ԼՈՒՍԻՆԵՆ` կախարդող ու հմայիչ


 

Լուսինե Զաքարյանի ծննդյան 75-ամյակը

Մի առիթով, ունկնդրելով Լուսինեին, Պարույր Սևակն ասել էր.

- Նա աստվածային լույս է բերում մեզ, պարտադրում է անընդհատ ինքնամաքրվել ու վերանալ առտնիից:

Իսկ Հովհաննես Շիրազն էլ, լսելով երգչուհուն, ասել էր.

- Հիմա եմ հասկանում, թե թուրքերն ինչու էին առաջին հերթին սրի քաշում մեր մտավորականներին: Նրանք ուզում էին մեզ զրկել Հոգու ու Ոգու ճառագումներից:

Լուսինե Զաքարյանը հենց Հոգու ու Ոգու ճառագումների վրա էր կառուցում իր կատարումները` մնալով անկրկնելի երևույթ մեր երգարվեստում: Ամերիկյան նշանավոր նկարիչ Ռոքուել Քենթը, ով 1960-ականներին այցելել էր Հայաստան, ունկնդրելով երգչուհուն, գրել է.

- Հրաշքների երկիր Հայաստանի մասին իմ պատկերացումները թերի կլինեին, եթե ես չլսեի այդ հրաշալի երգչուհուն` Լուսինե Զաքարյանին:

Լուսինե Զաքարյանի տատիկը դաշնակահարուհի էր, հայրը` սիմֆոնիկ նվագախմբի արտիստ, իսկ մայրն էլ շատ լավ դաշնամուր էր նվագում: Լուսինեն մանկուց երազում էր արտիստուհի դառնալ, ուստի իր ներքին կուտակումները նա պարպում էր դպրոցական ցերեկույթների ժամանակ` երգելով ու պարելով, բանաստեղծություններ կարդալով: Իր ծննդավայր Ախալցխայում նա արդեն մեծ ճանաչում էր ձեռք բերել, վայելում էր համաքաղաքացիների սերը: Բայց ընտանիքում լավ էին հասկանում, որ հարկավոր էր Հայաստան գալ, որպեսզի Լուսինեն հնարավորություն ունենար շարունակելու ուսումը, հասնելու իր երազանքների իրականացմանը: Եվ 1952-ին Զաքարյանների ընտանիքը եկավ Երևան: Լուսինեն ընդունվեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, ավարտեց այն գերազանցությամբ և դարձավ Կոմիտասի անվան երաժշտանոցի ուսանողուհի: Այստեղ ևս բոլորը հիացած էին նրանով. մաքրամաքուր ձայնը, հրաշալի տեմբրը հաստատում էին, որ ծնվում է մի երգչուհի, ով իր նմանը չի ունենալու հայ կատարողական արվեստում: Երաժշտանոցի դասախոսներից մեկը, ով ղեկավարում էր Էջմիածնի Մայր տաճարի երգչախումբը, լսելով Լուսինեին` նրան առաջարկեց երգել նաև Մայր Աթոռի երգչախմբում: Լուսինեն համաձայնեց, որովհետև իր էության մեջ մշտապես մղում կար դեպի եկեղեցին, դեպի շարականներն ու գանձերը: Շուրջ երկու ամիս Լուսինեն ուսումնասիրեց հոգևոր երգերը, դրանց մատուցման առանձնահատկությունները ու վերջապես կանգնեց երգչախմբում` զարմացնելով Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, ով հմայվեց նրա կատարման մաքրությամբ, հոգևոր երաժշտության հրաշալի զգացողությամբ: Հենց Վեհափառն էլ առաջարկեց Լուսինեին հանդես գալ որպես մենակատար:

Հենց երգչախմբում էլ Լուսինե Զաքարյանը ծանոթացավ Գևորգյան ճեմարանի սան Խորեն Պալյանին, ով նաև ուսուցիչ դարձավ երգչուհու համար` նրան ծանոթացնելով հոգևոր երգի մատուցման առանձնաձևերին, վոկալ յուրատիպություններին: Շուտով երգչուհին ամուսնացավ Խորեն Պալյանի հետ` մի ամբողջ կյանք ապրելով նրա հետ, մի ամբողջ կյանք զգալով հոգատար ամուսնու ներկայությունն իր կողքին: Հիվանդության դժվարին ժամանակներում Խորեն Պալյանն ամեն ինչ արեց, որպեսզի Լուսինեն կարողանար կռիվ տալ հիվանդության դեմ, բեմ դուրս գալ` հիվանդությանը հաղթահարած:

Լուսինեի ավարտական համերգը տեղի ունեցավ ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում` կազմված բարդագույն ստեղծագործություններից. Ռախմանինով, Ռիմսկի-Կորսակով, Դարգոմիժսկի, Բալակիրև, Կոմիտաս, Եկմալյան, Միրզոյան… Իսկական հաղթանակ և մեծ ճանապարհի ճշմարիտ սկիզբ… Սակայն երգչուհու մեծ ճանաչումը եկավ 1964 թվականին, երբ Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում նա մասնակցեց Կոմիտասի ծննդյան 95 ամյակին նվիրված հոբելյանական համերգին:

Անհնար էր պատկերացնել, որ հատկապես հոգևոր և միջնադարյան երգերի կատարումներով փայլող Լուսինե Զաքարյանը կարող էր զարմացնել ու հիացնել Բենջամեն Բրիտտենին, ով Լուսինեին համարեց երգերի լավագույն և ճշգրիտ կատարող: Երգչուհու երկացանկում տեղ գտան նաև Բախի, Հենդելի, Գլյուկի, Բեթհովենի, Սկարլատտիի, Կաչչինիի ստեղծագործությունները: Աշխարհի տարբեր երկրներում հանդես եկավ Լուսինե Զաքարյանը, ունեցավ մոտ 500 համերգ, 100-ից ավելի հեռուստատեսային ելույթ: Նա պատրաստեց և հայ երաժշտասերին ներկայացրեց «Ավե Մարիա» շարքը` կազմված բացառապես այս երգի մոտ 15 մեկնաբանություններից` ստեղծված տարբեր կոմպոզիտորների կողմից: Սակայն առաջին հերթին մնաց որպես հայ հոգևոր և միջնադարյան երգերի կատարող:

- Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար,- գրել է Վազգեն Առաջինը:

Լուսինե Զաքարյանը կյանքից հեռացավ 1992 թվականին: Արդեն Հայաստանում հովհարային անջատումներ էին սկսվել, շատերն այդպես էլ չիմացան նրա մահվան մասին: Նրա աճյունը ամփոփվեց Էջմիածնում, սբ Գայանե եկեղեցու բակում: Այսպես նա առավել մոտեցավ Երկնքին, որտեղ շա˜տ վաղուց հնչում էր նրա ձայնը…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ