն է, չեն գտնելու: Ծխախոտային ընկերության և բանկի բանակցությունների արդյունքները որոշակի փոխհամաձայնության տեսքով հավանաբար կհրապարակվեն առաջիկա օրերին: